Ասիայի տիրակալը ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ…
Ալեքսանդր Մակեդոնացի, Մակեդոնիայի արքա Արգեադոսների հարստությունից, ով կառավարել է մ․թ․ա․ 336-323 թվականներին։ Ստեղծել է հունամակեդոնական աշխարհակալ տերություն, որի տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։ Արևելյան ավանդույթներում զուգակցվում է առասպելական Զհուլ ալ-Կարնայն թագավորի հետ։ Հնուց ի վեր Ալեքսանդրը համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը։ Նա հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամու դեմ։ Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-ի սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանի քաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում Աքեմենյան Պարսկաստանը։ Իսոսի ճակատամարտի հաղթանակից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավելով պարսից թագավորանիստ Պերսեպոլիսը՝ գահընկեց անելով «արքայից արքա» տիտղոսով հորջորջվող Դարեհ III Աքեմենյանին։
Ալեքսանդրի ձին…
Մի անգամ Փիլիպոս արքայի մոտ եկավ մի մարդ և ասաց.
-Արքա՛,քեզ ձի եմ բերել:
-Ձի: Բայց միթե՞ ես ձիեր չունեմ :
-Այդպիսին ոչ ունեցել ես ,ոչ էլ կունենաս:
Ալեքսանդրը,որ ներկա էր խոսակցությանը մյուսների հետ գնաց ձիուն նայելու: Դա մի հրաշագեղ սևաթույր ձի էր ` անունը Բուկեփալ: Հիացմունքից Ալեքսանդրի սիրտը խփեց: Ձին գովասանքների կարիք չուներ :Նա պարում էր տեղում ,ռունգերից ասես կայծեր էին թռչում ,իսկ մաշկը ձյութի պես փայլփլում էր արևի տակ :
-Որքա՞ն ես ուզում քո Բուկեփալի համար:
-Տասներեք տաղանդ:
-Տասներեք տաղանդ մի ձիու համա՞ր:
-Այո՛,այսպիսի ձի այլևս չկա:
-Լա՛վ:Գնանք դաշտ,տեսնենք `ինչպես է վազում քո ձին:
Փիլիպոսի լավագույն ձիավարները հերթով փորձեցին հեծնել ձին,բայց չկարողացան:
Կենդանին խրխնջոցով մի կողմ էր քաշվում; Փիլիպոսը խոժոռվեց: Եթե ինքը վիրավոր չլիներ ,կփորձեր սանձահարել ձիուն:Բայց վիրավոր թևը խանգարում էր նրան:Այդ ժամանակ Ալեքսանդրը բոլորի ներկայությամբ ասաց.
-Արքա՛,այս ձիուց ես գլուխ կհանեմ: Փիլիպոսը զայրացավ որդու հանդգնության վրա:
-Իսկ,եթե չկարողանաս,ի՞նչ պատժի ես համաձայն:
-Երդվում եմ Զևսով:Ես կտամ ձիու գինը:
-Լավ,- ասաց Փիլիպոսը,-գրազ գանք տասներեք տաղանդի վրա :
Ալեքսանդն իսկույն նետվեց դեպի Բուկեփալը:Մոտեցավ,բռնեց ձիու սանձից,թողեց,որ նա վազի: Ինքն էլ վազեց նրա կողքից:
Անընդհատ փաղաքշում էր ձիուն,հանգստացնում նրան: Իսկ,երբ տեսավ ,որ Բուկեփալը հանդարտվել է և շնչում է հավասարաչափ,ցատկեց մեջքին և ազատություն տվեց նրան: Ձին թռչունի պես ցատկեց, կանաչապատ հարթավայրերով: Փիլիպոսը սարսափեց :Ձին քամու պես սլանում էր,և որդին աստիճանաբար կորչում էր աչից: Իսկ եթե նրան մի բան պատահի: Բայց ահա հեռվում կրկին երևաց սևաթույր ձի հեծած ձիավորը: Ձին վազում էր ,ասես թռչում էր անտեսանելի թևերով ,իսկ տղան նստած էր նրա մեջքին `կարծես ձուլված նրան: Արքայական շքախումբն աղմկեց ` ողջունելով ապագա արքային:
Իսկ երբ Ալեքսանդրը թեթևորեն վայր ցատկեց ,հայրը գրկեց նրան ,համբուրեց ու ասաց.
-Որդի՛ս,գնա՛ ու քեզ համար թագավորություն փնտրի՛ր: Մակեդոնիան փոքր է քեզ համար:
Այդ ժամանակ Ալեքսանդրը տասնմեկ տարեկան էր…