Պերճ ՊՌՈՇՅԱՆ

Պերճ Պռոշյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հովհաննես Տեր-Առաքելյան) սովորել է Աշտարակի ծխական և Երևանի արքունական դպրոցներում, 1856 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1 տարի ուսանել Թիֆլիսի արքունական գիմնազիայում: 1857 թ-ին վերադարձել է ծննդավայր, նշանակվել ծխական դպրոցի տեսուչ, վարել գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը: 1859 թ-ից աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես ուսուցիչ: 
Պռոշյանը Թիֆլիսում մասնակցել է նաև հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը (1863 թ-ին գրել և բեմադրել է «Աղասի» ողբերգությունը, խաղացել Աղասու դերը), Երևանում, Թիֆլիսում, Ագուլիսում, Շուշիում, Աշտարակում և այլ վայրերում`  օրիորդաց և երկսեռ դպրոցների հիմնադրմանը, 1876–81 թթ-ին աշխատակցել է «Փորձ» ամսագրին, որտեղ էլ հատվածաբար տպագրվել են նրա վեպերից մի քանիսը: Մինչև 1879 թ. դասավանդել է Շուշիի, Ագուլիսի, Աստրախանի հայկական դպրոցներում: 1879–81 թթ-ին եղել է Երևանի և Կարսի թեմերի հոգևոր դպրոցների տեսուչ: Այդ շրջանում աշխարհաբարի է վերածել Մատթեոսի Ավետարանը, որի համար Գևորգ Դ կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում:
Պատանի Պռոշյանի վրա մեծ տպավորություն է թողել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որն էլ կանխորոշել է ապագա գրողի ստեղծագործական ուղին: Նա ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» (1860 թ.) վեպով, որտեղ ներկայացրել է հայրենի գյուղի նահապետական կենցաղը, ազգային սովորույթներն ու նիստուկացը, դրանց բախումը փողի ուժի ազդեցությամբ խեղաթյուրված բարքերին: Միքայել Նալբանդյանն իր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»» (1863–64 թթ.) աշխատության մեջ. Պռոշյանին համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից:
Վիպասանի երկրորդ՝ «Կռվածաղիկ» (1876 թ.) վեպում նահապետական գյուղն այլևս ներփակ համայնք չէ, այլ ներքին ու արտաքին հակասություններից տրոհված ցավալի իրողություն: 
Պռոշյանի ստեղծագործության բարձրակետը «Հացի խնդիր» (1879 թ.) վեպն է, որտեղ գրողը ներկայացնում է 2 անհաշտ ուժերի հակամարտությունը. բախվում են կեցության 2 ձևեր՝ բարոյական 2 նկարագրով: Նրանցից մեկի ներկայացուցիչ Խեչանենց Խեչանը ձգտում է պահպանել նահապետական համայնքի գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ Միկիտան Սաքոն, կապիտալի նախնական կուտակման մոլուցքով տարված, անողոք վայրենությամբ քանդում է նրա հիմքերը: Միկիտան Սաքոն ու նրա նմաններն ապրում են «Ինչ կանես արա, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս» սկզբունքով, որովհետև «հացի խնդիր ա»: Պռոշյանը խորությամբ ու անողոքությամբ է բացահայտել վերջիններիս գործելակերպի քստմնելիությունն ու վայրենացող բարոյազրկությունը:
«Ցեցեր» (1889 թ.), «Բղդե» (1890 թ.), «Հունոն» (1901 թ.) վեպերում, «Գյուղական խանութպան», «Հինգերորդ գինագիժը», «Բուլի-Բուլի», «Վարդի յուղը մահադեղ» և այլ պատմվածքներում Պռոշյանը շարունակել է գյուղի թեման: 
Ազգային-հայրենասիրական թեմայով գրած «Շահեն» (1883 թ.), «Սկիզբն երկանց» (1892 թ.) վեպերում հեղինակը ներկայացրել է XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի հայ իրականության ողբեգական պատկերը պարսկական ու թուրքական տիրապետության պայմաններում, փորձել է ընդհանրացնել XIX դարի ազգային-ազատագրական շարժման գլխավոր նպատակը և առաջադրել է որոշակի ծրագիր` հայ ժողովրդի փրկության ելքը համարելով ինքնակրթությունն ու զինված ինքնապաշտպանությունը:
Գրական-պատմական ուշագրավ էջերից են Պռոշյանի հուշագրությունները և հայ թատրոնին, դպրոցին ու մանկավարժությանը վերաբերող հոդվածները: 
Պռոշյանը թարգմանել է Լև Տոլստոյի, Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Օստրովսկու, Չառլզ Դիկկենսի և այլ գրողների գործերից:
Պռոշյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1985 թ., Հայֆիլմ) գեղարվեստական կինոնկարը:
Պռոշյանի անունով Երևանում և ՀՀ, ԼՂՀ այլ վայրերում կոչվել են դպրոցներ ու փողոցներ, գյուղ՝ ՀՀ Կոտայքի մարզում: 1948 թ-ից Աշտարակում գործում է Պռոշյանի տուն-թանգարանը:

   «Նրա (Պռոշյանի) երկերում ամենուրեք արտահայտվել է ափսոսանքի զգացում դեպի անցնող կյանքը, մի ջերմ համակրանք դեպի անցած մարդկանց հիշատակը, մի սենտիմենտալ կարեկցանք դեպի քայքայվող նահապետական գյուղը»:
Սերգեյ Սարինյան, 
գրականագետ

   «Պռոշյանի ստեղծագործությունը հատկանշվում է գեղարվեստական տեսահորիզոնի ընդարձակությամբ. գյուղական կյանքը նա դիտում էր բազմաճյուղ և տարաբնույթ կապերի մեջ՝ միացնելով սրան ժողովրդական սովորույթի, վարքի ու բարքի ընդարձակ ու գունագեղ նկարագրությունները»:
Կառլեն Դանիելյան, 
գրականագետ

Պերճ Պռոշյան | Հացի խնդիր | համառոտ

19-րդ դարի 40—50-ական թթ.: Սյուժեն սկսվում է յասավուլ Մարգարի մենախոսությամբ: Նա շտապում է Աշտարակ խափանելու Խեչանենց Խեչանի աղջկա՝ Հեղնարի և Սմբատի հարսանիքը: Սմբատը սիրում է Հերիքնազին, որը Խեչանի քրոջ աղջիկն է, իսկ Հեղնարը՝ Արշակ անունով մի ստահակի: Հարսանիքն իրոք խափանվում է: Գյուղական կոնֆլիկտի մի կողմում նահապետական մաքուր բարքերի կրողներն են՝ Խեչանանց Խեչանը, Հեղնարը, Սմբատը, Հերիքնազը, մյուս կողմում՝ Միկիտան Սաքոն, մովրովը, յասավուլները: Բախվում են հասարակության այս երկու հակոտնյա ուժերը, ամեն մեկն իր կացութաձևով ու բարոյական սկզբունքներով, գոյության իրավունքի իր փիլիսոփայությամբ։ Դրամի և շահի հոգեբանությունը անկասելի վարակի ուժ է ստացել, նահապետական գյուղն անդառնալիորեն քայքայվում է, ժողովրդի հոգեբանության ու բարոյական նկարագրի մեջ սողոսկում են մինչ այդ անհայտ գծեր, որոնք դրամական հարաբերություների ներթափանցման հետևանք են։ Միկիտան Սաքոն, որն իր բռի մեջ է պահում ողջ գավառը (նրա սկզբունքը հնչում է այսպես. «Ինչ կանես արա, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս… հացի խնդիր ա»), որոշում է տիրանալ նաև Խեչանի հարստությանը՝ ամուսնանալով նրա աղջկա հետ։ Խափանում է երիտասարդների երջանկությունը, խարդավանքով բանտ նետում Խեչանին։ Երբ քամվում են զոհի վերջին հյութերը, հայտնվում է արդարադատ դատավորը և ազատում Խեչանին: Խեչանը դուրս է գալիս բանտից, բայց արդեն այն ժամանակ, երբ բարոյապես ու տնտեսապես սպառել  է իրեն, այլևս չունի ոչ իրական ուժ և ոչ էլ հավակնություն: Նա դուրս է եկել բանտից ոչ թե ապրելու ու ապրեցնելու համար իր հարազատներին, այլ՝ իր հայտնությամբ ավելի ընդգծելու երբեմնի շեն գերդաստանի կործանման ողբերգությունը: Երբեմնի հարուստ ու երջանիկ ընտանիքից մնում է միայն Հերիքնազը, որն ամուսնանալով Սմբատի հետ՝ ծխացնում է Խեչանանց Խեչանի ավերված օջախը։ Վերջին շնչում Հեղնարը օրհնում է Սմբատի և Հերիքնազի միությունը և ավանդում հոգին: Վշտից մահանում է նաև Խեչանի քույր Մարիամը, իսկ Խեչանին մի քանի օր հետո գտնում են շիրմի վրա անշնչացած: Արդարադատ դատավորի հայտնվելը դրական փոփոխություններ առաջ չի բերում։ Նրա հայտնությունը ոչ թե սոցիալական բարդ հարցեր լուծելու իդեալ է, այլ զուտ գեղարվեստական հնարք՝ վեպը հանգուցալուծելու համար։ Միկիտան Սաքոն, որը դառնում է կործանման ու ողբերգությունների խորհրդանիշ, առաջվա նման իր ձեռքում է պահում հասարակական կյանքում կատարվող բոլոր իրադարձությունների ղեկավարման թելերը։ Վերջին պահին խույս տալով արդարադատությունից, շարունակում է իր հանցավոր ուղին: Նրա մասին հայտնի է, որ հանգրվանում է Պարսկաստանում, հավատափոխ է լինում և դառնում է մոլլա: Յասավուլ Մարգարը հասնում է նրա ետևից՝ վրեժը առնելու, սակայն սրիկան, գրգռելով կրոնախև ամբոխին, քարկոծել է տալիս նրան:

 | Ցեցեր | համառոտ

Հեղինակը ներկայացնում է Սամփսոնի և Սոնայի ծնողների ուխտով երդված սերը: Սակայն Պռոշյանի պատկերած ժամանակը, որը բեկման ժամանակ է, թույլ չի տա իդիլիային զարգանալ իր բնականոն հարթ ընթացքով: Տանուտեր Խուդոն, Սոնայի հոր՝ Բարսեղի հարստությունը ձեռք գցելու համար փորձում է նրա դստերը ամուսնացնել իր որդու հետ և այդ նպատակով խափանում է Սամփսոնի և Սոնայի հարսանիքը: Նրան հովանավորում են մեծահարուստ Բալասան աղան և տեր Սուքիասը: Աղետը համընդհանուր է: Դա աղետալի ժամանակի ողբերգական շրջանակն է: Ամենուրեք դժգոհություն է, մարդասպանություն, մարդկանց կրքերը բորբոքված են. «ցեց ա, որ մտել ա մեր ջանը»: Վեպը ներկայացնում է գյուղական տիպերի մի պատկերասրահ՝ «Արտեմ Սերգեյիչը», «Ցեցապետը», «Էջմիածնի ուխտապետը», «Տանուտեր Խուդոն», «Միկիտան Սաքոյի երկվորյակը», «Երեսփոխանը»… Ավանդական անունների կողքին հայտնվում են նաև նորերը՝ Մինայ, Միֆոդի, Միտրոֆան…

Սակայն հարսանիքի խափանումը վերջնականորեն չի ընկճում Սամփսոնին և Սոնային: Նրանք համարձակորեն պայքարի են բռնվում խարդավանքի դեմ: Գյուղն իր միջոցներով է լուծում նոր ժամանակում իր առաջ ծառացած խնդիրը:

Գյուղափրկիչ գաղափարներով Գևորգյան ճեմարանից եկած Սիսակը և Սմբատը իրապես փրկիչներ չեն՝ չնայած ամենաբարի նկրտումներին: Էջմիածնի ուխտավորը, որը բերել է Խրիմյան Հայրիկի վկայաթուղթը, վարժապետ է կարգվում գյուղում և ստանձնելով Բալասան աղայի ատենադպիրի պաշտոնը, գործակցում է «ցեցապետի» հետ՝ գործի դնելով ձեռագիր կեղծելու իր վարպետությունը: Միաժամանակ հիշատակարանում գրանցում է Բալասան աղայի սրիկայությունները: Դրանք օգնում են բացահայտել Բալասան աղային, իսկ ինքը գրագիրը փախչում է:

Տանուտեր Խուդոն օրենքով դատապարտվում է բանտարկության, տեր Սուքիասը բանադրվում և աքսորվում է Սևան, իսկ Բալասան աղան կաթված է ստանում: Տանուտեր է դառնում Արտեմ Սերգեյիչը, գրագիր ու վարժապետ է նշանակվում Սիսակը, կայանում է Սամփսոնի և Սոնայի խափանված հարսանիքը, նահապետական գյուղը շարունակում է նախկին ավանդական կյանքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով