Թախիծը հարատև է… ՎԱՆ ԳՈԳ
Վինսենթ Վան Գոգը ծնվել է 1853 թ. մարտի 30-ին Հոլանդական Գրոտ-Զյունդերտ քաղաքում: Աշխարհում ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչներից մեկն է Վան Գոգը: Հոլանդացի այս պոստիմպրեսիոնիստ նկարիչը ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Վան Գոգը կյանքի վերջին տարիները մեծ մասամբ անցկացրել է հիվանդանոցում: «Սուր նոպաների արանքում հիվանդը միանգամայն հանգիստ է և մեծ կրքով նկարչությանն է տրվում», – գրել է նրա բժիշկը:
Վինսենթը Վան Գոգների ընտանիքում 5 երեխաներից ամենամեծն էր: Ամենափոքրը՝ Թեոն, նրա կյանքի ամենակարևոր մարդ էր մինչ մահ: Թեոն օգնում և սատարում էր եղբորն ամեն հարցում: Վինսենթն էլ անմնացորդ սիրով էր սիրում եղբորը և նրան նամակներ գրում ամեն ինչի մասին և ամեն օր: Վան Գոգի՝ եղբորն ուղղված նամակները հետագայում տպագրվել են:
4 տարի գիշերօթիկ դպրոցում սովորելուց հետո, 15 տարեկան Վան Գոգը ինքնակամ հեռանում է և այլևս չի վերադառնում դպրոց:
Վան Գոգները սովորաբար կա՛մ նկարների առևտրով էին զբաղվում, կա՛մ հոգևոր ծառայությամբ: Վինսենթը երկուսն էլ փորձել է: Նախ նա աշխատանքի է անցնում նկարների վաճառքով զբաղվող մի ընկերությունում:
Հաագայում գտնվող նկարների առևտրով զբաղվող ընկերությունը՝ «Գուպիլ և Քո»-ն, գնահատելով Վինսենթի անձնվեր և ազնիվ աշխատանքը, նրան ուղարկում է Լոնդոն՝ նույն ընկերության մեկ այլ գրասենյակ: 1868-70 թթ. Վան Գոգն անցկացնում է Լոնդոնում: Այդ երկու տարիների ընթացքում ապագա նկարիչը հմտանում է նկարների գնահատման, նկարչական տարբեր տեխնիկաների ճանաչման հարցում:
1875 թ. նրա կյանքում կարևոր իրադարձություն է տեղի ունենում: Եղբորն ուղղված նամակում նա գրում է, որ տխրում է մենակ, և որ իր կյանքը «հիվանդագին մենակություն է»: Արվեստաբանները, որոնք զբաղվում են Վան Գոգի կենսագրությամբ, ենթադրում են, որ դա նրա հերթական անպատասխան սիրո հետևանքն էր:
Փարիզ տեղափոխվելն էլ չի օգնում Վինսենթին վերագտնել կենսասիրությունն ու աշխատանքի հանդեպ ունեցած երբեմնի խանդավառությունը: «Գուպիլ և Քո»-ն նրան հեռացնում է աշխատանքից:
Ինքն իրեն գտնելու ուղիները Վան Գոգին եկեղեցի են տանում: 1877 թ. նա Ամստերդամ է տեղափոխվում և աստվածաբանության ֆակուլտետ ընդունվելուն է պատրաստվում: Սակայն դասերին հաճախելն այնքան էլ նրան դուր չի գալիս և նա որոշում է միսիոներ դառնալ: 1879 թ. նա քարոզչի կոչում է ստանում և սկսում է աշխատել Բելգիայի հարավում:
Նա աշխատում էր հանքագործների հետ, օգնում էր նրանց, քրիստոնեություն քարոզում, երեխաներին գրել-կարդալ սովորեցնում և Պաղեստինի քարտեզը նկարում. քարոզների ընթացքում պետք էր գալիս: Իսկ ինքն ապրում էր մի խղճուկ տնակում, սնվում էր միայն ցամաք հացով ու ջրով և քնում էր գետնին՝ ինքնատանջանքների մեջ փորձելով ավելի մոտ լինել Աստծուն: Չհանդուրժելով Վան Գոգի ծայրահեղական քարոզներն ու ապրելակերպը՝ նրան ազատում են աշխատանքից:
Այդ ընթացքում նա սկսում է նկարել. նկարում էր հանքագործներին և նրանց կանանց ու երեխաներին:
Նորից դեպրեսիաներ, ինքնաորոնումներ, նորից կիսատ թողած դասընթացներ, այս անգամ նկարչական, նորից տեղափոխություններ, նախ ծնողների մոտ, ապա՝ Հաագա, ապա՝ եղբոր մոտ՝ Փարիզ։ Նորից անպատասխան սերեր և նորից վերադարձ ինքն իրեն՝ նկարչություն:
1886 թ. Վան Գոգը Փարիզ է տեղափոխվում, որտեղ մշակութային կյանքն անչափ հարուստ էր և բոլոր արվեստագետներն ու արվեստաստեղծներն այդտեղ էին: Փարիզում էր նաև Թեոն, որը գեղարվեստական պատկերասրահներից մեկի տնօրենն էր: Նա եղբորը ծանոթացնում է ժամանակի լավագույն նկարիչների հետ:
Արվեստում իմպրեսիոնիզմը հեղափոխություն էր, այն նաև հեղափոխեց Վան Գոգի աշխարհընկալումը: Իմպրեսիոնիզմը, պոստիմպրեսիոնիզմը, վերջանականպես ամրագրում են Վինսենթի ոճն ու ձեռագիրը: Բացի նկարչությունից՝ Վինսենթը ցավոք տարվում է նաև աբսենտով և այնքան շատ, որ նկար ունի այդ թեմայով:
1886-1888 թթ. Վան Գոգի ստեղծագործական կյանքի ամենաակատիվ և արդյունավետ շրջանն է: Նա շուրջ 230 կտավ է ստեղծում, նոր ձևեր և գույներ, գունային համադրություններ և տեխնիկաներ փնտրում-գտնում:
Սակայն Փարիզում ապրող նկարիչների միջև առկա մրցակցությունը, լարվածությունը, ակտիվ քննադատությունները չափազանց էին իմպուլսիվ և զգացմունքային Վան Գոգի համար: Նրա նյարդային համակարգն անկարող էր այդ ամենը երկար տանելու: Վան Գոգը որոշում է հեռանալ Փարիզից:
1888 թ. Վան Գոգը մեկնում է ֆրանսիական Պրովանս նահանգ՝ Առլ քաղաք: Այստեղի կյանքն անչափ դուր է գալիս նկարչին և նա որոշում է ընդմիշտ այնտեղ ապրել: Թեոն ամեն ամիս 250 ֆրանկ էր ուղարկում եղբորը՝ հյուրանոցի, նկարելու պարագաների ծախսերը հոգալու համար:
Գարնանային գույները, վառ երանգները ուղղակի հիացնում էին Վան Գոգին․ այդ շրջանի նրա նկարներում ավելի գերիշխում էր դեղինը:
1888 թ. Վան Գոգը մեկնում է ֆրանսիական Պրովանս նահանգ՝ Առլ քաղաք: Այստեղի կյանքն անչափ դուր է գալիս նկարչին և նա որոշում է ընդմիշտ այնտեղ ապրել: Թեոն ամեն ամիս 250 ֆրանկ էր ուղարկում եղբորը՝ հյուրանոցի, նկարելու պարագաների ծախսերը հոգալու համար:
Գարնանային գույները, վառ երանգները ուղղակի հիացնում էին Վան Գոգին․ այդ շրջանի նրա նկարներում ավելի գերիշխում էր դեղինը:
Վան Գոգը սիրում էր նկարել բաց երկնքի տակ, հաճախ՝ գիշերը: Հենց այդպես են ստեղծվել նրա հանրահայտ «Աստղազարդ գիշերը Ռոնայում» և «Գիշերային սրճարանը»: «Ես առաջվա պես կարիք ունեմ հավատի. այդ պատճառով էլ դուրս եկա գիշերով տանից և սկսեցի աստղեր նկարել», – գրում է նա եղբորը:
Վան Գոգի կյանքի առլյան շրջանի կարևոր իրադարձություններից է Պոլ Գոգենի այցը: Երկու նկարիչները լավ ընկերներ էին և երկուսն էլ Առլը շատ էին սիրել: Գոգենն էլ այստեղ բազմաթիվ պեյզաժներ է նկարել:
Այս այցը սակայն ավարտվում է վեճով և աշխարհին հայտնի կտրված ականջի պատմությամբ: Վարկածներ կան, որ Գոգենն է կտրել Վան Գոգի ականջը՝ վեճի ժամանակ ինքնապաշտպանվելիս, մի վարկած էլ կա, ըստ որի՝ Վան Գոգն ինքն է կտրել սեփական ականջը՝ կատաղության նոպայի և աբսենտի ազդեցության տակ: Թե ինչ է եղել իրականում, պարզ չէ, սակայն այս միջադեպի արդյունքում Վան Գոգը ստեղծել է մի քանի ինքնանկարներ կտրված ականջով և վիրակապով:
1889 թ. Առլի բնակիչները բողոք են ներկայացնում քաղաքապետարան՝ խնդրելով իրենց ազատել այդ «կարմրահեր խենթի» ներկայությունից: Վան Գոգն ինքնակամ որոշում է հոգեբուժարան գնալ:
Հիվանդանոցում նրան թույլ են տալիս նկարել դրսում՝ հսկողության տակ: Հենց այդ շրջանում է ծնվում նրա ամենահայտնի գործերից մեկը՝ «Աստղազարդ գիշերը» և մի շարք այլ նկարներ:
Նյարդային նոպաները, սակայն, գնալով անտանելի և հաճաադեպ էին դառնում: Դրանցից մեկի ժամանակ նկարիչը կուլ է տալիս ներկերը: Չնայած սուր արտահայտված հոգեկան խնդիրները՝ եղբոր՝ Թեոյի ջանքներով Վինսենթը 1890 թ. Փարիզում մի ցուցադրության է մասնակցում և իր «Առլյան կարմիր խաղողի այգիներ» կտավը վաճառում է բավական բարձր գնով՝ 400 ֆրանկ: Սա Վան Գոգի կենդանության օրոք վաճառված միակ կտավն էր…
Վան Գոգն այս փաստից անչափ ոգևորվում է: Ոգևորվում է նաև Թեոն, նա եղբոր համար նոր ներկեր է գնում, սակայն նոպաների ժամանակ Վան Գոգը դրանցով նկարելու փոխարեն ուտում է… 1890 թ. Թեոն եղբոր համար լավ բժիշկ է գտնում՝ Գաշե անունով:
Սակայն երբ Թեոյի մոտ էլ ֆինանասական և անձնական խնդիրներ են սկսվում և նա չի կարողանում Վինսենթին առաջվա չափ ուշադրություն ու հոգատարություն հատկացնել, նկարիչը կորցնում է վերջին լուսավոր բանը, որ ուներ և վերջնականապես փակվում է իր մեջ: Նա վերադառնում է հոգեբուժարան, ինքնակամ:
Նույն թվականի հուլիսի 27-ին նա դուրս է գալիս նկարելու… Սակայն կրակում է ինքն իր վրա, ինքնուրույն վերադառնում հիվանդանոց, պառկում անկողնուն և սկսում հանգիստ ծխել: Հուլիսի 29-ին նկարիչը մահանում է՝ եղբորը՝ «Թախիծը հարատև է» ասելով:
Մեծ նկարչին հրաժեշտ տալու են գալիս շատերը: Բժիշկ Գաշեն փորձում էր խոսել, սակայն բառերը չէին կապվում, նա լաց էր լինում՝ ողբալով տաղանդի մահը, որն ընդամենը 37 տարեկան էր և դեռ կարող էր երկար ապրել ու նկարել:
Վան Գոգի մահից կես տարի անց մահանում է նաև Թեոն: Նա իրեն չէր կարողանում ներել վերջին շրջանի անտարբերությունը եղբոր հանդեպ: Նա իրեն էր մեղավոր զգում: Վինսենթի մահից հետո նա մորը նամակ է գրում. «Անհնար է իմ ցավը նկարագրել, անհնար է սփոփանք գտնել: Այս ցավը հավերժ ինձ հետ է լինելու և ես երբեք չեմ ազատվելու դրանից քանի ողջ եմ: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ նա խաղաղություն գտավ, որին ձգտում էր միշտ: Կյանքը նրա համար այնքա՜ն ծանր բեռ էր… Ա՜խ, մա՛մ, Նա այնքան իմն էր, իմ սեփական եղբայրը»:
Նյարդային լարվածությանը չդիմանալով՝ Թեոն մահանում է, սրտում տանելով եղբոր հարատև թախիծը: 1914 թ. Թեոյի այրին նրա աճյունը տեղափոխում է և թաղում Վինսենթի կողքին…։