Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկած բանաստեղծը….

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում:1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

«Թող ոչ ոքի չկանչեն»

Ինձ խաբեցին ամենուր,
Խաբեությամբ խաչեցին։
Ձեռքիս խաչբուռը առան
Ու վրաս խաչ քաշեցին։
— Քոնն է աշխարհն,- ասացին,
Տանս քարերը տարան…
— Տուն ունեցար՝ տանդ մեջ
Բույն կդնի սատանան։
Կապանքներ են ավելորդ
Տան գերանն ու պատը ճաք,
Կյանքդ պիտի ծվարի
Հրեշտակի թեւի տակ։
Եթե մերն ես ու մեզ հետ,
Անմեղներից անմեղն ես,
Կռիվ եղավ՝ կգնաս,
Մեր փոխարեն կմեռնես։
Անմահ զինվոր կդառնաս
Երկնքի կեռ հոնքի տակ,
Մենք ծաղիկներ կբերենք,
Կփռենք քո ոտքի տակ։
Մենք կապրենք քո փոխարեն,
Առավոտից մինչեւ մութ
Ճառ ու կոչով կսիրենք
Հայրենիք ու ժողովուրդ։
Ի՞նչ է ծառը քո բակի,
Ծառն ինչի՞դ է հարկավոր…
Երբ կամեցար, կնստես
Անտառների թագավոր։
Քոնն են ծովերը բոլոր,
Օվկիանոսները անգամ…
Ի՞նչ է աղոթքն աղբյուրիդ,
Որ խոնարհվում ես այդքան…
Առան աղբյուրն էլ մի օր,
Մոտիկ քաղաքը տարան…
Որ երեսը չթրջի,
Երես չառնի սատանան։
Քո ձեռքերով կցանես,
Շունչ կքաշես մեր կանչով,
Մեր աչքերով կտեսնես,
Կլսես մեր ականջով։
Մեր ուղեղով կդատես
Ու կխոսես մեր լեզվով
Եվ կզգաս, որ մշտապես
Պինդ ու ուժեղ ես մեզնով։
Հոգուս վրա նախ քիչ-քիչ
Սունկ ու մամուռ աճեցին…
Հետո եկան ու ցամաք
Գաղափարներ դաջեցին։
Եվ մտքերիս մեջ հանկարծ
Կասկածանքներ ծլեցին…
Գլխի ընկա, որ արդեն
Ինձ էլ ինձնից խլեցին։
Չիմացա, թե ով եմ ես
Ու որտեղից եմ գալիս,
Ում կամքով եմ ծիծաղում
Եվ ում վրա եմ լալիս…
Անցած հազար անկումից,
Հազար ցավի դիմացած,
Հեռանում եմ աշխարհից՝
Աշխարհից բան չիմացած…
Թող ոչ ոքի չկանչեն
Ճանապարհներն իմ անցած։

«Ոչինչ չի փոխվի»

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

«Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

«Ի՞նչ Թաքցնեմ»

«Ի՞նչ Թաքցնեմ» .
Էլ բան չունեմ
Ես աշխարհից թաքցնելու:
Մինչև հիմա ,որ չեմ հանգել
Էլ ինձ ո ՞վ է հանգցնելու:
Վառվել եմ ես մանկուց ի վեր
Ծիծաղել եմ ու հառաչել,
Ծիծաղել եմ ու հառաչել
Ինձ գտնելու մի հարցումով.
Եվ վերջապես կամաց-կամաց
Սկսել եմ ինձ ճանաչել,
Թեկուզ ՝այսքան ուշացումով:
Սկսել եմ ինձ ճանաչել
Ոչ թե այլոց կարծիքներով ,
Ոչ թե թևիս ու գլխիս տակ
Դրած փափուկ բարձիկներով,
Այլ՝ հոգսերի ծովն ամփոփող
Իմ ծով սրտի տարողությամբ…
Յոթ գլխանի տառապանքին
Դիմանալու կարողությամբ:
Սկսել եմ ինձ ճանաչել
Ոչ թե ինչ-որ խաբված սիրով
Այլ հոգուս մեջ շառագունած
Երազներիս Կաթն Ծիրով:
Սկսել եմ ինձ ճանաչել
Այս համարձակ առավոտով,
Իմ վաստակի վարձով առատ,
Մաքուր պահած իմ հավատով,
Արյան գույնով իմ անարատ:
Սկսել եմ կամաց-կամաց
Ինձ ճանաչել ու հասկանալ,
Ինձնից անկախ պատճառներով
Գործած բոլոր մեղքերիս դեմ
Սկսել եմ կամաց-կամաց ըմբոստանալ:
Սկսել եմ կամաց-կամաց
Դառնալ ներհուն,
Դառնալ խոհեմ:
Մի կաթիլ ջուր պահանջողին՝
Շատրվաններ չխոստանալ
Սկսել եմ իմ բախտի հետ
Ավելի սերտ մտերմանալ:
Սկսել եմ ավելի շատ ջերմացնել
Ու ջերմանալ:
Սկսել եմ կամաց-կամաց
Բոլորի դեմ հոգիս բանալ,
Գարնանային այս ամպրոպով սրբագործել
Ու լվանալ:
Սկսել եմ երգով ,
Հոգով ու խոհելով
Հարստանալ:
Եվ վերջապես.
Սկսել եմ ես հասկանալ,
Որ բան չունեմ այս աշխարհից թաքցնելու,
Մինչև հիմա
Որ չեմ հանգել,
Էլ ինձ ով է հանգցնելու:

«Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու»

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով