Հայերենի առաջին ուսուցիչը․ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի գավառի Հացեկաց գյուղում: Վախճ. 440 թ. փետրվարի 17, Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող եւ հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթեւի հետ), հայ գրության, հայագիր (հայկական) դպրոցի հիմնադիր եւ հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից եւ դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաեւ Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին եւ միջնադարյան աղբյուրներ)։

Մեսրոպ Մաշտոցը կիսազնվական Վարդանի որդին էր։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396 — ին դարձել է հոգեւորական, եւ մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաեւ Սյունիում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանլելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։ Մոտ 404 — ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական եւ ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։

Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում՝ որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության: Այդ ընթացքում մտահաղացել է հայոց գիր ստեղծելու նվիրական ծրագիրը: Օտարաքաղ դանիելյան նշանագրերի փորձարկումից հետո, Սահակ Պարթև եպիսկոպոսապետի և Վռամշապուհ թագավորի սատարումով, 405-406թթ. մեջ Եդեսիայում ստեղծել է հայոց այբուբենը:

Վռամշապուհի եւ Սահակ Պարթեւի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգեւորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արեւմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, եւ թարմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։

Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի եւ հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի եւ Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արեւմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր եւ Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջեւ կաթողիկոս Սահակի եւ աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։

Մաշտոցն իր եռանդն ու իմացական հանճարը նվիրաբերել է հայրենի ժողովրդի կրթությանն ու լուսավորությանը՝ դպրոցներ հիմնելով Հայաստանի թե’ արևելյան և թե’ բյուզանդական բաժիններում: Թարգմանիչ է և հայ ազգային ինքնուրույն մատենագրության սկզբնավորողներից մեկը: Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր՝ Ապաշխարության կարգի շարականները, որոնք կատարվում են Մեծ պահքի շրջանում:

Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Թաղվել է Վահան Ամատունի իշխանին պատկանող Օշական գյուղում: Ս. Մեսրոպ եկեղեցում ամփոփված նրա շիրիմը ժողովրդական ուխտավայր է:

Մաշտոց նշանակում է սրբազան, սուրբ, ծիսական, աղոթագիրք:

Հայերեն տառերով առաջին նախադասությունը գրել է հենց Մեսրոպ Մաշտոցը՝
“Ճանաչել իմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”
(“Ճանաչել իմաստություն ու խրատ, իմանալ հանճարի խոսքերը”):

 

Պարույր Սևակ. Եվ այր մի` Մաշտոց անուն

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ,
Եվ դարե՜ր առաջ:

Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
Եվ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայկ:

Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,
Ձո՛ւկ,
Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից
Իր փորը վառած՝
Կիսաբաց բերնով
Երկընքից անջուր
Գոնե անձրևի շիթ էր պահանջում:

Լեռը ծակելով՝
Մենք նրա միջով ջուր էինք տանում
Ու շռայլ բանում
Մեր այգիների այրի արգանդին:

Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք
Ձևը վարսանդի
Եվ կոչում կարաս,
Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր,
Եվ մկըրտության այդ ջուրը դեղին
Հարբածությունից նույնիսկ առավել
Զարմանք էր ազդում այն գոռոզներին,
Որ մեզ այնուհետ
Չէին հանդըգնում կոչել «բարբարոս»:

Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝
Դառնալ դիցուհու արձան անթերի,
Եվ այդ հլությունն անձնատուր ոսկու
Անվանում էինք Մայր զգաստությանց՝ Մեծըն Անահիտ:

Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն,
Երկնամուխ կիրճին՝ բարձրություն մի նոր
Եվ… կոչում Գառնի…

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ:
Մեր արքաների և իշխանների արածի վրա չարածը դրած՝
Նրանց գործն էինք դեռ շարունակում
Լարերի վրա բամբ բամբիռների
Եվ… դա անվանում Երգ Վիպասանաց…

Արշակները մեր՝
Հայրենի հողին ոտքով շփվելով,
Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում
Եվ ըմբերանում տիրակալներին:

Մուշեղները մեր՝
Օտար զորությանն ընդդիմանալիս
Նրանց հարեմը գերի առնելով
Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝
Առնականության և վեհանձնության դաս էին տալիս,
Այնպիսի՛ մի դաս,
Որ ոսոխն անգամ անգիր էր անում…

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ:

Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,
Արփալույս էինք թելերով հինում,
Տաճարից ելնում ու թատրոն գնում,
Վայելում նաև հաճույքը վսեմ
Մեր այն պարուհի-կաքավողների,
Որոնց մարմինը նվագ էր լռած
Եվ որոնք նաև «երգեին ձեռամբ»…

Բ
Այո՛, մենք կայինք նաև Նրանից առաջ:

Սակայն աշխարհի լայնքի վրայով
Մի չտեսնըված մրրիկ էր անցել:

Հրեա մի գունատ՝
Քշված իր երկրից,
Օտարականի ու հյուրի տեսքով,
Ինքն իրեն տարավ աշխարհից աշխարհ:

Զորավոր էին աստվածները հին,
Այնքան զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկավ շաղ տալու խոստումներ օդում,
Եկավ զինավառ գեղեցիկ ստով…

Միամիտ էին աստվածները հին,
Միամիտ այնքա՛ն,
Որ ծարավն իրենց հագեցնում էին լոկ արյամբ զոհի
Եվ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով:

Իսկ եբրայեցին եկավ ասելու.
«Այս է մարմինն իմ. առեք ու կերեք:
Այս է արյունն իմ. ըմպեցեք սիրով»…

Ուղղամիտ էին աստվածները հին,
Ուղղամիտ էին՝
Պարզ դերձակի պես.
Իրենց հավատի հանդերձը նրանք
Միշտ ձևում էին ճիշտ կյանքի վրա:

Իսկ եբրայեցին եկավ կարելու
Մի համընդհանուր-կախարդիչ հանդերձ,
Որով պիտի որ հավասարվեին
Ե՛վ վտիտ ու գեր,
Ե՛վ հաստ ու բարակ…

Ճշտախոս էին աստվածները հին,
Ճշտախոս էին՝
Երեխայի պես.
Մարդկանց մարդ էին նրանք անվանում,
Իսկ իրենց՝ աստված:

Իսկ եբրայեցին ասաց. «Մարդ եմ ես»,
Եվ… դարձավ աստված՝
«Մարդ եմ» ասելով…

…Զորավոր էին աստվածները հին,
Այնքա՛ն զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի՛ ստում՝ պիտի կործանվի՜…

Գ
Եվ կործանվեցին աստվածները հին:

Մարդիկ,
Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում,
Պարտավոր էին հիմա ունենալ
Միայն մի՛ աստված,
Բոլո՜րը՝ լոկ մի՛, միայն մի՛ աստված:
Եվ չգիտեին,
Թե ո՞վ է այդ Մին
Եվ ի՞նչ է ուզում…

Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար:
Եվ խոսում էին նրանք մի լեզվով,
Որ չէ՜ր հասկացվում:

Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա,
Հասակ նետեցին
Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք՝
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ՝ սրտերի՜ մեջ,
Ապա՝ երկընքի՜…
Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում է բռնությամբ անքող…

…Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,
Իսկ ապրելն… արդեն անկարելի է:

Մարդուց խլեցին իր հավատը հին,
Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ,
Մի՛միայն խոսքով.
— Դեռ նորը չկա՜ր:

Ավերվեց հինը ու փլատակվեց,
Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ,
Մի՛միայն խոսքով.
— Դեռ նորը չկա՜ր:

Եվ այսպես՝
Հանկարծ ու դանդաղորեն
Ամե՜ն ինչ շրջվեց,
Տակն ի վեր եղավ,
Եվ կարգի բերել չէր կարող ոչ ոք.
— Ինքը շրջողն իսկ չէ՛ր կարող էլ, չէ՜:

Եվ այսպես՝
Կյանքից մնաց մի «մեղա»,
Որ պիտի նաև… բարձըր չհնչեր:
Եվ այսպես՝
Անցավ ողջ հարյո՜ւր տարի,
Որ կարճ է թվում, երբ գիրք ես կարդում,
Իսկ երբ ապրում ես և ամեն րոպե
Զգում ես մաշկի՛դ, զգում ես սրտո՛վ,
Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով՝
այնժամ…

Դ
Հենց այսպես էինք մենք ապրում այնժամ:

Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն
Լոկ անունով էր Հայաստան կոչվում:

Զոհված արջառի տաքուկ սրտի պես
Մեր հողն էր կիսված
Ու բռնի քաշված
Երկու շիկացած ու սուր շամփուրի,
Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա,
Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին:

Խորովվում էինք:
Արցունքի տեղակ
Մեր ճենճերն էին կաթում-կաթկթում,
Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել:
Սակայն ճենճերից — այդ ո՞վ չգիտի — չի՜ մարում կրակ,
Այլ բորբոքվում է մոլությամբ մի նոր:

Մե՛ր հողի վրա,
Մե՛ր երկընքի տակ
Մենք դարձել էինք օտարի գաղութ:
Նույնիսկ մեր հորը երկըրպագելու
Եվ կամ թե որդուն պագելու համար
Այլ արքունիքից պիտի խնդրեինք մի թույլտվություն,
Որ եթե հասներ՝
Պարտավոր էինք համարել շնորհ
Եվ շնորհակալ մնալ հավիտյան:

Հայաստան կոչված աշխարհը կիսված
Նստել էր արդեն
Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ անդունդն էր բացվում:
Իսկ մեր մարմնավոր տերերը բոլոր
Ունեին լոկ մի մտահոգություն,
Լոկ մի խոհ բարձըր՝
Իրենց աթո՛ռը,
Գահո՛ւյքը իրենց
Եվ իրենց բա՜րձը:

Միա՜յն չզրկվել իրենց վերադաս տիրոջ շնորհից,-
Զսպանակի պես
Այս միտքն էր նրանց վեր ու վար ճոճում:
Միա՜յն թե կառչել ու նստած մնալ
Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ վիհն էր որոճում…

Ավերակվել էր երկիրը հայոց:
Ու եթե նրա տերերը տանու
Գեթ ունենային ազնըվությունը իրենց նախորդի՝
Նրա պես պիտի մռռային նորեն.
«Ավերակացըս ո՞ւմ թագավորեմ»…

Ե
Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց:
Քաջեր մի՛շտ էլ կան,
Զե՜նք է հարկավոր:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Պետք է ասպարե՜զ,
Որ նո՛ւյնպես չկար:

Կար միայն պարի՜սպ,
Որ տարածվում էր աշխարհից աշխարհ:
Եվ կային նաև ազնիվ ճակատներ,
Որոնցով երբեք պարիսպ չե՜ս քանդի…
Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն,
Որ հարյո՜ւր տարի,
Հարյուր ձի՛գ տարի
Չէր կարողանում իր ճշտությունը կարգին հաստատել.
Մի ճշմարտությո՛ւն,
Որ ամեն վայրկյան
Կամա-ակամա հերքում էր իրեն՝
Անվերջ բացելով իր մերկությունը
Եվ իսկությունը:

Իսկ իսկությո՜ւնը…

Հիսուսը,
Որ մի հրեա էր ազնիվ,
Արդեն շա՜տ վաղուց դարձել էր իրոք
Մի բյուզանդացի խորամանկ ու նենգ.
Եվ նոր հավատի եդեմ-դրախտի պաճուճանքի տակ
Հին Բյուզանդիոնը նոր հնարներով
Իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկըրներ,
Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մեջքին,
Ա՛յն խեղճ աշխարհի,
Որ զարկի ցավից նույնիսկ տնքալու իրավունք չուներ,
Եվ տնքոցի տեղ
Դեռ «ալելո՜ւա» պիտի որոտար:

Իսկ իսկությո՜ւնը…

Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով
Ուրիշի տուն ու երկիր էր մտնում
Օտար վարք ու բարք,
Օտար ծես ու կարգ:

Իսկ իսկություն չէ՞,
Որ զորքից հետո
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝
Լեզուն է անում:

Իսկ իսկությո՜ւնը…

Նոր գաղափարը էլ գաղափար չէր,
Այլ մի կաղապար,
Մի նե՛ղ կաղապար,
Որ արդեն հարյուր տարի էր տևում.
Ո՛չ թե գաղափար,
Այլ մի կաղապար,
Որ երազն անգամ իր մեջ էր ձևում.
Ո՛չ թե գաղափար,
Այլ մի կաղապար՝
Ե՛վ մարմնի համար,
Որ շնչակտուր հևում էր, հևում,
Ե՛վ հոգու համար,
Որ վաղուց արդեն ազատ չէր թևում,
Ե՛վ լեզվի համար…

Գեթ լեզո՛ւն գործեր:
Մինչդեռ մեր լեզո՜ւն…

Զ
Իրավունք չկար երգել երգը մեր,
Որ դարեր ի վեր
Հնչել էր լեզվով մեր ոսկեղենիկ.
Ե՛վ մեն ու մենիկ՝
Սիրո խոսքերով,
Ե՛վ ուրախության տաճարների մեջ՝
Գինու հոսքերով,
Ե՛վ մեր յոթնօրյա հարսանիքներին՝
Մեր փակ բակերում,
Բաց տանիքներին:
Իրավունք չկար նաև նվագել՝
Ո՛չ վինի վրա,
Ո՛չ էլ բամբիռի:
Այս կյանքի համար հոգացի՞ր՝
Պիղծ ես,
Ե՛վ անօրեն ես,
Ե՛վ բանադրված:
«Ամե՜ն ինչ արա հանուն ա՛յն կյանքի,
Որ քեզնից հետո, հետո է գալու»…

Թատրո՞ն ես գնում՝
Ուրեմըն պիղծ ես,
Կեր ու խո՞ւմ անում՝
Ուրեմըն պիղծ ես:

Պարի՞ նայեցիր
Եվ կամ պարեցի՞ր՝
Ուրեմըն պիղծ ես:
Սիրասթա՞փ եղար,
Նոր սե՞ր արեցիր՝
Ուրեմըն պիղծ ես:
Այս կյանքի համար գեթ մի՞տք արեցիր՝
Ուրեմըն պիղծ ես:
«Ամե՜ն ինչ արա ա՛յն կյանքի համար,
Որ քեզնից հետո, հետո է գալու»…

Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո
Իրավունք չկար մինչևիսկ լալու:

Որդո՞ւդ ես սգում՝
Ուրեմըն պիղծ ես:
Ողբում սև օ՞րըդ՝
Ուրեմըն պիղծ ես:
Իրենց իսկ տված ցավի՞ց ես լալիս՝
Անօրեն ես դու,
Արժանի մահվան:
Դավանանք կոչված դավի՞ց ես լալիս՝
Անօրեն ես դու,
Արժանի մահվան:
«Մտածիր միայն ա՛յն կյանքի մասին,
Որ քեզնից հետո, հետո է գալու»…

…Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո՝
Իրավունք չկար մինչևիսկ… լալու:

Է
Իրավունք չկար
Արյան փոխարեն գեթ արցունք ոթել:

Եվ ի՞նչ էր մնում:
Այլ բան չէր մնում,
Քան թե աղոթել:

Աղոթել նրան՝
Այն նոր աստըծուն,
Որ խոստումներից աչք իսկ չէր բացում,
Բայց ողջը՝ այնտե՜ղ,
Բայց ողջը՝ հետո՜,
Եվ ոչի՜նչ՝ հիմա,
Եվ ոչի՜նչ՝ ցածում:

Այլ բան չէր մնում,
Քան թե աղոթել:

Բայց նրանք նույնիսկ իրենց աստըծուն
Աղոթում էին… օտար խոսքերով,
Խոսքեր՝ ոչ պակաս անհասկանալի,
Քան ինքն այդ աստված:

…Եվ մարդկանց հոգնած սրտերի վրա,
Որ երեկ այնպե՛ս հուզառատ էին,
Այնպե՛ս զգայիկ,
Իջել էր արդեն անտարբերություն մի կործանարար
Ե՛վ վաղվա հանդեպ,
Ե՛վ ապագայի:

Ոչ ոք չգիտեր՝ վաղն ի՞նչ կբերի:
Եվ ապագայի երաշխիք չկա՜ր:
Բերք չէին տալիս արտերը բերրի:
Նույնիսկ խոստացյալ երկինքը վերին
Դարձել էր մի կեղծ-անկենդան նկար:

Անդընդանում էր մի անհայտություն,
Անորոշություն մի ամենաքամ,
Որ վատ է անգամ որոշյալ մահից:
Մի անհայտությո՛ւն, որ ինքն էր դարձել
Երկրի իրական տիրակալը չար:
Եվ կործանումի սուր հոտ էր փչում
Ո՛չ միայն հացից, ջրից ու հողից,
Այլ նաև օդի՛ց ու քամո՜ւց անգամ:

Պետք էր, շա՜տ էր պետք ինչ-որ բան անել,
Սակայն ի՞նչ անել և ինչպե՞ս, ինչպե՞ս:

Ու բոլորն էին այդ հարցը տալիս,
Իսկ պատասխանող չկա՛ր ու չկա՜ր…

Ը
Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ
Նա՝
Այր մի՝
Մեսրոպ Մաշտոց անունով:

Որտեղի՞ց եկավ,
Ի՞նչ ակից բխեց:
Եվ ինչպե՞ս եկավ,
Հոսեց ի՞նչ հունով:

Այդպես՝ արցունք է ծնվում աչքի մեջ,
Երբ որ աչքի մեջ ընկնում է ավազ:
Այդպես՝ դառնում է ավազն ապակի,
Եվ ապակին է հայելի դառնում:

Այդպես՝ արևը ամենից առաջ
Լուսավորում է բարձրաբերձ ծառի
Կատարին թառած թռչունի բույնը:

Այդպես՝ գոյության ահեղ պայքարում
Անփոփոխ պահած իր ներքինն էլի՝
Գազանն է փոխում իր մաշկի գույնը,
Եվ դա թվում է անսպասելի…

Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի
Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում,
Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով,
Որ անչափ շատ են սպասել Նրանց:

Ժողովրդի մեջ ննջում են Նրանք,
Ինչպես ջրի մեջ՝ ահեղ գոլորշին,
Ինչպես ընտանի աքաղաղի մեջ՝
Իր իսկ երբեմնի թռչունությունը,
Ինչպես մանուկի պարապ բերանում՝
Ակռա-ատամը:

Նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից,
Որպեսզի դառնան նոր զորեղություն:
Նրանք ծնվում են ինչ-որ հանճարեղ մի հոգնությունից,
Որպեսզի դառնան հանճարեղություն:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե վերջը մի տեղ դառնում է սկիզբ:

Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե հրաշք չկա՜,
Կա միայն կարի՛ք:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար…

Թ
Այսպես էլ ծնվեց մեկը Նրանցից,
Ծնվեց Նա՝
Այր մի՝
Մաշտոց անունով:
Եվ նա չծնվեց, որ ավելացնի
Հարց տվողների քանակն անպակաս:
Նա եկավ աշխարհ՝ պատասխանելու,
Եվ պատասխանը գտավ իսկապես…

…Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Զե՜նք է հարկավոր:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Պետք է ասպարե՜զ:

Եվ նա էր ահա, որ ձևավորեց
Մի զենք ժանգախույս,
Եվ ծովավորեց
Ասպարեզ մի նոր,
Ուր թույլ-ուժեղի,
Շատ ու սակավի,
Քիչ ու բազումի
Մրցության համար ասպարեզ չկա՜,
Քանզի նորատիպ այդ մաքառման մեջ
Այրուձիի տեղ մտքերն են կռվում,
Թանաք է հեղվում արյան փոխարեն,
Եվ հաղթանակը կոչվում է Մատյան…

Մենք կայինք, այո՛, Նրանից առաջ:
Սակայն Նա ծնվեց,
Որ գա ու դառնա ինչ-որ նոր Սկիզբ:

…Նրանից առաջ կային աստվածներ՝
Երկընքի, սիրո, պտղավորումի,
Ինչպես փոթորկի, նաև… դպրության:

Եթե բոլորը՝ մինչևիսկ ստույգ,
Վերջինըս սուտ էր, սուտ ստուգապես.
— Աստված կար, սակայն դպրություն չկա՜ր:
Նա՝ հավատավորն իր նոր հավատի,
Դպրության մեր սուտ աստծուն վըռնդեց
Եվ Ինքը մնաց նրա փոխանակ:
Բայց մինչ դպրության հին աստվածը մեր
Շարունակ միայն մի գործ էր անում՝
Մարդկանց հոգին էր առնում ու տանում,
Սա եկավ, որ մեզ հոգի՜ պարգևի…

Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
Հզոր թե տկար՝
Մարմին էինք մենք:

Սակայն Նա եկավ, որ Հոգի՛ դառնա,
Շոշափվո՜ղ հոգի,
Եվ անմե՜ռ հոգի:

Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
Քիչ թե շատ՝ կար հաց,
Եվ ունեինք ջուր:

Սակայն Նա ծնվեց, որ Սնո՜ւնդ դառնա:

Ծնվե՛ց, որ ծնե՜նք,
Եղա՛վ, որ լինե՜նք,
Եվ անմահացա՛վ,
Որ անմահանա՜նք…

Ժ
Կիսված էր արդեն հայրենիքը մեր,
Եվ հետո պիտի այդպես էլ մնար.
Դարերով հեղված մեր արյունը սուրբ
Պիտի ապարդյուն կորչեր ու գնար:
Դեռ պիտի գային օրեր ահավոր.
Մեր հողը պիտի մեզ կարոտելուց
Պատվեր եղինջով ու փշով խայթիչ,
Իսկ մեր երկինքը՝
Մեր աչքից զրկված,
Պիտի որ ինքն էլ իր զուգսից զրկվեր:
Հետո պիտի մեզ խաբեին այնպե՛ս,
Որ հին խաբեբան՝
Նոր բյուզանդացին,
Զարմանար ինքը:
Հետո պիտի մեզ…

Միջահատված էր մեր հողը բնիկ,
Ճեղքված էր արդեն հայրենիքը մեր:

Եվ Նա չծնվեց ինչ-որ մի մորից:
Նա հենց այդ ճեղքից ծառացավ հանկարծ,
Որ ճեղքը լցնի գեթ ինքն իրենով:
Եվ այդ ճեղքը Նա լցրեց իսկապես.
Մեր բաժան-բաժան հողերը նորից
Այդ Նա էր միայն, որ բերեց իրար
Ու միավորեց… արդեն մեր մտքո՜ւմ:
Եվ այդ օրից վեր
Ու մինչև այսօր
Այդ միացումը մնում է անխախտ՝
Ընդդեմ ճչացող այն խախտումների,
Որ բախտն է անում սուսուփո՜ւս այնպես,
Եվ անում անձայն մի քմծիծաղով,
Որի տակ պիտի ամոթն իր ծածկի,
Բայց իզո՜ւր.
Ծածկել չի կարողանում,
Ինչպես չի ծածկում ծածկույթը խոտի
Ճահճի գոլորշին՝ քրտինքն ամոթի…

ԺԱ
Չունեինք արդեն պետ ու պետություն,
Ծաղրանկար էր եղածը արդեն՝
Գծված ձեռքերով երկու նկարչի,
Որ ատում էին իրար ոչ պակաս,
Քան թե մենք իրենց:

Հետո մենք պիտի գաղութ դառնայինք՝
Գաղութի մարզպան-կառավարիչով:
Հետո մեզ պիտի դարեր շարունակ
Տանեին անվերջ անկումից անկում,
Մեր մեջքի վրա երկանք աղային
Եվ ստիպեին, որ ժպտանք նաև:

Հետո մենք պիտի մեր շենից զրկված՝
Քաղաք շինեինք ավերն ուրիշի:
Հետո մենք պիտի մեր հերկից զրկված՝
Հերկեինք օտար կորդ ու առապար:
Հետո մենք պիտի մեր ոտնահետքի
Դրոշմը դարձրած յուրովի դրոշ՝
Մխեինք բոլոր լայնքերի վրա
Երկիր կոչեցյալ այն կլոր գնդի,
Որտեղ պիտի որ ամեն ճանապարհ
Վերստին բերի իր տեղը նախկին,
Բայց մեզ… հայրենիք չբերե՜ց երբեք…

Չունեինք արդեն պետ ու պետություն.
Հայրենյաց գահը փլվածք էր տվել:

Եվ նա չծնվեց ինչ-որ մի մորից.
Նա այդ փլվածքից բուսնեց սխրանքով,
Որ այդ փլվածքը ողջանա նորից:
Եվ այդ փլվածքը իրոք ողջացավ:
Այն, ինչ որ անել չկարողացան
Արշակ-Վաղարշակ,
Մուշեղ ու Մուշե,
Սա՛ արեց միայն՝ անզեն ու անզորք.
Մեզանից խլված մեր պետության տեղ
Ստեղծեց մի նոր՝
Չեղյա՜լ պետություն,
Թագավորություն մի հզորազոր՝
Ո՛չ թե մեզանից խլված հողերի,
Մեր բաժան-բաժան հայրենու վրա,
Այլ մեր անբաժա՛ն,
Մեր անկիսելի՛,
Երբե՜ք չխլվող հոգիների մեջ:

Եվ այնուհետև անվախճան եղավ
Թագավորական Նրա տունը մեծ,
Եվ մեր հոգևոր թագավորության
Գահին բարձրացող ամե՜ն թագավոր
Ծնվեց նո՛ւյն տնից,
Նո՛ւյն ցեղից սերեց
Եվ պատվով-փառքով-վեհությամբ կրեց
Նո՛ւյն տոհմանունը՝
Մեսրոպ-Մաշտոցյա՜նք…

ԺԲ
Այսպե՛ս ծնվեց Նա:
Բախտի հակառա՞կ,
Թե՞ վայրկենական նրա զղջումով,
Նա եկավ, որ մեզ վերադարձընի
Այն, ինչ խլել էր նույն բախտը երեկ:

Առանց հավատի հեշտ չէ մեռնելը,
Իսկ ապրելն… արդեն անտանելի է:

Եվ մեր կործանված հին հավատի տեղ
Մեզ նո՛ր հավատով զինեց վերստին:
Էժան-ծախուի, անցնող-վատի տեղ
Բերեց չքերվող-անջինջ-հավաստին:
Սուտ ու կեղծիքի ծծակի տեղակ
Մեր մանկանց տվեց անցամաք ստինք,
Որով և նրանք կրկնամայր եղան.
Ով օրով՝
Նրանք մեծացան տարով,
Ով տարով՝
Նրանք մեծացան դարով,-
Եվ բիրտության տեղ փռվեց կրթություն,
Պարապմունքներով պարապը լցվեց,
Ու մեկ օր անգամ չորեքթաթ չարած՝
Մի արագոտըն կայտառ քերթություն
Ընդոստնեց մեկեն ու վազքի լծվեց:

Մեր փլատակված-փլուզվածի տեղ
Նա նո՛րը կերտեց, նո՛րը կառուցեց.
Նավաբեկվածի ու սուզվածի տեղ
Անտակ հատակից նո՛րը հարուցեց.
Արգելված երգի զվարթ գույնի տեղ
Խորունկի վրա տրտումը հինեց.
Անմիտ միտումով քանդված բույնի տեղ
Հոգեբնակման մեր տունը շինեց.
Օտարի զենի ու զորության դեմ
Նո՛ր հզորությամբ-նորությա՜մբ զինեց՝
Զենքով մի նորոգ և սքանչելի,
Որի դեմ պիտի դառնային անզոր
Նետ ու յաթաղան,
Փղեր ու տանկեր,
Եվ որ մեր ոգու անբառ կանչերին
Պիտի որոտով միշտ արձագանքեր:

Դա զե՞նք էր արդյոք,
Թե՞ լույս էր, մի լո՛ւյս,
Որ օտար հողմից երբեք չհանգավ,
Այլ քանի գնար՝ պիտի որ հանգեր
Անծուխ-զտաբոց անշեջ կրակի
Եվ տառապալից մեր օրերի մեջ
Լիներ կենարար զվարթ կիրակի:

Մեզ սպառնացող վտանգի չափ մեծ
Եվ այդ վտանգից նաև ահագին՝
Նա օտար հրի ճարակի դիմաց
Մեր ինքնությունը կոփեց ու կռեց.
Օտար եկամուտ վարակի դիմաց
Մահ համտես արած մեր ամենիմաց
Առողջությունը որմի պես դրեց.
Դրեց խարդախված կաթի դեմ՝ մերան,
Քանակի դեմ՝ թև,
Թվի դեմ՝ թռիչք,
Արյան դեմ՝ թանաք,
Սրի դեմ՝ գրիչ,
Եվ դարանի դեմ՝ Մատենադարան…

Եվ մենք՝ Նրանով միշտ զինավառված,
Միասին եղանք՝ ցիր ու ցան արված.
Անվերջ կրելով զարկեր ու հարված,
Նույնիսկ հաղթվելով ժանտ բանակներից՝
Ժանտերից ժանտին հաղթեցինք կյանքում —
Հաղթեցինք դաժան ժամանակներին.
Կանգուն առ կանգուն թաղվելով հողում՝
Հառնեցինք դարձյալ,
Մնացինք կանգուն.
Անվերջ ընկնելով՝
Վերաթևեցինք.
Մեռնելով անվերջ՝
Գոյատևեցինք…
Եվ հիմա արդեն այդ մե՛զ չեն պեղում.
Այլ մենք ենք պեղում.
Այդ մե՛զ չեն հիշում,
Այլ մենք ենք հիշում.
Մե՛զ չեն վկայում,
Մենք ենք վկայում՝
Հասնելով ուրիշ ժամանակների,
Երբ մենք՝ տառապած միշտ քանակներից,
Հպարտ ենք արդեն մեր նոր որակով.
Մենք՝ բռնադատված արբանյակության,
Հպարտ ենք հիմա այն արբանյակով,
Որի ծիրի մեջ կա և վազքը մեր.
Եվ հպարտ՝ նաև հրթիռով այն նոր,
Որի թիռի մեջ կա հրաշքը մեր…

Այսպե՛ս ապրեցինք
Եվ այստե՛ղ հասանք:
Այսպե՛ս շիթվելով՝
Դարձանք գոռ հոսանք:
Մենք՝ հինը հնից,
Նորացա՜նք նորից:
Եվ այս ամենը՝
Նրա՛ շնորհիվ…

ԺԳ
Այսքանից հետո ի՞նչ կոչես Նրան.
Մեր կեռմանաշատ երթուղու վրա
Մի նշանացի՞ց,
Մի սյո՞ւն,
Կամ թե ձո՞ղ,
Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ:

Ու եթե պիտի գիր ու տառ հիշվի,
Ապա Նա ինքն է այն մեծատառը,
Որով հասարակ ու պարզուկ բառը
Աճում է-հասնում խորհըրդանիշի,
Եվ… մարդը ձգվում ու դառնում է Մարդ,
Անցողիկ մարտը՝ հավերժական Մարտ,
Խեղճ տքնությունը՝ զորեղ Տքնություն,
Ինքնությունն անուժ՝ հուժկու Ինքնություն,
Պաշտողը՝ Պաշտող,
Իսկ հայը՝… Մաշտոց:

Մաշտո՜ց…
Այսինքըն՝ Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու,
Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:

Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
Թե հրաշք չկա՜,
Այլ կա լոկ կարի՛ք:

Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
Եվ կոչ է անում ապացուցելո՜ւ,
Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար…

II.1962թ.
Երևան

 

Հայկական այբուբենի և հայոց լեզվի առեղծվածները

Հայոց լեզվի և այբուբենի մասին այնքան շատ է խոսվել և գրվել, որ ստացվել է մի խառնաշփոթություն, որտեղ դժվար է տարբերել ճիշտը սխալից, պարծենկոտությունը միամտությունից, գիտականը անհեթեթությունից: Այս հոդվածի նպատակն է պարզել այդ վիճակը և տալ որոշակիություն:

Ինչպես հայտնի է, որևէ ազգային լեզու շատ սերտ կապված է տվյալ ազգի ծագման և զարգացման հետ: Լեզվի մեջ պահպանվում են ազգի ճշմարիտ պատմությունը և շատ այլ ճշմարտություններ։ Լեզուն անմիջապես կապված է ուղեղի (մտքի) հետ: Այն անմիջապես արտահայտում է մարդու միտքը բանավոր կամ գրավոր տեսքով:Գրավոր արտահայտվելու համար անպայման պետք է ունենալ գրային համակարգ (այբուբեն կամ ուրիշ համակարգեր): Այժմ հայտնի է, որ հայերն ունեցել են լեզու շատ վաղուց։ Եվ բանավոր, և գրավոր (աշխարհաբար և գրաբար): Իսկ այբուբենը մեզ տվել է Մեծն ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ 405թ․Բայց որտեղից է վերցրել կամ գտել՝ առայժմ պարզ չէ:Ժամանակակիցները պնդում են, որ Մաշտոցին Աստված է տվել: Կան պնդողներ, որ Մաշտոցը երկար տարիներ ճամփորդելով և ուսումնասիրելով շատ այբուբեններ, կարողացել է ստեղծել հայկական այբուբենը: Այս հարցը մինչ օրս պարզված չէ: Բայց անկախ նրանից, թե ինչպես է գտել կամ ստեղծել հայոց այբուբենը, Մեսրոպ Մաշտոցի արարքը (գյուտը) համարվում է շատ մեծ քայլ Հայոց պատմության մեջ: Հայկական այբուբենը շատ մեծ դեր ունեցավ հայ ազգի պահպանման և գոյատևման պարագայում. դա անժխտելի է:Մեսրոպ Մաշտոցի տված այբուբենը ունի 36 տառանշան, որոնցից ամեն մեկը համապատասխանում է մեկ հնչյունի: Տառերն ունեն թվային և կարգաթվային համարժեքներ:

Այսպես. 1Ա =1. 2Բ=2. 3Գ=3. 4 Դ=4. 5 Ե =5. 6 Զ =6. 7Է=7. 8 Ը =8. 9 Թ=9. 10Ժ=10. 11 Ի=20. 12 Լ =30. 13Խ=40. 14 Ծ=50. 15 Կ=60. 16 Հ =70. 17 Ձ=80. 18Ղ=90. 19Ճ=100. 20Մ=200. 21Յ=300. 22Ն=400. 23Շ=500. 24Ո=600. 25Չ=700. 26Պ=800. 27Ջ=900. 28Ռ=1000. 29Ս=2000. 30Վ=3000. 31Տ=4000. 32Ր=5000. 33Ց=6000. 34ՈԻ=7000. 35Փ=8000. 36Ք=9000.

Շատերը պնդում են, որ հայկական այբուբենի մեջ թաքնագրված են մեծ քանակով գիտելիքներ, մարդկությանը հայտնի և առայժմ անհայտ գիտական ոլորտներից: Այբուբենում կարելի է գտնել գենետիկ ծածկագրերը, ամենայն ստեղծումի պատմությունը և այլ գիտություններ, որոնք մարդկությանը դեռ հայտնի չեն: Այսպես օրինակ, որոշ մետաղների հայերեն անվանումներում տառերի կարգաթվերի գումարը համընկնում է Մենդելեևի աղյուսակի այդ մետաղի կարգաթվին: Իսկ Մենդելեևի աղյուսակի կարգաթիվը համպատասխանում է տվյալ էլեմենտի ատոմի միջուկի լիցքին։

Ինչպես հայտնի է, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած (կամ վերականգած) այբուբենում եղել են 36 տառեր, և միայն փոքրատառեր։ Մեծատառը ի հայտ է եկել շատ ավելի ուշ։ Աշխսրհում շատ գիտնականներ հայկական այբուբենը համարում են կատարյալ և անթերի, չնայած ժամանակի ընթացքում այն ենթարկվել է ահագին փոփոխումների, բայց հիմնականում իմաստն ու ձևը հասկանալի են։ Ես շատ կուզեի իմանալ հայկական այբուբենի նախնական տեսքը, այսինքն Մաշտոցի տված այբուբենը առանց հետագա ձևափոխումների։ Ուսումնասիրելով հայկական տառերի ձևն ու կառուցվածքը, մի հետաքրքիր երևույթ է նկատվում. համեմատելով հայկական տառերը Արիական կեռխաչի հետ, նկատում ենք, որ կարծես թե կեռխաչը կազմված լինի հայոց այբուբենի տառերից։

Այսինքն թվում է, թե հայկական տառերը արիական կեռխաչի մասնիկներ լինեն։ Համարյա բոլոր տառերը համըկնում են։ Մի քանի տառերում անհրաժեշտ է ավելացնել կամ անջատել փոքրիկ մասնիկ։ Այստեղ շատ կարևոր է իմանալ այբուբենի և տառերի սկզբնական (անփոփոխ) տեսքը։ Ինձ թվում է` Մեսրոպ Մաշտոցը այդ նպատակով է շրջագայել աշխարհով մեկ։ Նա ձգտել է գտնել այբուբենի իրական պատկերը, քանի որ միայն այդ դեպքում կարելի է կարդալ այբուբենում եղած խորհուրդները և հասկանալ դրանց իմաստը։

Ըստ ժամանակակից լեզվագիտության, հայոց լեզուն համարվում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղերից մեկը։ Մինչ 19-րդ դարը պարսկականի հետ էր կազմում մեկ ճյուղ, իսկ 19-րդ դարի վերջում ընդունեցին որպես առանձին ճյուղ։ Բոլոր ժամանակներում հայոց լեզուն եղել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ Այսպես, դեռ 5-րդ դարում Հովհան Ոսկեբերանը ասում էր, որ Հայկական այբուբենի յուրաքանչյուր մի քանի տառերի կապակցությունը (կոմբինացիան) տալիս է իմաստ և ասում էր, որ այբուբենի երկու տառերի կապակցությունից կարելի է ստանալ 1260 (36*35) բառ կամ բառարմատ։

Ինձ համար դժվար է դա հաստատել, բայց ուշադիր զննելով հայոց լեզվի բառերի և բառարմատների կառուցվածքը, նկատվում է մի հետաքրիր երևույթ։ Եթե կազմենք կապակցություններ հայկական այբուբենի տառերով, համարյա միշտ ստանում ենք  իմաստներ։

Մի շարք լեզվաբաներ ասում են, որ հնդեվրոպական լեզուներում 11 000-ից ավել բառարմատներ կան, որոնց  իմաստները միայն հայերեն լեզվով կարելի է բացատրել։ Օրինակ, ԳԻՐ բառարմատը. գիր հայերեն նշանակում է (իմաստն է) խոսքի  պատկեր, այդ բառարմատով շատ բառեր կարելի է կազմել։ Օրինակ՝ գրավոր, գրաբար, գիրք, գրադարան, սեպագիր, ձեռագիր, տպագիր այլն։ Ռուսերեն՝ грaмота, грамматика, монограмма, программа… Եվ այսպես շատ լեզուներում այդ բառարմատը  օգտագործվում է, բայց դրա իմաստը միայն հայերեն կարելի է բացատրել։

Կամ ասենք ԱՍՏ բառարմատը (Աստված-գտնվում է վերևում, Հայաստան, Չինաստան, Հնդկաստան, բուրաստան և այլն) նույնպես օգտագործվում է շատ  լեզուներում, բայց բացատրվում է հայերեն (գտնվելու տեղ)։

Վերը նշված առեղծվածներն ու խորհուրդները հայկական այբուբենում և հայոց լեզվի մեջ շատ-շատ են, գիտության ու արվեստի տարբեր ոլորտներից են, որոնք թվում են անհավանական և առաջացնում են զարմանք ու տարակուսանք։ Մենք փորձենք առանց պարծենկոտության և զարմանքի, առանց դոգմաների ու նախապաշարմունքի մեկնաբանել ու վերլուծել դրանց իմաստն ու նշանակությունը։ Պարզել, թե ինչպես կարելի է դրանցից օգտվել։ Ի՞նչ օգուտ կտան այդ խորհուրդները մեզ ներկայում և ապագայում։

Այսպես, հայոց լեզվի և հայկական այբուբենի, ինչպես նաև նրանցում պարունակվող խորհուրդների, առեղծվածների ու գաղտնիքների գոյությունն անժխտելի է և ապացուցում է, որ նախկինում եղել է բարձր զարգացած քաղաքակրթություն: Որից մեզ հասել են կտորներ կամ փշուրներ։ Իսկ այդ ցիվիլիզացիայի հետքերը (պրոեկցիան) կա հայկական այբուբենում։ Եվ մեր խնդիրն է գտնել այդ կտորները, համակարգել և դրանց հիման վրա կազմել այդ քաղաքակրթության մոդելը և աշխատել այն կառուցել։ Բնականաբար դա հեշտ գործ չի և պահանջում է որոշակի ժամանակ ու մեծ աշխատանք: Խնդիրը կրկնակի դժվարանում է այն պատճառով, որ կեղծված և աղավաղված է անցյալը։

Մի փոքրիկ դրվագ ներկայացնենք՝  դասագրքերում, հանրագիտարանում նշված է, որ հայոց թագավոր Տրդատ Մեծը գահ է բարձրացել 287 թ. հռոմեացիների օգնությամբ, երբ նրանք հաղթեցին պարսիկներին և Տրդատին թագադրեցին «Թագավոր հայոց»։ Բայց այդ պատերազմը տևեց մեկ-երկու տարի և ավարտվեց 298 թ. Մծբինի պայմանագրով, որի կետերից մեկում նշվում էր, որ Հայաստանում թագավոր նշանակելու իրավունքն այսուհետ անցնում է Հռոմին։

Բնական է, որ Հռոմեացիները 287 թ. չէին կարող նշանակել Տրդատին թագավոր։ Դա կարող էին անել 287-ից հետո: Այդ սուտը ամեն մարդ կարող է նկատել։ Բայց  մասնագետները չեն նկատում, առավել ևս բերում են անհեթեթ մեկնաբանություններ։

Այն երևույթը, որ հայոց այբուբենի մի քանի տառերի կոմբինացիան տալիս է բառ, կամ բառարմատ, որոնց իմաստը բացատրվում է հայերենով, հակասում է լեզուների ծագման և առաջացման ժամանակակից պաշտոնապես ընդունված տեսությանը։ Բայց դա ակնհայտ փաստ է։ Ըստ ժամանակակից լեզվագիտության, լեզուները առաջացել են էվոլյուցիոն ճանապարհով, այսինքն բնության կամ կենդանիների արձակած պարզ ձայները կրկնել և հիշել են, հետո մշակելով և համակարգելով ստացվել է լեզու։ Սա գոյություն ունեցող վարկածներից մեկն է։ Պաշտոնականը։

Գիտության այլ ոլորտներում համարյա նույն վիճակն է։ Երկար ժամանակ ընդունված էր, որ երկիրը տափակ է և հենված է կետերի կամ փղերի վրա: Հետո ընդունեցին, որ երկիրը կլոր է և համարվում է աշխարհի (տիեզերքի) կենտրոնը, որի շուրջ պտտվում են արևը, լուսինն ու աստղերը։ Հետո ընդունեցին, որ երկիրը պտտվում է արևի շուրջ, իսկ լուսինը՝ երկրի շուրջ։ Կամ ասենք, Նյուտոնը գտավ ձգողականության (գրավիտացիայի) օրենքը և հիմնեց իր ֆիզիկայի նոր տեսությունը։ Հետո Էյնշտեյնը  դա ժխտեց ու հիմնեց հարաբերականության տեսությունը։ Հետագայում առաջ եկան այլ տեսություններ, որոնք ժխտեցին Էյնշտեյնին։ Եվ այսպես շարունակ։

Նյութական աշխարհում մեծ առաջընթած կա, իսկ հոգևոր աշխարհում գերիշխում են սուտն ու կեղծիքը։ Մարդիկ մշտապես եղել են ճշմարտության որոնումներում:

Իսկ հայոց այբուբնում եղած խորհուրդներն ու գաղտնիքները վերծանելով, մենք շատ ոլորտներում իրոք կարող ենք գտնել ճշմարտություն։

Այն փաստը, որ մի քանի մետաղների հայերեն անվանումների տառերի կարգաթվերի գումարը հավասար է քիմիական աղյուսակում այդ էլեմենտների միջուկային լիցքին, պատահականություն համարել չի կարելի։ Այդ խնդիրն ուսումնասիրողներ շատ կան  և նրանք պնդում են, որ դա վերաբերվում է շատ նյութերի։ Նյութերի անվանումները փոխարինելով թվերի, մենք կունենանք հաղորդակցման թվային համակարգ:

Ես ենթադրում եմ, որ բացի լեզվից, եղել են հաղորդակցության այլ միջոցներ, համակարգեր, որոնք օգտագործվել են տարբեր ոլորտներում։ Օրինակ, ինչպես հայտնի է, բոլոր կենդանիների մոտ, այդ թվում մարդու, սնունդ ընդունելիս ստամոքսը արտադրում է հյութ, որը համապատասխանում է տվյալ սննդի  մարսմանը։ Այդ փաստը մենք գիտենք, բայց պրոցեսի մանրամասերը բացատրել չենք կարող։ Իսկ հիմա կարելի է ենթադրել, որ ստամոքսը հաղորդում է ուղեղին մեզ անհայտ համակարգով ընդունված սննդի անունը, կամ կարգաթիվը, իսկ ուղեղը հաշվարկում է, ինչպես համակարգիչը, գտնում է ճիշտ պատասխանը և հրամայում է բացվել այն բջիջներին, որոնք կմատակարարեն համապատասխան հյութը։ Ինչպես  հայտնի է, կենդանի օրգանիզմում մարսողության, շնչառության և այլ պրոցեսներ, ընդհանրապես բոլոր օրգանների աշխատանքները ղեկավարվում են ուղեղի, ենթագիտակցության կողմից։ Ուղեղը և մյուս օրգաները իրար հետ հաղորդակցվում  են մեզ առայժմ անհայտ համակարգերով, որը կարելի է գտնել հայոց այբուբենում։

Ուղեղը գերզարգացած բիոհամակարգիչ է, որը մարդկության կողմից լիովին ուսումնասիրված չէ։ Այնտեղ կան շատ ծրագրեր, որոնց մասին մենք գաղափար չունենք։ Այնտեղ կա վերարտադրվելու ծրագիր: Ծրագրավորված է նաև ուղեղի աշխատանքի օրակարգը և տևողությունը: Հայերը դա վաղուց գիտեին և դրան ասում են ճակատագիր:

Իսկ այն հարցը, որ հնդեվրոպական լեզուների տաս հազարից ավելի բառարմատները հայերենում ունեն իմաստ և բացատրություն։ Դա կարելի է մեկնաբանել այսպես։ Այդ բառարմատներն իրենցից ներկայացնում են այն շինանյութը, որոնք ծրագրված են մարդկային ուղեղում և նրանցից էլ կազմվում (ստեղծվում) են լեզուները բնական կամ արհեստական ճանապարհով։ Այսինքն, եղել է մեկ նախալեզու, որից առաջացել են շատ լեզուներ։ Այս վարկածը գոյություն ունի լեզվագիտության մեջ։

Մարդկության պատմության մեջ բազմաթիվ անգամ ստեղծվել են ինչպես բնական, այնպես էլ արհեստական լեզուներ։ Դրա վառ օրինակ է «էսպերանտո» միջազգային, ունիվերսալ լեզվի ստեղծումը, որը հաջողություն չունեցավ, քանի որ կազմողները չգիտեին բառարմատների իմաստը և լեզու կառուցելու (ստեղծելու) տեխնոլոգիան:

Բացի դրանից, այդ լեզուներում բացակայում են առեղծվածներն ու խորհուրդները։ Այդպիսի լեզուները դառնում են զուտ հաղորդակցման միջոցներ։

Ի տարբերություն էսպերանտոյի ճարտարապետների, հնում լեզվի կառուցման տեխնոլոգիան ավելի լավ են իմացել։ Նրանք վերցրել են բառարմատներ, որոնց իմաստը հայերենով բացատրվում է, դրանց ձևը մի փոքր փոխելով և հարմարացնելով  միմյանց, դրանցով կառուցել են նոր լեզու։ Օրինակ, լատիներենը: Միաժամանակ, կազմվել է և այբուբենը, հայկականի հիման վրա, բայց 26 տառից։ Լատինական  լեզվից առաջացել են մի շարք եվրոպական լեզուներ։ Ինչպես տեսնում ենք, այդ լեզուները շատ լավ ծառայում են որպես հաղորդակցության միջոց։ Բայց նրանցում չկան գիտելիք պարունակող խորհուրդներ:

Իսկ հայկական գրերի ստեղծման մասին կարելի է հաստատ ասել, որ այբուբենը եղել է Մեսրոպ Մաշտոցից շատ առաջ, քանի որ այդ ժամանակ արդեն կար լեզու։  Գրաբար, այսինքն գրային տեսքով և աշխարհաբար՝ խոսակցական տեսքով։ Գրաբար  տեսքի կրողները գրքերն ու մատյաներն էին, որոնք հեշտ էր վառել և լցնել գետը, որի ականատեսն ու վկան է Ագաթանգեղոսը։ Իսկ աշխարհաբարի կրողները կենդանի  մարդիկ են, որոնց բնաջնջելը հեշտ չի եղել։

Շատերն ասում են, որ դա ճիշտ չի, Մաշտոցից առաջ հայերը գիր չեն ունեցել, քանի որ հիմա չկան ապացույցներ (գրքեր, մատյաներ)։ Դա նման է նրան, որ մարդուց խլեն նրա փաստաթղթերը և նրան ասեն, թե դու մարդ չես, քանի որ քեզ մոտ չկա անձնագիր կամ ծննդյան վկայական։

Մաշտոցը ոչ թե ստեղծել, այլ վերականգնել է հայկական այբուբենը։ Դրա համար նա եղել է տարբեր երկրներում, գրադարաններում, համեմատել ու փորձարկել է շատ նմուշներ, որպեսզի գտնի այբուբենի իրական (օրիգինալ) տեսքը, որտեղ պահպանված կլիեն խորհորդներն ու գաղտնիքները, նա գիտեր, որ հայկական այբուբենում կան շատ թաքնված գիտելիքներ: Եվ միայն իրական տեսքն ունենալու դեպքում կարելի է ճիշտ վերծանել և ստանալ այդ գիտելիքները։ Այդ միտքը Մաշտոցը սերունդներին փոխանցում է պատգամի տեսքով, իր առաջին և հայտնի կարգախոսով. ՃԱՆԱՉԵԼ Զ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ Զ ԲԱՆՍ   ՀԱՆՃԱՐՈՅ։

Իսկ  հայկական այբուբենի տարիքը ինձ թվում է հավասար է արիական խորհրդանշանների (արևխաչ, կեռխաչ) տարիքին։ Նրանք միաժամանակ են ստեղծվել։

Արդեն մի քանի հազար տարի է մարդկության գիտակցություն են ներարկվում տարբեր կրոնական, գիտական և այլ ուսմունքներ (դարվինիզմ, ֆաշիզմ, կոմունիզմ, դեմոկրատիա և այլն)։ Դրա համար էլ տեղեկատվական դաշտը վերածվել է մի մեծ ճահիճի, որն էլ մարդկանց դժբախտությունների և պրոբլեմների հիմնական  պատճառն է։ Մարդիկ անընդհատ փնտրում են այդ խնդրի լուծումը։ Եվ իզուր չէ, որ Մեծն ՆԺԴԵՀԸ մեզ պատգամ է հղում. Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իրական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն կարող է խոսք լինել բուժման մասին։

Վերացնելով այդ ինֆորմացիոն և հոգևոր ճահիճը, կարող ենք շատ պրոբլեմներից ու դժբախտություններից ազատվել: Սովորական ճահիճները չորանում են արևի ճառագայթներից։ Իսկ ստի ու կեղծիքի ճահիճը չորանում և վերածվում է գեղեցիկ դաշտի ճշմարտոթյան ճառագայթներից։ Միաժամանակ պետք է փակվեն այնտեղ ներարկվող վարակի աղբյուրները։

Ես մեծ հույսով դիմում եմ Հայաստանի գիտություների ակադեմիային, բոլոր ազնիվ  գիտնականերին և բոլոր ազնիվ հայերին՝ աշխատել վերականգնել պատմական և  գիտական ճշմարտությունները։ Եվ խորը ուսումնասիրել հայոց լեզվի և այբուբենի առեղծվածները։ Դիմում եմ նաև Հայաստանի իշխանություններին խնդրանքով՝ մեծ օժանդակություն ցուցաբերել այս ազգանպաստ և մարդասիրական գործին։

Ես հիշում եմ՝ սրանից մոտ տասնհինգ տարի առաջ հայտարարեցին, որ գտել են նոր տեսակի դեղանյութ, որը բուժում է շատ հիվանդություններ, այդ թվում և սպիդը։ Անունը դրել էին «արմենիկում»։ Հետո պարզվեց, որ սուտ էր։ Քանի որ մենք գտնվում էինք ստի ու կեղծիքի ինֆորմացիոն ճահճում։ Եթե մենք այդ ճահիճից դուրս գանք, դրա նման և շատ ավելի բարդ խնդիրներ կարող ենք լուծել։

Եվ ես վստահ եմ, որ մեր այբուբենում եղած խորհուրդների և գիտելիքների արժեքը շատ ավելի մեծ է, քան ամբողջ աշխարհի օգտակար հանածոների գինը միասին վերցրած։ Հայոց այբուբենը մեծ դեր ունեցավ հայ ազգի պահպանման գործում, իսկ հիմա եկել է ժամանակը ճիշտ օգտվել այբուբենից և զարգացնել ու հզորացնել մեր ազգը։

ՖՐՈՒՆԶԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով