ԱՐԳԵԼՎԱԾ գրականություն…

Այսօր դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ ինչ-որ գրքեր արգելված են եղել: Սակայն դեռ անցյալ՝ 20-րդ դարում այդպիսի շատ ու շատ վեպեր են եղել, որոնք բարոյական նորմերին չհամապատասխանելու, անպատշաճ բառաշերտեր և գռեհկաբանություններ պարունակելու, բաց, սեքսուալ տեսարանների նկարագրությունների առկայության պատճառով արգելված են եղել տասնյակ տարիներ:
Բայց արգելքը վեպերի ճանաչվածությանն ու ընթերցվածության բարձր ցուցանիշներին ամենևին չի վնասել, այլ բոլորովին հակառակը՝ հավելյալ ուշադրություն ու հետաքրքրություն է ծնել նման գրականության շուրջ:

  • Խեցգետնի արևադարձը / Tropic of Cancer. 1934 թ.

    հեղինակ՝ Հենրի Միլեր, թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան`

    «Խեցգետնի արևադարձը» պատմում է ամերիկացի վիպասան Հենրի Միլերի՝ Փարիզում անցկացրած տարիների, նրա սեքսուալ արկածների մասին: Այն տպագրվել է նախ Փարզում 1934 թ. 1000 տպաքանակով և 30-ականների համար բավական թանկ գնով՝ 50 ֆրանկ: Այդ տարիներին Ֆրանսիայում թույլատրվում էին «անբարո» բովանդակությամբ գրքեր հրատարակել, եթե դրանք ֆրանսերեն չէին: Իսկ Միլերի վեպն անգլերեն էր, ուստի չտպագրելու պատճառ չկար:Սակայն հրատարակիչ Ջեք Կագանը գրախանութներին պատվիրել էր այն թաքուն վաճառել: Գրքի բովանդակային ծանոթագրություն մեջ նա գրել էր. «Ce volume ne doit pas être exposé en vitrine» – «Այս գիրքը ցուցափեղկերում չդնել»: Գրքի մի քանի օրինակներ, հայտնվելով ԱՄՆ-ում և Անգլիայում, միանգամից արգելվեցին:Միլերի հայրենիքում՝ ԱՄՆ-ում «Խեցգետնի արևադարձն» իր «անպարկեշտ» բովանդակության և բառապաշարի պատճառով 30 տարի արգելված էր։ Այն Նահանգներում տպագրվելու թույլտվություն ստացավ միայն երկար դատավարություններից հետո՝ 1960-ականներին:Այսօր Հենրի Միլերի վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի արձակի լավագույն գործերից մեկը:

  • Ստամբուլի բիճը /The Bastard of Istanbul. 2006 թ.

    հեղինակ՝ Էլիֆ Շաֆաք

    թարգմանիչներ՝ Արփի Աթաբեկյան (թուրքերենից),
    Մարո Մադոյան-Ալաջաջյան(անգլերենից)

    «Ստամբուլի բիճը» թրքուհի վիպասան Էլիֆ Շաֆաքի 6-րդ վեպն է և 2-րդը՝ անգլերեն լեզվով: Այն Թուրքիայում արգելված է «ազգային ինքնությունը վիրավորող» բովանդակության համար: Հենց այս նույն մեղադրանքով էլ թուրք ազգայնականները սկսեցին հետապնդել հեղինակին: Թուրքիայում հայտնի 301 հոդվածով նրա դեմ դատավարություն էլ սկսվեց: Հայրենիքում վտանգներն այնքան շատ էին ու իրական, որ Էլիֆ Շաֆաքը հեռացավ այնտեղից և այժմ ապրում է Լոնդոնում:Վեպը պատմում է երկու՝ թուրք և ամերիկահայ ընտանիքների, նրանց փոխհարաբերությունների, գաղտնիքների, մեղքի և դրանից ազատվել չկարողանալու մասին:Թուրք Մուստաֆան մեղք է գործել քրոջ հանդեպ: Վեպում Մուստաֆայի այդ աններելի մեղքը զուգահեռվում և համեմատվում է հայերի հանդեպ թուրքերի գործած մեղքի հետ: Երկու մեղք՝ մաշտաբներով և բնույթով գուցե տարբեր, բայց նման նախևառաջ նրանով, որ հանցագործի հոգում անջնջելի հետք են թողնում՝ մեղքի զգացողությունից, մեղսավոր լինելու անտանելի ենթագիտակցությունից ազատվելու անկարողության պատճառով:Վեպը թարգմանվել է 30-ից ավել լեզուներով, այդ թվում նաև՝ հայերենով և՛ անգլերենից, և՛ թուրքերենից:

  • Անասնաֆերմա / Animal Farm. 1945 թ.

    հեղինակ՝ Ջորջ Օրուել, թարգմանիչ՝ Արտաշես Էմին

    Օրուելն իր ոճի և ժանրի մեջ է. հակաուտոպիստական, այլաբանական-երգիծական այս վիպակն այլաբանորեն պատկերում է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխության, դրա սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա ընթացքը, որն էլ հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմի:Մի ծեր խոզ ժողով է հավաքում, գալիս են բոլոր կենդանիները, ծեր խոզը պատմում է իր երազը, թե ինչպես էին նախնիները երգում: Այդ երգը խոզին անչափ ոգեշնչել էր, նա էլ փորձում է ոգեշնչել մյուս կենդանիներին, բարձրացնել նրանց մարտական հոգին և պատրաստել ապստամբության: Բայց 3 օր անց ծերուկը մահանում է: Սակայն կենդանիներին արդեն կանգնեցնել չէր լինի: Նույնիսկ առանց առաջնորդ՝ նրանք ապստամբում և հեղափոխություն են գլուխ բերում: Ազատություն, ինքնիշխանություն: Սա՞ էր կենդանիների ուզածը՝ Անասնաֆերմա՞ն:Գիրքը քաղաքական ենթատեքստի պարունակության պատճառով երկար տարիներ արգելված էր, իսկ այսօր՝ հակաուտոպիստական լավագույն գործերից մեկն է համարվում: Այն էկրանավորվել է 2 անգամ․ 1954 թվականին Մեծ Բրիտանիայում՝ որպես անիմացիա, և 1999-ին ԱՄՆ-ում՝ որպես հեռուստատեսային ֆիլմ։

  • Լոլիտա / Lolita, 1955 թ.

    հեղինակ՝ Վլադիմիր Նաբոկով, թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան

    Վեպը մեծահասակ տղամարդու՝ դեռատի աղջկա հանդեպ ունեցած ամենակուլ կրքի մասին է: Նաև՝ սիրո: Այս վեպը շատ կարևոր թեմաներ է բարձրացնում. մանկապղծություն, սեքսուալ անկառավարելի կիրք, սիրո անսահմանություն ու հստակ սահմաններ: Մարդկային մեղքի, երևակայության, ցանկությունների և հնարավորությունների, կյանքի իմաստների և անիմաստության գիտակցության և էլի բազում կարևոր բաների մասին է այն: Եվ հենց այս խորը ենթաշերտերի, հմուտ գրական կերտվածքի, լեզվաոճական բազում, գեղեցիկ ու գտնված հնարքների շնորհիվ էլ վեպը 20-րդ դարի և առհասարակ գրականության պատմության լավագույն վեպերից մեկն է համարվում:Գիտակցելով, որ հասուն տղամարդու և դեռատի աղջնակի միջև սիրային-սեռական կապի մասին պատմող վեպը կարող է քննադատվել՝ Նաբոկովն ուզում էր այն կեղծանունով տպագրել: Այնուամենայնիվ, վեպը տպագրվում է 1955 թ. Վլադիմիր Նաբոկովի անունով ֆրանսիական «Օլիմպիա Պրեսս» հրատարակչության կողմից, որը կիսապոռնոգրաֆիկ գրականություն էր տպագրում հիմնականում:Վեպը մեծագույն քննադատությունների և հիացմունքերի ալիք բարձրացրեց: Տպագրվեց, նորից տպագրվեց, նորից… «Քամուց քշվածներից» հետո այն 2-րդ գիրքն էր, որ ԱՄՆ-ում առաջին 20 օրերի ընթացքում վաճառվել է 100 000-ից ավել օրինակով: «Լոլիտան» Նաբոկովին այնքան է հարստացնում, որ հեղինակը որոշում է տեղափոխվել Շվեյցարիա և դադարեցնել դասավանդելով փող աշխատելը:Սակայն «Լոլիտան երկար տարիներ տարբեր երկրներում արգելված էր՝ համարվելով պոռնոգրաֆիկ բնույթի և մանկապղծություն քարոզող վեպ:1962 թ. Սթենլի Կուբրիկը որոշում է գրքի հիման վրա ֆիլմ նկարել: Սցենարը գրում է Նաբոկովը: «Սա անգլերենով գրված իմ ամենակարևոր գիրքն է, ես չեմ կարող թույլ տալ, որ այն փչացնեն»: Գրողը նաև Օսկար է ստացել՝ «լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում:
    35 տարի անց՝ 1997 թ. էկրաններ է բարձրանում երկրորդ «Լոլիտան»՝ Ջերեմի Այրոնսի, Մելանի Գրիֆիթի, Դոմինիկ Սուեյնի մասնակցությամբ: Ռեժիսորն էր Էդրիան Լայնը:

               Աղբյուրներ ` Antares.am, Wikipedia,Շուշան Մարուքի

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով