Հայկական ազգային պարեր

ոմիտասը ժամանակին ազգային պար երևույթի մասին ասել է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերըմանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն առաջացման պահից իսկ արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյաքի և բնության հանդեպ:

Հայկական ավանդույթների և, հատկապես, պարի մասին առաջինը խոսել է Պլուտարքոսը: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես էին գալիս առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից:

Պարերի մասին վկայություններ կարելի է հանդիպել նաև ժայռապատկերներում: Քարերի վրա տեսանելի են մարդիկ՝ կենդանական գլխանոցներով և պարային շարժումներով: Նման պատկերները ցույց են տալիս անգամ շարժման ռիթմն ու դինամիկան: Նկատելի են քայլերը, ոտնաթաթերի դիրքը և պտույտները:

Հայկական պարերի ուսումնասիրության առանցքային ուղղություն է հանդերձանքը՝ տարազը: Այն բացի մարդկանց կենցաղի բաղադրիչ լինելուց, հանդիսանում է նաև ազգային պարի կարևոր բաղադրիչը: Տարազn առանձին մշակույթ է, որը պարի ժամանակ իր նշանակությամբ ծառայել է, որպես երկրորդ մեղեդի:

Յուրաքանչյուր ժողովուրդ, ստեղծելով իր ազգային պարերն ու ժամանակի ընթացքում փոխանցելով դրանք, ենաթարկել է որոշակի փոփոխությունների, սակայն պահպանվել են միայն հայկական մշակույթին բնորոշ երաժշտական և արտահայտչական տարրերը, որոնք միանգամայն տարբերվում են այլ ժողովուրդների ազգային պարատեսակներից:

Ծիսական պարեր

Ծիսական պարերը բոլոր այն պարերն են, որոնք կատարվել են կենցաղում՝ կապված տարեկան տոների, հարսանիքների, թաղման արարողակարգերի և այլ ծեսերի հետ: Այս պարերն առավելագույնս ամփոփել են տվյալ ծեսի ներքին իմաստն ու խորհուրդը՝ իրենց կառուցվածքային բոլոր տարրերով: Կան ծիսական պարեր, որոնք կատարվել են միայն տարեկան տոների ժամանակ՝ միայն մեկ անգամ, տվյալ տոնի ընթացքում:

Պարային շարժումների միջոցով մարդիկ փորձել են պատկերել ինչ-որ պրոցեսներ և կատարել լուրջ ծիսական արարողություններ: Դրանց միջոցով նրանք աստվածներից որոշ պարգևներ էին խնդրել: Իսկ երբ արդեն ստանում էին ցանկալի պարգևը, կրկին ծիսական պարերի միջոցով շնորհակալություն էին հայտնում:

Հայերը պարին շատ զգուշությամբ և լրջորեն էին վերաբերվում: Քանզի պարերը ունեին ծիսական նշանակություն և ձոնված էին աստվածներին, հետևաբար, եթե ինչ-որ պարային շարժում սխալ կատարվեր, այն կբարկացներ աստվածներին

 

Ծիսական պարերն առանձնացել են նաև իրենց շարժումների յուրահատուկ սիմվոլիկայով: Պարերն ի սկզբանե եղել են շրջանաձև: Իսկ ի՞նչ սիմվոլիկա է ունեցել շրջանը: Շրջանն անվերջության և հավերժության սիմվոլն է: Պարի մեջ ետ և առաջ շարժումները խորհրդանշել են անկայունություն, և հետաքրքիր է այն փաստը, որ այս տեսակի պարերը հիմնականում պարել են կանայք: Տղամարդիկ հազվադեպ են ընդգրկվել նման պարերի մեջ:

Գոյություն ունի նաև հատուկ ծափ պարերի տեսակ: Ծափն ունի չարխափան նշանակություն, այսինքն ծափ տալով՝ ժողովուրդն արտահայտել է ոչ միայն իր ուրախությունն ու ցնծությունը, այլ պայքարել է չարի դեմ՝ այդ ձևով վախեցնելով չար ուժերին:

Սգո պարեր

Հայ ժողովուրդը պարի մեջ իմաստավորել է շարժման կողմն ու ուղղությունը և դրա մեջ խորհուրդ տեսել: Պարի ժամանակ աջ տեղաշարժը կոչվել է «ճիշտ գնալ»: Ճիշտ գնալ նշանակել է գնալ դեպի բարին, բարիքը: Կողքանց գնալ նշանակել է հաղորդել «կյանքի տատանումները»: Ձախ գնալ նշանակել է ընկնել ձախորդության կամ անհաջողության մեջ:

Հնում, երբ երաշտը մեծ վնասներ էր հասցնում և հողը ոչ մի բարիք չէր տալիս, մարդիկ սգում էին այդ կորուստը՝ կատարելով դեպի ձախ տեղաշարժվող պարեր՝ երաշտի պարեր, որոնք կոչվում էին նաև թարս պարեր:

Վաղնջական ժամանակներում սգո պարեր պարում էին նաև հուղարկավորության ծեսերի ժամանակ:

Մերձավորի մահից մեկ կամ երկու ամիս անց, որպեսզի ընտանիքի անդամները սգից ելնեն, հանգուցյալի ընկերներն ու ազգականները հավաքվում էին, այցելում սուգ պահող հարազատներին, նրանց ստիպում ուտել, խմել և պարել: Այս ամենից հետո համարվում էր, որ ազգականների սուգն ավարտվել է: Այս երևույթը հենց այդպես էլ կոչվում էր՝ «սգից հանել»:

Ռազմական պարեր

Պարի որոշ տեսակներ ունակ են փոխանցելու զգացողություններ և ներշնչել որոշ արժեքներ: Այդպիսի պարերից են ռազմապարերը, որոնք պարել են մարտի գնալուց առաջ, և որոնք օգնել են արթնացնել մարտական ոգին և փոքր թվով հաղթանակ տանել թշնամու բանակի դեմ:

Ռազմական պարերը բացի զորական անձանցից պարում էր նաև ժողովուրդը՝ ռազմիկներին պատերազմ ճանապարհելիս, դիմավորելիս, հաղթանակը տոնելիս կամ պարտությունը ողբալիս:

Ռազմական պարեր հնուց ի վեր պարել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Այդպես եղել է շատ ու շատ ժողովուրդների մեջ: Մինչ տղամարդիկ մարտնչում էին, կանայք ռազմական պարեր էին պարում, հավատացած լինելով, որ դրանով «ապահովում» էին իրենց ամուսինների հաղթանակը:

Ռազմական պարերում հետ քայլն ու առաջ քայլը խորհրդանշում են զինվորների նահանջն ու հարձակումը, սպասումն ու հաղթանակը:

Ռազմական պարերը պարել են նաև հուղարկավորությունների ժամանակ, հատկապես եթե հանգուցյալը կենդանության օրոք առնչվել է ռազմական գործին:

Յարխուշտա

Յարխուշտան մեզ հասած ազգային ամենաուշագրավ ռազմապարերից է: Յար-ը պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլ նաև օգնական, ընկեր՝ այս դեպքում համախոհ և զինակից: Իսկ խուշտա բառը ծագում է իրանական «խըշտ» բառից, որը նշանակում է կարճ նիզակ կամ զենք: Այսպիսով՝ Յարխուշտա պարի անվանումը նշանակում է զինակից ընկեր կամ զենքի ընկեր: Այս պարը պատկանում է ծափ պարերի դասին: Պարողները ձեռքի հարվածներով ասես փոխանակվել են զենքերով:

Այս պարը հիմնականում տարածված է եղել Սասունում: Յարխուշտայի մասին լեգենդներ են պատմում,  որ հակառակորդը, լսելով զուռնա դհոլի ձայնը և հայերի ռազմական խրոխտ պարը, թողել, փախել է ռազմի դաշտից՝ առանց ճակատամարտ տալու: Ըստ որոշ վկայությունների Զորավար Անդրանիկի և Գևորգ Չաուշի զորքերը մարտից առաջ հանդիպել են և, որպեսզի հասկանային, թե ում զորքն է ավելի ուժեղ՝ յարխուշտա են պարել: Այնքան ժամանակ են պարել, մինչ ուժեղ հարվածներից մի զորքի ձեռքի ափերը վնասվել են:
Յարխուշտան այն քիչ պարերից է, որը ժամանակի ընթացքում երբեք փոփոխությունների չի ենթարկվել:

Քոչարի

Հեթանոսական ժամանակաշրջանից մինչ օրս մեզ հասած և ամենատարածված պարը քոչարին է, որը նվիրվում է խոյի պաշտամունքին: Այդ ժամանակ հայերը կարծում էին, որ եթե անվախ լինեն, ինչպես խոյը, ապա ոչ ոք չի կարողանա իրենց ստրկացնել: Մինչև 19րդ դարը քոչարին պարում էին միայն  որոշակի տարիքի հասած տղամարդիկ, իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը՝ այն սկսեցին պարել բոլորը: Քոչարի պարի տարատեսակները բազմաթիվ են, քանի որ յուրաքանչյուր շրջան ունի այս պարի իր տարատեսակը: Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն:

Քոչարի պարի ծիսական շարժումներն իրենց մեջ ներառնում են ապրելու և զորանալու աստվածային եւ մարդկային դրական փոխհարաբերությունների գաղափարը:

2017 թվականին Հայկական քոչարի խմբապարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:

Ժողովրդի հիշողությունից և առօրյայից վաղուց անհետացել են պատկերացումներն այն մասին, որ ինքը մինչ օրս պարում է պարեր, որոնցով մի ժամանակ հմայություններ են արել թշնամուն կամ պարել՝ չար ոգիներին վնաս հասցնելու նպատակով: Ազգային պարն այսօր դարձել է առօրյա կյանքի, խնջույքների, բեմական ներկայացումների անբաժան մի մասը:

Ազգային մի շարք պարեր վաղուց ձեռք են բերել աշխարհիկ բնույթ, նրանցից շատերն էլ վերացվել և մոռացվել, սակայն ազգային պար երևույթը շարունակում է մնալ, որպես ազգի առանձնահատուկ և տարբերակիչ մշակութային տարր:

Նյութի աղբյուրը ՝ https://www.armgeo.am/armenian-national-dance/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով