ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԾԱՂՐԱԾՈՒՆ. Լեոնիդ Ենգիբարյան
Ծաղրածուների արքա Լեոնիդ Ենգիբարյանին հիշելիս աչքիդ առաջ է հառնում հաճելի դիմագծերով, մանկան թափանցիկ հոգով, բարի աչքերով, բացառիկ տաղանդի տեր մի երիտասարդ, որին շատ սերունդներ պիտի համարեն իրենց ուսուցիչը, որի չծերացող արվեստը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:
Շատ կարճ կյանք ունեցավ աշխարհաճանաչ ծաղրածուն, ավելի կարճ` նրա ստեղծագործական գործունեությունը: Արտիստը հրաժեշտ տվեց կյանքին, երբ նոր էր բոլորել ընդամենը 37-ը, սակայն, արդեն, արժանացել էր իր արվեստի բոլոր դափնիներին: Ծաղրածուների արքան էր, շահել էր միջազգային մրցույթների բազմաթիվ ժողովրդի շատ սիրելի անձնավորությունը: Նա ասելիք ուներ և այդ ամենը հարուստ երևակայությամբ բազմակերպ մատուցում էր ենգիբարյանական յուրատեսակ քուրայով անցկացրած, ինքնատիպ ոճով ու արտասովոր ունակությամբ:
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: Սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, զբաղվել է բռնցքամարտով: 1959 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը: 1971 թվականին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում: 1956թ-ից նկարահանվել է կինոյում` հանդես գալով տարբեր դերերով: Գրել է «Առաջին ռաունդ» և «Վերջին ռաունդ» գրքերը: 1964 թվականին Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ:
Մահացել է 37 տարեկան հասակում, սրտի կաթվածից, Մոսկվայում: 1972 թվականին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան, կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը:
Ստեղծագործություններ
Դու, ես ու իմ տխրությունը
- Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
- Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։
- Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․
- Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։
- Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
- Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։
Աղջնակին, որ թռչել գիտի
- Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։
- Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։
- Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։
- Նա կարողացավ դա անել, որովհետեը տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել․․․ Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։
- Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։
- Ու ոչնչից մի վախեցիր։
- Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։
- Միայն ինձ համար, մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով,
- դա հասկանալի է յուրաքանչյուրին։
- Իմ սիրտը՝ քո կրծքում։
Չէ ու հա
- Ես անդունդի եզրին եմ՝ «Ոչ»֊ի ու «Այո»֊ի արանքում։ Քո Ոչ֊ից ես իմ Այո֊ին եմ հասնում ցանկությունից, ամաչկոտությունից ու սիրուց հյուսված պարանով։ Այն ցնցվում է, ճոճվում, ու ինձ վրա կախված է Միայնությունը եւ Այո֊ն, որ այնքան գրավիչ ու մոտ էր թվում, հիմա անհասանելի է։
- Բայց ես քայլում եմ, Հպարտությունը պահում է հավասարակշռությունս։
- Նաեւ հին ու բարի Հույսի վալսը, որ հնչում է բարդ համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։
- Ես գալիս եմ․ փորձելով չնայել ներքեւ, ու չմտածել, որ հանկարծ, մինչ ես գալիս եմ դեպի քո Հա֊ն ինչ֊որ մեկը արդեն հասել է քեզ, օգտագործելով Բարեկեցության աստիճանը։
- Ինձ գնալով ավելի ու ավելի բարդ է․ ճոճում է հուսահատության քամին, ու երբ այդ ճոճքը անտանելի է դառնում, դու անսպասելի գալիս ես ինձ ընդառաջ։
- Ես գցում եմ ծանր ձողը, դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում, կամ էլ թռչում ենք՝ ինչ տարբերություն, պայծառ աստղերից մեկի վրա, որ օսոստոսյան գիշներների անսահմանությունում սպասում են մեզ վառված։
- ―Սիրելիս, ― ասում ես շոյելով մազերս, ― ինչպե՞ս կարելի էր այդպես ռիսկի դիմել։ Դու կարող էիր սայթաքե սարսափելի Միայնության մեջ։ Հիմարիկ, ինչի՞ համար էր այդ ամենը։
- ― Բայց դու ինքդ սկզբում ասացիր Չէ, ու ես ստիպված եղա ռիսկի դիմել։
- ― Մի՞թե ասել եմ, ― զարմացար դու, ― ինչ֊որ չեմ հիշում։
Մի քանի խոսք Երեւանի մասին
- Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։
- Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․
- Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ։
Կատուն
- Գծավոր պոչով կատուն ասաց Մեծն Աստվածուհուն․
- -Խնդրում եմ, շատ եմ խնդրում, Մեծն Աստվածուհի, դու ամեն ինչ կարող ես, ինձ կի՛ն դարձրու։ Ես այնպե՜ս եմ դա ուզում։
- Եւ Մեծն Աստվածուհին ասաց․
- -Դա անելը բարդ չէ, բարդը սիրելն է, իսկ կինը, եթե չի կարողանում սիրել, դադարում է կին լինել։
- -Ես կսիրեմ, ես կսիրե՜մ,- երդվեց գծավոր պոչով կատուն։
- -Լավ,- ասաց Մեծն Աստվածուհին,- մե՜կ, երկու՜, երե՜ք։
- Եւ կատուն վերածվեց կնոջ:
- Եւ նա սիրեց։ Տղան գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։
- Եւ տղան էլ կատվին սիրեց։
- Բայց երբ նա ցանկացավ աղջկան համբուրել, դժբախտություն պատահեց: Անկյունից մի մուկ հայտնվեց։
- Եւ կատուն, մոռանալով, որ ինքն այլեւս կատու չէ, նետվեց մկան վրա ու․․․ նորից գծավոր պոչով հասարակ կատվի վերածվեց։
- Իսկ տղան, ի՞նչ կարող էր անել տղան։ Նա գնաց։
- Նա գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։
- Կատուն շատ երկար լացեց, բայց Մեծն Աստվածուհին անվրդով մնաց։ Չէ՞ որ նա նույնպես կին էր:
Տասնինը տարեկան աղջկան
- Տասնինը տարեկան ես։
- Դու խաղում ես պինգ-պոնգ, գնում ես բար ընկերներիդ հետ եւ ճոճում ես ոտքերդ՝ նստած բարձր աթոռակին։
- Դու տասնինը տարեկան ես։
- Տասնինը տարի առաջ ես տարա առաջին մեծ հաղթանակս ռինգում եւ ծիծաղեցի բոլոր նրանց երեսին, ովքեր տխուր ինձ ասում էին․ «Առաջին հաղթանակը նաեւ առաջին քայլն է դեպի պարտություն»։
- Տասնինը տարեկան ես, եւ գրեթե նույն այդ տարիքին է տղան, ում հետ ես վաղը ռինգ եմ դուրս գալու։ Նա հիմա քո կողքին է, իսկ դու ինձնից հեռու՜-հեռու՜ ես․․ Տասնինը տարի երկարությամբ հսկայական մի սանդուղք է բաժանում մեզ, հարյուրավոր աստիճանավանդակներ՝ ռինգեր, որոնց վրա ես ամեն անգամ նորից ու նորից նվաճում էի վեր բարձրանալու իրավունքս եւ ահա՝ բարձրացել եմ։
- Քեզ դուր է գալիս թեք ուսերով ինքնավստահ այդ տղան՝ հռչակավոր Ն-ի գլխավոր մրցակիցը։ Ես եմ այդ Ն-ն։
- Իսկ ես կցանկանայի ցատկել բոլոր անդունդների եւ աստիճանների վրայով, խաղալ քեզ հետ պինգ-պոնգ եւ հիանալ քո ոտքերով, երբ դու ճոճում ես դրանք բարում՝ նստած բարձր աթոռակին։
- Միթե չես հասկանում, որ ես չեմ զգում այդ անիծյալ տարբերությունը, չես հասկանում, որ ես տասնինը տարի՝ առաջին հաղթանակի օրվանից սկսած, սպասել եմ քեզ․․․ Ոչ, դու չես հասկանում եւ չես տեսնում ինձ․ դու տասնինը տարեկան ես։
- Վերջ։ Արդեն ուշ է, պետք է գնամ․ վաղը մարտի եմ։ Եւ ես կհաղթեմ, անպայման կհաղթեմ, չէ որ այդպես անհույս արդեն պարտվել եմ։
Լապտերները
- Գիշեր է:
- Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, եւ թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են:
- Ինչի՞ մասին:
- Անձրեւոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետեւ իրենք ընդամենը լապտերներ են եւ չունեն սեփական թախիծ:
- Եւ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրեւում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․
- Եւ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները:
Գրպանահատը
- Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:
- Ես հարուստ եմ եւ երջանիկ: Գրեթե երջանիկ:
- Միայն թե ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։
Առաջ
- Առաջ երեկոյան Երկրի վրա համբուրվում էին, իսկ առավոտյան կռվում էին հանգիստ սրտով, քանի որ գիտեին, որ երեկ համբուրվել են, եւ իրենցից հետո նույնպես կգտնվի կռվող։
- Աշխարհն այն ժամանակ ահավոր ողջամիտ էր։
Արտիստին
- Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:
- Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, եւ կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր…
- Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, եւ քեզ հետ է նորից Անհանգստությունը:
- Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:
- Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում:
Ճանապարհը
- Մեկնում եմ:
- Ես վաղը կմեկնեմ:
- Ճանապարհը՝ երկա՜ր-երկա՜ր։ Եւ նույնքան երկար է գնացքը:
- Այն կազմված է տասնյակ, գուցե նաեւ հարյուր հազարավոր վագոններից:
- Ամեն վագոնում՝ հարյուրավոր լուսամուտներ, որովհետեւ ամեն մի վագոնը մի հարյուրամյակ է:
- Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ:
Գունդը ափի մեջ
- Կրկեսում մարդիկ բարդ համարներ են անում:
- Նրանք ճախրում են գմբեթի տակ, տասնյակ իրերով աճպարարություն են անում, հետո ձեռքերի վրա են կանգնում, ու դա, հաստատում եմ, հատկապես բարդ է ու դժվար է սովորելը:
- Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից հետո գիշերը կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թեւերը, եւ աչքերն արյունով կլցվեն․․․
- Այս ամենն, իհարկե, ծանր է եւ, այնուամենայնիվ, այն վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբեւէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ եւ հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:
Մի՛ նեղացրեք մարդուն
- Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
- Իհարկե, մեկ ուրիշին կարելի եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․
- Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․
- Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
- Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ
Սովորականն անսովոր է
- Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։
- ―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜֊ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետեւ այն հոսելի է։
- Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքեւ, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
- ―Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը…
- Իսկ նա, մեծահոգի, նույնիսկ չնկատեց էլ դա․․․
- Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր փաշտպանում ձկնորսներից ու կատուներից…Քիչ հոգս չուներ։
- Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
- ―Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:
- Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․
- Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգեւ֊պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…
- Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլանսովորէ…
Գունդը ափի մեջ
Կրկեսում մարդիկ բարդ համարներ են անում: Նրանք ճախրում են գմբեթի տակ, տասնյակ իրերով աճպարարություն են անում, հետո ձեռքերի վրա են կանգնում, ու դա, հաստատում եմ, հատկապես բարդ է ու դժվար է սովորելը: Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից հետո գիշերը կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թեւերը, և աչքերն արյունով կլցվեն․․․Այս ամենն, իհարկե, ծանր է և, այնուամենայնիվ, այն վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբևէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ և հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է: