Վահագն Դավթյան 100

Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում։ Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը։ Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ Կրասնոդարում փռապան էր և օգնում էր ընտանիքին։

Դպրոցն ավարտելուց հետո ուղարկել են բանակ, անմիջապես սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն, ընդունվել համալսարան։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 1945-1954 թվականներին, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 1954-1962 թվականներին, գլխավոր խմբագիր՝ 1962-1965 թվականներին, «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 1965-1967 թվականներին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ 1967-1981 թվականներին, «Սովետական Հայաստան» (1989 թվականից՝ «Վերածնված Հայաստան») ամսագրի գլխավոր խմբագիր՝ 1981-1990 թվականներին, Հայաստանի գրողների միության նախագահ՝ 1991-1994 թվականներին, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 1986 թվականին, ակադեմիկոս՝ 1996 թվականին։ Մահացել է 1996 թվականի փետրվարի 21-ին Երևանում, աճյունն ամփոփած է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Մոտ 40 բանաստեղծական ժողովածուի, գրական- հրապարակախոսական հոդվածների 2 գրքի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածի, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների հեղինակ է։ Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ Թարգմանել է Ա. Ս. Պուշկինի, Ս. Ա. Եսենինի, Ա. Բլոկի, Շ. Պետեֆիի, Ռոբերտ Բըրնսի, Ռուդաքի, Մեժելայտիս, Ա. Կիրակոսյանի և այլոց բանաստեղծություններից։

Երկերի մատենագիտություն

  • Աշխարհի առավոտը, Երևան, 1950:
  • Ճանապարհ սրտի միջով, Երևան, 1955:
  • Լուսաբացը լեռներում, Երևան, 1957, 227 էջ։
  • Թոնդրակեցիներ, Երևան, 1961, 196 էջ։
  • Թոնդրակեցիներ, Թեհրան, 1962, 169 էջ։
  • Ամառային ամպրոպ, Երևան, 1964 թվական, 384 էջ։
  • Բայց ծնվեցի, Երևան, 1965:
  • Գինու երգը, Երևան, 1966, 192 էջ։
  • Ծուխ ծխանի, Երևան, 1969, 239 էջ։
  • Անկեզ մորենի, Երևան, 1972, 256 էջ։
  • Երկերի ժողովածու 2 հատորով, հատ. 1-2, Երևան, 1973-1975։
  • Զուգահեռ ճանապարհ (հուշագրություններ, ուղեգրություններ, հրապարակախոսություն), Երևան, 1976, 404 էջ։
  • Կապույտ գիրք, Երևան, 1978, 356 էջ։
  • Բարի հսկան (հանդիպումներ Վիլյամ Սարոյանի հետ), Երևան, 1979, 208 էջ։
  • Լույսն իբրև հաց (հատընտիր), Երևան, 1980, 196 էջ։
  • Ասք սիրո, Երևան, 1982, 460 էջ։
  • Լույս առավոտի, Երևան, 1984, 216 էջ։
  • Երկերի ժողովածու 2 հատորով, հատ. 1-2, Երևան, 1985 :
  • Անքնություն, Երևան, 1987, 350 էջ։
  • Ծննդավայր, Երևան, 1988 [5]:
  • Հայերգություն, Երևան, 1988, 237 էջ։
  • Ի սկզբանե էր Բանն (հոդվածներ, էսսեներ), Երևան, 1989, 606 էջ։
  • Հայաստան 88, Երևան, 1991:
  • Համառոտ պատմություն հայոց, Երևան, 1992:
  • Գիրք ողբի և գովքի, Երևան, 1994։
  • Հողմաշունչ գիշերներ, Երևան, 1995, 126 էջ։
  • Անխորագիր (էսսե վիպակ), Երևան, 2003, 163 էջ[6]։
  • Օրհնության նվագներ, Երևան, 2003, 158 էջ[7]։
  • Արևոտ հովիտ, Երևան, 2007, 248 էջ։
  • Հայերգություն, Երևան, 2008:
  • Ընտրանի, Երևան, 2012, 192 էջ։
Գրքեր Վահագն Դավթյանի թարգմանությամբ
  • Շպիվաչով Ստեփան, Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1951, 203 էջ։
  • Հիքմեթ Նազիմ, Զոյա, Երևան, Հայպետհրատ, 1951, 16 էջ։
  • Նայդենովա Նինա, Ես շատ գործեր ունեմ, Երևան, Հայպետհրատ, 1953, 28 էջ։
  • Մարշակ Ս., Ձախորդ վարպետը, Երևան, Հայպետհրատ, 1956, 15 էջ։
  • Պետեֆի Շանդոր, Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1957, 198 էջ։
  • Եսենին Սերգեյ, Հատընտիր (ժողովածուի բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Վ. Դավթյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 397 էջ։
  • Կիրակոսյան, Ալիսիա, Արմատ և Էություն, (1967 թ.), (1971 թ.)
  • Ռոբերտ Ռոժդեստվենսկի (1975 թ.)
  • Ռոբերտ Բյորնս, Իմ սիրտը լեռներում է (1977)
  • Է․ Մեժելայտիս, Քարե գինի (1980 թվական)
  • Շանդոր Պետեֆի (1981 թվական)
  • Աստղային ձայներ (թարգմանությունների ժողովածու) (1983 թվական)
  • Արյունոտ Հարսանիք, Գարսիա Լորկա (1986 թվական)
  • Ռուդաքի (1995 թվական)

* Դավթյանը օտար լեզուներով

  • Рассвет в горах (1960 թվական)
  • Летний зной (1960 թվական)
  • Poème d’amour et d’épée (1974)
  • Неопалимая купина (1980 թվական)
  • Свет как хлеб (1981 թվական)
  • Libro Azul (1981 թվական)
  • Сказания о любви (1984 թվական)
  • Ռեքվիեմ՝
    • լիտվերեն (1980 թվական)
    • իսպաներեն (1981 թվական),
    • ռուսերեն (1981 թվական),
    • գերմաներեն (1986 թվական),
    • ֆրանսերեն(1986 թվական),
    • արաբերեն (1996 թվական),
    • վրացերեն (2015 թվական)

 

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ-ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Անքնություն,

Դեղին թախիծ,

Դու, որ կյանքում հետապնդել

Ու հալածել ես ինձ անվերջ, իբրև ոսոխն իմ անձնական,

Ինչպես դարձար այսքան մոտիկ,

Ինչպես դարձար այսքան ընտել

Ու սիրելի դարձար անգամ…

Կան այդպիսի համառ կանայք,

Սիրահարվում կյանքում մեկին,

Հետապնդում խոնարհ ու լուռ,

Թվում են թույլ, թվում անկամ,

Բայց տեսնում ես կամաց-կամաց,

Որ զորությամբ մի անմեկին

Դառնում մոտիկ ու մտերիմ,

Բաղձալի են դառնում անգամ:

Անքնություն,

Դեղին մորմոք,

Դու չսիրած-սիրած իմ կին,

Եթե չգաս ամեն գիշեր ու սնարիս լուռ չհսկես,

Ինչպես պիտի գտնեն իրար

Ու հասկանան իրար կրկին

Ցերեկների տենդում կորած իմ եսն ու ես …

Թե դու չգաս,

Ես առանց քեզ ինչպես անեմ հոգեհարցում,

Ինչպես խոսեմ անհայտի հետ,

Կապույտի հետ,

Ցողի,

Խոտի,

Փոշեկալած իմ հոգու մեջ

Ինչպես գտնեմ խիղճ ու արցունք,

Ինչով ցողեմ բացվող դեմքը առավոտի:

Թե դու չգաս,

Ինչպես լսեմ քամու հառաչն անպատմելի,

Ինչպես, ասա,

Ականջ դնեմ զղջումներիս հեռու լացին,

Ինչպես բռնեմ ընկնող ասուպն ու ու կսկիծով իմ մատների

Տանեմ նորից պատանության իմ սիրածին:

Ինչպես գնամ ծննդավայր,

Ինչպես գտնեմ գետակն իմ զով,

Մեր դուռը փակ,

Որ նա իմ դեմ բացվի որպես ավետարան,

Ծուխ ծխանին,

Թոնիրը տաք, որ լեցուն էր արշալույսով

Եվ այն ամենն, ինչ ինձանից

Դարի հողմերն անհետ տարան:

Ուրեմն,

Փառք ու գոհություն

Քեզ, իմ տանջված, քեզ, իմ արդար,

Դու` ցավող սիրտ,

Արթուն կարոտ,

Անջնջելի խղճի խարան,

Դու` կորստի ու զղջումի տառապալի հաշվեհարդար,

Դու` աստղային իմ քավարան…

 

Վահագն Դավթյան

  1. ԱՅԳԵՊԱՆԻ ԱՂՋԻԿԸ
  2. Զարթնել են նորից տարիներն անցած
  3. ՈՍԿԵԳԵՏԱԿԸ
  4. ՀԻՄՆ ԿՆՈՋ
  5. ՍԵՐ
  6. ԺԱՄ ՀԱՅՏՆՈԻԹՅԱՆ
  7. Դաշտով վազում է
  8. ԵՐԿԻՐ, ՔԱՐԻ ՄՈԼՈԻՑՔ…
  9. ՀԱՐՍՏՈԻԹՅՈԻՆ
  10. ՀԱՅՐԵՆԻՔ
  11. ԿԱՐՄԻՐ ԲԼՈԻՐ
  12. Ե՛Ս՝ ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՍ՝ ՔԱՐԵ…
  13. Ասում են հեռու Եփրատն է մի օր
  14. ԵՐԳՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
  15. ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ
  16. ԶՎԱՐԹՆՈՑԻ ԱՐԾԻՎԸ
  17. ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ
  18. ՀԱՎԱՏՈԻՄ ԵՄ ՔԵԶ
  19. ՃՆՃՂՈԻԿԸ
  20. Դու փոքրիկ ես, իմ աշխարհ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով