Գարնանային 5 սիրավեպ ,որ արժե կարդալ…
Տարվա գրեթե բոլոր եղանակները ոգեշնչել են բանաստեղծներին ու նկարիչներին, բայց ամենաշատը ու ամենագեղեցիկը գարունն է մղել նրանց ստեղծագործելու: Գարուն են երգել հայ գրեթե բոլոր պոետները, գարուն են պատկերել մեր բոլոր նկարիչները: Գարունն ինքնին գույն է, լույս, բառ, հնչյուն, թրթիռ ու տրոփյուն…
Բազմաթիվ ու բազմապիսի գրքերից ընտրել ենք մի քանիսը, ձեր գարնանային օրը գեղագիտորեն լիարժեք ու գունեղ դարձնելու նպատակով:
- Ալեքսանդր Դյումա որդի —Կամելիազարդ տիկինը
«Կամելիազարդ տիկինը» վեպը ֆրանսիացի դրամատուրգ, բանաստեղծ և վիպասան Ալեքսաանդր Դյումա որդու անունը միանգամից հանրաճանաչ դարձրեց ամբողջ աշխարհում: Փարիզյան կուրտիզանուհի Մարգարիտ Գոթիեի ողբերգական կյանքի պատմությամբ՝ Դյումա որդին վեր էր հանում հասարակության քաղքենիական նախապաշարումների պատճառով խորտակվող ճակատագրերի դրաման:
- Աբբա Պրևո —Մանոն Լեսկո
Աբբա Պրևոն իր հանրահայտ «Մանոն Լեսկո» (1731) վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խոր զգացմունքների պատմությունն է։
- Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ- Գիշերն անույշ է
Մարդկային տարօրինակ ու կործանարար հարաբերությունների պատմություն, որտեղ կարեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը՝ դառնում ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը:
Ֆիցջերալդի այս վեպը գրեթե մեկ դար հեռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված երջանկության հմայքով:
- Գյուստավ Ֆլոբեր- Տիկին Բովարի: Գավառական բարքեր
«Տիկին Բովարի» կամ «Մադամ Բովարի»-ն ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերի վեպն է՝ առաջին անգամ տպագրված 1856 թվականին։ «Տիկին Բովարի» վեպի գլխավոր հերոսուհին՝ Էմմա Բովարին, բժշկի կին է, որն արտաամուսնական կապեր է հաստատում՝ հույս ունենալով ազատվել գավառական կյանքի դատարկությունից։ Վեպի հրապարակումից հետո հեղինակին մեղադրեցին բարոյական նորմերն արհամարհելու մեջ և անգամ դատական գործ հարուցեցին հեղինակի և ամսագրի խմբագրի դեմ։
- Ջոն Գրինի — «Թղթե քաղաքները»
2009թ.-ին թողարկված այս գրքի հիման վրա 2015թ.-ին նկարահանվել է նաև ֆիլմ, բայց այն բավականին տարբերվում է գրքից ու նույնչափ լավը չէ: Արկածային այս վեպի հերոսներն են առեղծվածներ սիրող Մարգոն ու նրան սիրահարված Քուենթինը: Երբ Մարգոն մի գիշեր թակում է Քուենթինի պատուհանն ու նրան խնդրում օգնել իրեն, տղան չի կարողանում մերժել նրան: Այդ որոշմանը հետևում է արկածներով ու զավեշտալի պատմություններով լի գիշեր, որից հետո սակայն Մարգոն անհետանում է: Քուենթինի առաջադրանքն է նշանների միջոցով գտնել իր սիրելի աղջկան: Բայց ինչպես կարող ես գտնել մեկին, որը չի ցանկանում իրեն գտնեն: Ջոն Գրինը այս գրքում նույնպես ընդգրկել է իր հումորային էլեմենտներն ու նորը հայտնաբերելու փորձերը: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է:
<<Ինչ սխալ բան է մտածել, որ մարդն ավելին է քան իրականում կա>>