Մխիթար Սեբաստացի.

 

Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին 
Մխիթարյան միաբանության հիմնադիրն է: 
Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը նշանակալի երևույթ է համաշխարհային բառարանագրության մեջ: 

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: Եղել է Մխիթարյան միաբանության հիմնադիրը։ Պետրոսի և Շահրիստանի որդին։ Մկրտության անունը՝ Մանուկ։ 1685-91թթ սովորել է ծննդավայրի Սբ. Նշան, 1691-92թթ՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), ծանոթացել միսիոներների հետ։ 1696թ. ձեռնադրվել է քահանա, 1699թ.՝ վարդապետ։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոն, միաբանություն՝ հայ ժողովրդի «հոգևոր և իմացական կարիքները» հոգալու համար։ 1697թ. մեկնել է Կ.Պոլիս՝ Խաչատուր Կարնեցու հետ իր ծրագրած միաբանությունը հիմնելու ակնկալությամբ։ 1698թ. Մարզվանում և Կարինի Կարմիր (Հնձուց) վանքի դպրոցում զբաղվել է ուսուցչությամբ: 1700թ. վերստին անցել է Կ.Պոլիս, իր շուրջը համախմբել մոտ 15 աշակերտ և գաղտնի, խուսափելով լուսավորչական եկեղեցու հալածանքներից, կաթոլիկություն քարոզել նրանց։ Միաժամանակ հրատարակության է պատրաստել կրոնական բնույթի մի քանի գրքեր։ 1701թ. սեպտեմբերի 8-ին համախոհների և աշակերտների հետ ժողով է գումարել, հիմնել միաբանություն (մահվանից հետո կոչվել է նրա անունով), հաստատել կանոնադրությունը։ 1703թ. մեկնել է Մորեա (Հին Պելոպոնես) և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը։ 1705թ. այցելել է Հռոմ, ձեռք բերել տեղական իշխանության համաձայնությունը՝ Մորեայում վանք հիմնելու համար։ 1706թ-ից իր տաս աշակերտով ձեռնամուխ է եղել վանքի կառուցման աշխատանքներին։ Սակայն ամբաստանվել է Հռոմի պապի առաջ, որի հետևանքով չեն հաստատվել միաբանության համար իր կազմած կանոնները, և հարկադրաբար ընդունել է Բենեդիկտյան ուխտի կանոնները։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից՝ նրա միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ և 1717թ. սեպտեմբերի 8-ին ծերակույտի արտոնագրով հաստատվել Սբ. Ղազար կղզում։ Իր իսկ գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ։ Այնուհետև համառ ու հետևողական գործունեություն է ծավալել՝ պատրաստելու այնպիսի միաբան-գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ։ Հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչակազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտամատենագիտական աշխատանքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Եղել է աշխարհաբար հայերենի առաջին քերականության («Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց», թրքախոս հայերին հասկանալի լինելու համար առաջին մասը շարադրել է թուրքերեն, 1727թ., երկրորդը՝ հայերեն, անտիպ) հեղինակը՝ Յո. Շրյոդերի քերականությունից հետո։ Նշանակալից երևույթ է «Քերականութիւն գրաբառի լեզուի հայկազան սեռի» (1730թ., 2-րդ հրտ. «Քերականութիւն գրաբառ լեզու ի հայկազեան սեռի», 1770թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը (խոսքի մասերը, հոլովումը, խոնարհումը), շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության, առոգանության և այլ հարցերի։ Չնայած հեղինակը խուսափել է լատինաբանությունից, այնուամենայնիվ երբեմն տուրք է տվել դրան։ Հեղինակի «Քերականութիւն…»-ը դարձել է Անտոնի կաթողիկոսի գրած վրացերենի առաջին քերականության հիմքը։ Նրա հայագիտական խոշորագույն ներդրումը «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ1-2, 1749-69թթ) մեծածավալ աշխատությունն Է։ Այն ներառնում է ավելի քան 100 հազար բառահոդված։ Հավաքել է հայ մատենագիրների տպագիր և անտիպ գործերի բոլոր բառերը, բացատրել դրանք, վկայություններով պարզաբանել իմաստները։ Բացատրությունների ընթացքում օգտագործել է աշխարհաբարի օրինակներ, հաճախ դիմել է թուրքերենին, հունարենին ու լատիներենին, անդրադարձել բառի ծագումնաբանությանը։ Երկրորդ հատորում ամփոփված է նաև Աստվածաշնչի հատուկ անունների, ինչպես նաև աշխարհաբարից գրաբար և գրաբարից աշխարհաբար բառարաններ։ Այն իր ժամանակի՝ նման բնույթի եզակի աշխատություններից է համաշխարհային չափանիշով։ Հեղինակի մյուս ուշագրավ ստեղծագործությունը «Տաղարանն» է («Գիրք քրիստոնէականի վարդապէտութեան» գրքում, 1727թ.), որում ամփոփված ոտանավորները թեպետ առավելապես կրոնական բովանդակություն ունեն, այդուհանդերձ ժամանակի հայ քնարերգության մեջ ուրույն տեղ են գրավում։ Դրանց մի մասը որպես շարականներ երգվում են առ այսօր (երաժշտությունը՝ Մխիթար Սեբաստացու)։ Գրել է նաև կրոնաասավածաբանական, կանոնական, մեկնաբանական բնույթի մի քանի երկեր։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով: Մահացել է Վենետիկում, թաղված է Սբ. Ղազար կղզում։ Մխիթար Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով