Եղիցի Լույս. ԹՈՄԱՍ ԷԴԻՍՈՆ

Թոմաս Էդիսոնը ծնվել է 1847թ.-ի փետրվարի 11-ին: 10 տարեկանից Թոմասն արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում: Դրանց համար դրամ էր հարկավոր, և պատանին լրագրավաճառ է դառնում: Բեռնատար վագոնում նա լաբորատորիա է սարքավորում և սկսում փորձեր անել: Բայց շատ չանցած՝ լաբորատորիայում հրդեհ է բռնկվում, և վագոնն այրվում է:
Շուտով Էդիսոնն ստեղծում է Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը, սակայն, ոչ մեկին չի հետաքրքրում: Երկրորդ հայտնագործությունը բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր:
1869թ.-ին Էդիսոնն իր հայտնագործած հեռագրության սկզբունքների համար ստանում է դրամական խոշոր պարգև: Այդ գումարով նա սարքավորում է հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»:
Էդիսոնը սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր հայտնագործություն: Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկն առաջին ձայնի գրանցման և վերարտադրման սարքն էր՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877թ.-ին:
Նրա այդ հայտնագործությանն է պարտական հետագա ողջ տեսաարդյունաբերությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա և տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը: Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր նաև էլեկտրական լամպի կատարելագործմամբ:
Նա ստեղծում է արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն էր: Դրան հաջորդում է իսկական հեղափոխությունը՝ նա հայտնագործում է լամպի թելիկի համար ամենահարմար նյութը՝ վոլֆրամը:
Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերում է, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում: Նա թեև չկարողացավ բացատրել դա, սակայն մենք այժմ գիտենք, որ այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ:
Այդ երևույթն ստանում է «Էդիսոնի էֆեկտ» անունը: Այս հայտնագործության շնորհիվ ստեղծվում է էլեկտրոնային ռելեն (օգտագործվում էր մինչև տրանզիստորների և միկրոչիփերի երևան գալը) և այն, ըստ էության, դառնում է ժամանակակից ողջ էլեկտրոնիկայի հիմքը:
1882թ.-ին Էդիսոնը կառուցում է աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը: Նա մշակում է մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծում հզոր գեներատորներ: Էդիսոնը բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում: Մահացել է 1931թ.-ի հոկտեմբերի 18-ին:

Հետաքրքիր փաստեր Թոմաս Էդիսոնի մասին

Կինն արտասվելով դուրս եկավ բժշկի սենյակից՝ գրկած իր մռայլ փոքրիկին։ Բժշկի ախտորոշումը ցնցել էր նրան։ – Ցավում եմ, – ասաց բժիշկը՝ զննելով և մի քանի հարց տալով երեխային, – բայց Ձեր որդին մտավոր թերզարգացած է։ – Խորհուրդ կտամ նրան ընդհանրապես դպրոց չտանել։ Մայրն ամեն դեպքում երեխային դպրոց տարավ։ Սակայն դա շատ կարճ տևեց։ Մեկ ամիս անց ուսուցչուհին եկավ ծնողների մոտ և պատմեց. – Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է։ Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը։ Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր։

Էդիսոնի բարեկամները երկար ժամանակ զարմանում էին, թե ինչու է նրա դռնակն այդպես ծանր բացվում։ Վերջապես նրանցից մեկը հարցրեց. – Դու այնպիսի հանճար ես, որ կարող ես ամենալավ դուռը սարքել։ – Ինձ թվում է, – պատասխանեց Էդիսոնը,- որ դռնակն իրոք հանճարեղ է պատրաստված։ Այն պոմպով միացված է ներքին ջրացանցին։ Այնպես որ, ամեն անգամ, երբ դուք այն բացում եք, մոտ քսան լիտր ջուր եք լցնում ցիստեռնը։

– Ես հրաշալի գաղափար ունեմ, – ասաց մի երիտասարդ Էդիսոնին։ – Ուզում եմ հնարել ունիվերսալ լուծիչ. հեղուկ, որն ամեն ինչ կլուծի իր մեջ։ Բայց գումար չունեմ, որ իրականացնեմ այս գաղափարը։ – Ունիվերսալ լուծի՞չ, – զարմացավ Էդիսոնը, – Հետաքրքիր է, իսկ ինչի՞ մեջ եք պատրաստվում այն պահել։

Մի անգամ կինը հիշեցնում է Էդիսոնին, որ նա պետք է գնա ինչ-որ տեղ՝ հանգստանալու։ – Որտե՞ղ, – հարցնում է նա։ – Ինքդ ընտրիր, ինչ-որ հարմար տեղ։ – Ես արդեն ընտրել եմ, – ասաց Էդիսոնը, – վաղն էլ հենց կգնամ։ Հաջորդ առավոտյան կինը գտնում է նրան իր լաբորատորիայում։

Կարևոր գյուտերը

Ձայնագրիչ

Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877։ Նրա այդ գյուտին է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։

Շիկացման էլեկտրական լամպ

Թոմաս Էդիսոնի առաջին հաջողված շիկացման լամպի մոդելը։ 1879 թ., Դեկտեմբեր

Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա գտավ, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։

Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում։ Այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ, և ստացավ «Ռիչարդսոն‐Էդիսոնի երևույթ» անվանումը։

Ջերմաէլեկտրակայան

1882 թ. Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը։ Նա մշակեց մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծեց հզոր գեներատորներ։

Հեռախոսային հաղորդիչ

Առաջին գործող հեռախոսափողն Էդիսոնն ստեղծել է «Ուեսթերն Յունիոն» ընկերության պատվերով։ Ձայնի ուժեղացման համար նա հեռախոսի մեջ տեղադրեց ինդուկցիոն կոճ։ Իր այդ գյուտի համար ընկերությունն Էդիսոնին վճարեց 100 հազար դոլլար։ Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։

Ուշագրավ փաստեր

  • Էդիսոնի ստեղծած առաջին շիկացման էլեկտրական լամպը անխափան աշխատել է գինու պահեստամասերից մեկում 1890 թվականից մինչև 1926 թվական։
  • Թոմաս Էդիսոնը իր երկրորդ կնոջը սովորեցրել էր մորզեյի այբուբենը, որպեսզի կինը իր ծնողների ներկայությամբ կարողանա աննկատ ձեռքին թխկթխկացնելով ինչ-որ բան հաղորդել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով