12-րդ մայրաքաղաքի ճարտարապետը. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

Անհնար է պատմությունը նորից գրել. այն ստեղծվում է մեկ անգամ: 20-րդ դարի Երևանի պատմությունը գրվում էր վստահ ձեռագրով, շեշտակի գծերով, նոր խոսքերով, առանց սխալների ու մրոտումների: Գրվում էր սկզբում թղթի, հետո քարի վրա: Այս նոր պատմության հեղինակը դարձավ Ալեքսանդր Թամանյանը: Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու Երևանի խորհրդանիշը դարձած շենքերի համար:

Հայաստանում մինչև 20-րդ դարը եղել է 11 մայրաքաղաք: Դրանք միմյանցից տարբեր էին թե՛ իրենց կարգավիճակի տևողությամբ, թե՛ տարածաշրջանի քաղաքական ու մշակութային կյանքում խաղացած դերով, սակայն ունեին մեկ ընդհանրություն. բոլորը ստեղծվել էին լավագույն ճարտարապետների, լավագույն վարպետների ձեռքերով: Ուստի երբ բախտ վիճակվեց երկար դարեր հետո վերականգնել հայկական պետականությունը, պարզ էր, որ նոր մայրաքաղաքը նույնպես կառուցելու էին լավագույններից լավագույնները:

1918-ի մայիսին պատմական Հայաստանի մեկ պատառի վրա առաջացավ Հայաստանի Հանրապետությունը: Չնայած պատերազմին, ծանր տնտեսական վիճակին ու Արևմտյան Հայաստանից եկող փախստականների անթիվ բազմությանը՝ միևնույնն է, անկախ հայկական պետությունը հայերի շատ սերունդների երազանքն էր: Երկիրը կար, բայց մայրաքաղաքը ոչ մի կերպ նման չէր լիարժեք քաղաքի.1918-ին Երևանը, կենտրոնի մի քանի քարե շենքից բացի, աչքի էր ընկնում միայն կավե խրճիթներով ու փոշիով: Դա էր 12-րդ մայրաքաղաքը:

Սակայն հայկական նորաստեղծ պետության բախտը բերեց. այն առաջացավ, երբ կար մեկը, ով կարող էր ձեռնամուխ լինել մայրաքաղաքի նախագծմանը: 20-րդ դարի Հայաստանը դարձավ Ալեքսանդր Թամանյանի ժամանակակիցը. նրանց հանդիպումը բախտորոշ էր:

Պաշտոնական պատմությունը երկար տարիներ սովորեցնում էր, որ Թամանյանը Էրիվան եկել էր 1923-ին Խորհրդային Հայաստանի հրավերով: Սակայն իրականում այդպես չէր: Թամանյանը տեղափոխվել էր Հայաստան 1919-ին՝ դեռ առաջին հանրապետության օրոք: 41 տարեկանում նա արդեն ճարտարապետության ակադեմիկոս էր, ձեռք էր բերել տաղանդավոր վարպետի համբավ, ինչի շնորհիվ ուներ արտասահմանում աշխատելու գրավիչ հեռանկարներ, բայց ընտրեց ավերված ու աղքատ Հայաստանը: Նշանակվելով երկրի գլխավոր ճարտարապետ՝ նա 1920-ին նոր հանրապետության կառավարությանը ներկայացրեց Էրիվանի վերակառուցման նախագիծը: 1920-ին բոլշևիկյան կարգերի հաստատումն ու վիճակի վատթարացումը ստիպեցին նրան գնալ Իրան ու ընտանիքով հաստատվել Թավրիզում: Սակայն նոր հայկական պետության բախտը երկրորդ անգամ բերեց. Ալեքսանդր Թամանյանը ոչ միայն տաղանդավոր ճարտարապետ էր, այլև ազգային գաղափարին լիովին նվիրված մարդ: Խորհրդային, թե ոչ՝ Հայաստանն այնուամենայնիվ հայտվել էր աշխարհի քարտեզին, և ոչ ոք չէր հանել օրակարգից նոր մայրաքաղաքի կառուցման հարցը: Ժողկոմխորհը Թամանյանին ու նրա ընտանիքին տվեց անվտանգության հատուկ երաշխիքներ, և 1923-ին նրանք վերադարձան Երևան: Ապագայում լինելու էին փնտրտուքներ ու նոր գաղափարներ, հուսահատության ու ոգևորության պահեր, ծանր, լարված աշխատանքի տարիներ, համաշխարհային ճանաչում: Բայց այդ ամենը դեռ հեռու էր…

Ալեքսանդր Թամանյանը ծնվել էր 1878-ին Եկատերինոդարում, այնտեղ ստացել տարրական կրթություն, 1897-ին տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ: Տաղանդավոր ճարտարապետի ճաշակը ձևավորվեց հենց այնտեղ՝ հոյակապ հրապարակների, ապարանքների ու այգիների մթնոլորտում: 1904-ին Թամանյանն ավարտեց Կայսերական գեղարվեստի ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը և եռանդով նվիրվեց մասնագիտական գործունեությանը: Նրա նախագծերով կառուցվում էին շենքեր Պետերբուրգում, Մոսկվայում, Յարոսլավլում և ռուսական այլ քաղաքներում: Մեծ անուն ձեռք բերեց մասնավորապես Յարոսլավլի գյուղատնտեսական ցուցահանդեսի համալիրի շնորհիվ: Ռուսական փայտե ճարտարապետության ոճով տաղավարները ոչ միայն հավատարիմ էին ավանդական ձևերին, այլ ֆունկցիոնալ էին, ժամանակակից և կրում էին ազգային շունչը: Ազգային ճարտարապետության կիրառումը ժամանակակից շենքերի նախագծման մեջ հետագայում դարձավ Թամանյանի հիմնական հնարքներից մեկը:

Անիի պեղումները ղեկավարող Նիկոլայ Մառի պատվերով Թամանյանը 1908-ին ստեղծեց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքում թանգարանի նախագծային տարբերակ: Բնականաբար, հայկական վաղեմի շինարարության հետ շփումը չէր կարող լինել անհետևանք ու չարթացնել բուռն հետաքրքրություն հայկական ճարտարապետության նկատմամբ: Քույրը՝ Մագդալինա Թամանյան-Շաուսենը, վկայում է, որ մի անգամ Պետերբուրգում հայկական ճարտարապետական հուշարձանների նախագծերն ու լուսանկարները դիտելիս ասել էր ընկերոջը՝ Շրյոթերին. «Կտեսնե՛ք, ապրելու եմ ու կառուցելու Հայաստանում»: Սրանք մարգարեական խոսքեր էին:

Հայաստան գալով՝ Թամանյանը միանգամից սկսեց ուսումնասիրել իր ազգի շինարարական արվեստի ժառանգությունը: «Աննկուն ու մշտապես փնտրող». այսպես էին Թամանյանին բնութագրում նրան ճանաչող բոլոր մարդիկ: Ուներ հարուստ մասնագիտական փորձ, բայց երբեք չէր բավարարվում իր գիտելիքներով ու միշտ գտնում էր ժամանակ ուսումնասիրելու  հին հայկական ճարտարապետության նմուշները: Հաճախ էր գնում դիտարկելու հին քաղաքների ավերակները, ղեկավարում էր վերականգնողական աշխատանքները, Հայաստանի ճարտարապետության մեծագույն հետազոտող Թորոս Թորոմանյանի հետ կատարում բազմաթիվ չափումներ, գծագրեր, ուրվանկարներ… Հայկական միջնադարյան ճարտարապետությունն էր, որ հիմք հանդիսացավ նոր մայրաքաղաքում Թամանայանի կառուցած բազմաթիվ շենքերի համար: Հայաստանը գրավիչ էր, ուսանելի, սակայն պահանջում էր ուժերի մեծ լարում. աշխատանքին տեղ ու դադար չկար: Ալեքսանդր Թամանյանի հեղինակությունն այնքան էր բարձր, նոր Հայաստանի կառուցման մեջ նրա վաստակն այնքան էր մեծ, որ 1926-ի փետրվարին նրան շնորհեցին Հայաստանի ժողովրդական ճարտարապետի կոչում: Մինչև այդ նման կոչում գոյություն չուներ. այն հատուկ Թամանյանի համար էին ստեղծել:

Բայց սուտ կլիներ ասել, որ Թամանյանը Երևանում առոք-փառոք էր ապրում: Նրա բնակարանն այնքան վատ վիճակում էր, որ ընկերները քանիցս դիմել էին ղեկավարությանը՝ խնդրելով լուծել այդ հարցը. Թամանյանն ինքը շատ համեստ էր ու երբեք ոչինչ չէր խնդրում իր համար: Բայց ի հեճուկս սուղ պայմանների՝ Թամանյանների ընտանիքը արտասովոր հյուրընկալ էր: Ճարտարապետ ընկերների հետ մեկտեղ նրանք հաճախ հյուրընկալում էին հայ նկարիչներին, բանաստեղծներին և երաժիշտներին՝ Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին, Ալեքսանդր Սպենդիարյանին, Ռոմանոս Մելիքյանին և այլոց: Այնտեղ կարելի էր տեսնել նաև Էրիվան ժամանած անվանի հյուրերի: Թամանյանների տունը Էրիվանում ստեղծագործ մտավորականության հանդիպման ամենասիրված վայրն էր:

Ի տարբերություն Թամանյանի համար անկարևոր անձնական հարմարավետության, պատշաճ արհեստանոցի ստեղծման հարցը խիստ էական էր: Այս խնդիրն ավելի էր լրջանում, քանի որ կատարվելիք նախագծային աշխատանքների ահռելի ծավալին գումարվում էր նաև այն, որ Թամանյանի տեսողությունն անդադար վատանում էր: Անհրաժեշտ էին օգնականներ: Բայց նույնիսկ ամենամանրակրիտ կատարողն արարող չէ: Թամանյանն իրեն անզոր էր զգում ու ծանր տանում, որ չէր կարողանում իրագործել իր մտահղացումները մինչև վերջ՝ մինչև վերջին նրբագիծը: Հաճախ ստիպված էր լինում տեղի տալ ու նույնիսկ հրաժարվել որոշ մտահղացումներից, քանի որ ի վիճակի չէր դրանք անձամբ իրականացնել:

Պետականությունը վերականգնելու և Արարատը վերադարձնելու հայերի ազգային գաղափարն արտացոլվեց Թամանյանի գլխավոր հատակագծի ստեղծագործական հորինվածքում. նրա քաղաքը Արարատի ստորոտին էր, շրջված էր դեպի Արարատն ու ներծծված էր դրանով: Էրիվանի վերակառուցման աշխատանքները, որոնք ընդհատվել էին 1920-ին, վերջապես շարունակվեցին 1923-ին: Կառավարությունը 1924-ին հաստատեց մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Թամանյանը վերամշակեց այն 1929-ին ու 1932-ին, սակայն պահպանեց գլխավոր գաղափարները, հիմնական հորինվածքը: Նա ամբողջովին փոխեց քաղաքի հին կառուցվածքը. շատ ավելի հեշտ էր ստեղծել լիովին նորը, քան փորձել բարելավել նախկինը: Բացի դրանից՝ առաջացավ հնարավորություն իրագործելու քաղաքաշինության ժամանակակից հորինվածքները, ստեղծել նորաոճ, բոլորին հարմար քաղաք: Այն տարիների համաշխարհային քաղաքաշինական գիտությունն ուներ շատ նորարար գաղափարներ: Անգլիացի Էբենեզեր Հովարդն առաջարկել էր «այգեքաղաքի» հորինվածքը միջին բարձրության շենքերով, կառուցապատման ցածր խտությամբ և առավելագույն կանաչապատմամբ:

Ֆրանսիացի Թոնի Գարնյեն առաջարկում էր բաժանել քաղաքն առանձին գոտիների՝ ըստ դրանց գործառույթների: Թամանյանը ծանր ու թեթև արեց այս և այլ նորարարությունները, դիտարկեց դրանք ազգային տեսանկյունից և ըստ դասական կանոնների՝ իրագործեց Էրիվանի գլխավոր հատակագծում: Թամանյանի մտահղացմամբ մեծ քաղաքը բաժանվեց «վարչական», «ԲՈՒՀ-ական», «մշակութային», «արդյունաբերական» և «թանգարանային» գոտիների: Յուրաքանչյուրն ուներ կոմպոզիցիոն կենտրոնով, փոքր հրապարակներով և բուլվարներով իր հատակագիծը: Քաղաքի բոլոր գոտիները միանում էին միմյանց և կենտրոնին ամենակարճ ճանապարհներով: Ընդ որում՝ գոտիների ինքնուրույնությունը ոչ միայն չէր խախտում քաղաքի ամբողջականությունը, այլ ընդհակառակը՝ դարձնում էր այն ասես կենդանի մարմին: Նոր հատակագծի գլխավոր հենակետերը դարձան Լենինի ու Թատերական հրապարակները, որոնք պետք է միացնեին Հյուսիսային պողոտան: Ընդարձակ Գլխավոր պողոտան էլ բուլվարների օղակի տրամագծի տեսքով անցնում էր Լենինի հրապարակով: Բայց նոր քաղաքի ամենամեծ առավելությունը Արարատ լեռան հիասքանչ տեսարանն էր, ըստ որի տեղադրված էին շատ շենքեր: Թամանյանի մշակած գլխավոր հատակագիծը նախատեսված էր 150 000 բնակչի համար, սակայն այն չի կորցրել իր արդիականությունը նույնիսկ այսօրվա մեկ միլիոնանոց քաղաքում: Ավելին՝ դրա հիման վրա է ստեղծվում աճող քաղաքի զարգացման հորինվածքը:

Էրիվանում Կառավարության շենքի նախագիծը: Կենտրոնական մասը, որտեղ պետք է լիներ միջոցառումների դահլիճը, չկառուցվեց:

Բայց քաղաքի ինքնատիպ հատակագծումը ընդհանուր խնդրի լոկ մեկ մասն էր: Թամանյանը ծրագրում էր ոչ թե սովորական նոր քաղաք, այլ Հայաստանի նոր մայրաքաղաքը, որը պետք է արտացոլեր դարաշրջանների հաջորդականությունն ու կապը, լիներ Հայաստանի ամբողջականության ազգային գաղափարի, հայկական պատմության շարունակականության խորհրդանիշը: Բնակիչները իմանալուց, զգալուց բացի պետք է նաև տեսնեին, որ իրենք Տիգրանակերտի ու Անիի, Դվինի ու Արտաշատի, Վանի ու Արմավիրի հայերի ուղիղ հետնորդներն են: Սրա համար անհրաժեշտ էին հին Հայաստանի ոգին կրող, բայց նաև ժամանակակից, գործառնական ու հարմար շենքեր: Այս առաքելությունը Թամանյանն ի կատար ածեց իրեն հատուկ տաղանդով ու վարպետությամբ. նոր շենքերի նախագծերում համարձակությունն ու նորարարությունը համատեղվեցին պատմական ժառանգության զգույշ ու ճշգրիտ կիրառման հետ: Նրա համար մանավանդ կարևոր էր ուսումնասիրել ու վերականգնել միջնադարյան հայ ճարտարապետների վարպետության բոլոր կողմերը: Թամանյանի շնորհիվ ժամանակակից Հայաստանում կրկին սկսեցին օգտագործել անցյալի վարպետների հմտություններն ու հին, ավանդական շինանյութը՝ քարը:

Թամանյանը շինհրապարակում ուշադիր նայում էր յուրաքանչյուր մասնիկի, զրուցում էր վարպետների, բանվորների հետ: Զվարթնոցի ու Անիի սյուները, կամարներն ու խոյակները ոչ թե կուրորեն կրկնօրինակվում էին, այլ նորովի լուծվում, վերաիմաստավորվում: Թամանյանը կարողացավ պահպանել հայ ճարտարապետության կարևորագույն հատկանիշը՝ ինքնատիպությունը, որն արտացոլում էր ազգի աշխարհընկալումն ու գեղարվեստական մտածելակերպը ու անկախ էր ժամանակի ընթացքից:

Թամանյանն աշխատում էր անհավատալի արագությամբ: 1925-1932թթ. նա Էրիվանում նախագծեց Բժշկական, Գինեկոլոգիական, Ֆիզիոթերապևտիկ, Անասնաբուժական, Քիմիաֆիզիկական (հետագայում՝ Պոլիտեխնիկ), Գիտահետազոտական ինստիտուտները, մանկական կլինիկան, աստղադիտարանը, հանրային գրադարանը, Բարձրագույն գյուղատնտեսական դպրոցը և շատ այլ կառույցներ: Նրա կարևորագույն գործերից էր Լենինի՝ ներկայիս Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության տունը՝ պատմական նյութի հետ աշխատելու հոյակապ օրինակը: Թամանյանը հին շինարարության էսթետիկան փայլուն թարգմանեց ժամանակակից ճարտարապետության լեզվով: Գեղեցկությամբ շլացնող այս շենքը հետագայում դարձավ հայ ժամանակակից ճարտարապետության զարգացման հենակետը: Սակայն ստեղծագործողը չի դադարում փնտրել, շարժվում է դեպի մեծ, ընդգրկուն գաղափարը, որն իրագործելու համար լարում է ամբողջ ստեղծագործական ներուժը: Ալեքսանդր Թամանյանի մեծագույն չարչարանքների արդյունքը եղավ Ժողովրդական տունը:

Ժողովրդական տան նախագծի վաղ տարբերակները

Վարպետի կառուցած տունը
Թամանյանը վաղուց էր մտածել թատրոնի շենք ստեղծելու մասին: 20-րդ դարի սկզբին թատերական ռեժիսուրայում և բեմագրության մեջ եռանդով փնտրում էին նոր, անսպասելի լուծումներ: Համարձակ նորարարներից ու փորձարարներից էր գերմանացի ռեժիսոր Մաքս Ռայնհարթը, ում թատերախումբը 1911-ին ելույթներ ունեցավ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Թամանյանը տպավորվել էր մանավանդ Սոֆոկլեսի «Էդիպուս արքա» խաղի ներկայացումից՝ բեմադրված ոչ թե թատերասրահում, այլ կրկեսում: Հենց այդ ժամանակ նա սկսեց մտածել սկզբունքորեն նոր թատերական շենքի մասին, ինչը ցույց է տալիս 1911-ի դեկտեմբերի 31-ին նրա արած գրառումը. «Կուզենամ կառուցել թատրոն՝ դասական: Ճակատը՝ խիստ ոճով՝ վանքի պես, միջոցառումների դահլիճը՝ Պալադիևի թատրոնի նման՝ առանց սովորական առաստաղի, այսինքն՝ այն կլինի թատրոնի մի մասն ու կհենվի շենքի արտաքին պատերին: Շենքը կծառայի որպես կաղապար միջոցառումների դահլիճի համար, որն իր հերթին կլինի դասական վանքի օրինակ առանց կտուրի, որտեղ ճեմասրահից տանող մուտքերը կձևավորվեն վանքի դասական սյունասրահների տեսքով…»: Գրառումը պատկերավորված էր ուրվանկարով, որը նման էր Ազգային տան հատակագծի մեկ սրահանոց վաղ տարբերակներին:

1925-ի վերջին Թամանյանը բարձրաձայնեց Էրիվանում Ժողովրդական տան հատակագծումը սկսելու հարցը: Դա պետք է լիներ լիովին նոր տեսակի զանգվածային ժողովրդական թատրոն: Անդրկովկասի խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետության կենտգործկոմը 1926-ի հունվարի նիստում թույլատրեց այս շինարարությունը՝ հաշվի առնելով, որ Էրիվանում ոչ միայն մեծ թատրոն, այլև ընդհանրապես մարդկանց մեծ բազմություն հավաքելու տեղ չկար: Աշխատանքը եռաց: Կառուցվելիք շենքի նախագծի քննարկումներին ակտիվ մասնակցում էր նաև Հայաստանի ստեղծագործ մտավորականությունը, մասնավորապես՝ Մարտիրոս Սարյանը, որը նշում էր, որ նորակառույցի ճարտարապետությունը պետք է լինի ընդգծված ազգային: Հակառակ կարծիքներ էլ կային: Կյանքի մյուս բնագավառների նման՝ ճարտարապետությունում նույնպես քաղաքական իրավիճակը սկսեց խաղալ զգալի դեր: Բայց Թամանյանն արդեն հաստատակամ էր իր որոշման մեջ. ազգային և համաշխարհային դասական օրինակների հիմքի վրա ստեղծել նոր հայկական ճարտարապետություն:
1926-ին հայտարարված Ժողովրդական տան լավագույն նախագծի մրցույթն ապարդյուն էր. հաղթողներին շնորհվեցին մրցանակներ ու պարգևներ, արվեցին բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, սակայն ոչ ոք չներկայացրեց որևէ արժանի նախագիծ, որով կստեղծվեր քաղաքին ինքնատիպ երանգ հաղորդող մոնումենտալ շինություն:

Թամանյանին էր վիճակված լուծել այս խնդիրը: Ազգային տան նախագիծը նրան ամենաշատն էր հուզում, հյուծում, անհանգստացնում ու միևնույն ժամանակ ոգևորում: Քանի տարի էսքիզներ էր անում, չէր հավանում, ամեն ինչ նորից սկսում, նախագիծը բազմիցս փոխում ու երբեք չէր բավարարվում: Հոգում եղածը ոչ մի կերպ չէր հաջողվում պատկերել թղթի վրա: Վիճակը բարդացնում էին չարակամների և գաղափարախոսական կամակատարների կանոնավոր հարձակումները: Սակայն բազմաթիվ փոփոխություններից ու շտկումներից հետո նախագիծը վերջապես պատրաստվեց:

Ազգային տան շինարարությունը

Լուծումն ավանդական չէր. դասական ամֆիթատրոնի տեսքով երկու կիսաշրջանաձև սրահները միասին կազմում էին օվալ, որի կենտրոնում տեղավորված բեմի ընդհանուր ծավալը տարածության մեջ բարձրանում էր շենքի մյուս հատվածների վրա: Բազմամարդ տեսարաններում բեմերը միանում էին, ընդհանուր սրահում կար 3 000 մարդու տեղ: Շենքի մեխանիզմները կարող էին պտտել բեմն ու նստարանները, ինչի շնորհիվ ներկայացումների ժամանակ հնարավոր էր իրականացնել զանազան բեմական հնարքներ: Թամանյանն ամառային դահլիճի համար չէր նախատեսել արտաքին պատեր. այն սահմանափակվում էր միայն սյունաշարով ու բացվում դեպի թատրոնին կից հրապարակը: Աշխատանքների ժամանակ Թամանյանն անընդհանտ ստիպված էր պայքարել իր մտահղացման համար: Դժվար էր մանավանդ շենքի ճակատային մասում ազգային ոճը պահելը: Վերջապես բազմաթիվ «ուղղումներից» հետո, երբ նախագիծն «օպտիմալացրին», պարզեցրին ու էժանացրին, թույլ տվեցին կառուցել: Ճակատային մասի հարցն էլ ԱԽՖՍՀ համապատասխան մարմինները թողեցին Հայաստանի ղեկավարությանը: Բարեբախտաբար, այն տարիներին Հայաստանի իշխանություները չունեին ապազգային տրամադրություն, և Թամանյանի տարբերակը հաստատվեց:

Ժողովրդական տան կառուցման ժամանակ Թամանյանի ամենացավոտ հարցերից էր 17-րդ դարի Գեթսեմանի մատուռի խնդիրը: Մատուռն այսպես կոչվել էր շուրջը գտնվող այգու համար՝ աստվածաշնչյան հայտնի Գեթսեմանի այգու համանմանությամբ: Զանգակատունն այնտեղ էր, որտեղ հատակագծով նախատեսված էր Ժողովրդական տունը, և շինարարության ժամանակ անհնար էր այն շրջանցել: 1929 թիվն էր. հենց այդ ժամանակ էր, որ Մոսկվայում բուռն նշում էին սրբապիղծ տոնը՝ հակածնունդը, ու առանց հապաղելու պայթեցրել էին Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ տաճարը, որ դրա տեղում կառուցեն հրեշավոր կոթող՝ 415 մ  բարձրությամբ Խորհուրդների պալատը գագաթին Լենինի արձանով: Թամանյանը, ով իմիջիայլոց նաև պատմական հուշարձանների պահպանման հանձնաժողովի նախագահն էր, չէր կարող թույլ տալ, որ մատուռը քանդեին, ուստի որոշվեց այն ուղղակի տեղափոխել: Մատուռի քարերը զգուշությամբ համարակալեցին, հետո այն քանդեցին, որ վերականգնեն նոր վայրում: Սակայն ֆինանսավորումը ուշացնելու պատճառով վերակառուցումը հետաձգվում էր: 1932-ին Թամանյանին քաղաքական դավերի միջոցով զրկեցին Ժողովրդական տան կառուցումը ղեկավարելու հնարավորությունից:

Այդ ժամանակ տեղի ունեցավ անուղղելին. կառուցման նոր ղեկավարը՝ ոմն Աշոտ Մելիք-Մարտիրոսյան, որոշեց մատուռի քարերն օգտագործել Բայրոնի փողոցում աշխատավորների տուն կառուցելու համար: Թամանյանը միջամտությունն ապարդյուն էր. սերունդներն առհավետ կորցրին 1679-ին կառուցված ճարտարապետական հուշարձանը: Հին աստվածներին փոխարինեցին նորերը…

Ալեքսանդր Թամանյան, Սանկտ Պետերբուրգ, 1903

Մնայունը
Ժողովրդական տան նախագծի հաստատումը միայն առաջին քայլն էր: Շինարարության ֆինանսավորումը, որ ամենակարևորն էր, ամբողջ ժամանակ հետաձգվում էր: Միջոցներ հատկացնելու հարցում չէին շտապում ո՛չ Թբիլիսիում, որտեղ գտնվում էին ԱԽՖՍՀ ղեկավար մարմինները, ո՛չ էլ Մոսկվայում: Այսինքն՝ շինարարությունն արվում էր Հայաստանի աղքատիկ միջոցներով: Իհարկե, 1935-ին Ազգային տունը ներառեցին միութենական ֆինանսավորման առարկաների ցանկում, բայց անհրաժեշտ 31,5 միլիոն ռուբլիի փոխարեն հատկացրին միայն 500 000-ը… Սակայն նույնիսկ այս չնչին ֆինանսավորումն էր ժամանակ առ ժամանակ դադարում, շինարարությունն ընթանում էր ընդմիջումներով, շատ մասնագետներ հրաժարվում էին աշխատել, կար պրոֆեսիոնալների պակաս: 1936-ին ընդհանրապես կտրվեց Էրիվանում Ժողովրդական տան և Կառավարության տան շինարարության ֆինանսավորումը:

Թամանյանն անձամբ փոխեց իր նախագիծը, որ գոնե ինչ-որ միջոցներ ստանա դրա շինարարությունն ավարտելու համար: Առաջարկեց հետաձգել ամառային դահլիճի կառուցումը, հրաժարվել բեմի մեխանիզմներից, բեմական տուփի ճակատային մասերի գրանիտե երեսպատումից… Դժվար չէ պատկերացնել, թե այս ամենն ինչ ծանր էր նրա համար: Սակայն Մոսկվան միևնույնն է՝ փող չհատկացրեց: Ալեքսանդր Թամանյանը, առանց չափազանցնելու, ամբողջ կյանքն անմնացորդ ներդրեց այս շինարարության մեջ:

Դեռ Ժողովրդական տան նախագծի վրա աշխատելիս երազում էր, որ կառույցի հանդիսավոր բացմանը բեմադրվի «Ալմաստ» օպերան: Մտերիմ ընկերոջ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի հետ ծանոթացել էր դեռևս Սանկտ Պետերբուրգում: Սակայն ընկերներից ոչ մեկին էլ բախտ չվիճակվեց տեսնելու այդ օրը: Սպենդիարյանը մահացավ 1928-ի մայիսի 7-ին, Թամանյանը՝ 1936-ի փետրվարի 20-ին: Նոր Հայաստանի ճարտարապետն այդպես էլ չտեսավ իր մտահղացման իրականացումը, սակայն նրա աշխատանքը ստացավ բարձրագույն գնահատական: 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Ժողովրդական տան նախագծին շնորհեցին գրան պրի և ոսկե մեդալ: Ուշագրավ է նաև, որ Օպերայի և բալետի թատրոնն այսօր կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:

Ժողովրդական տան կառուցումը երկար տևեց ու ենթարկվեց որոշ փոփոխությունների: 1939-ին բացվեց շենքի թատերական մասը, որտեղ սկսեցին բեմադրել օպերային ներկայացումներ, իսկ ֆիլհարմոնիկ դահլիճի կառուցումն ու շենքը համապարփակ ծավալի վերածող հավելումն ավարտվեցին միայն 1963-ին:

Նախագիծը չիրագործվեց ո՛չ այն տարիներին, ո՛չ էլ հետո՝ 1980-ի ու 2003-ի հիմնական վերանորոգումների ժամանակ. տեղադրվեց բեմական մեխանիզմների միայն մի մասը, ճակատային մասերի երեսպատումն էլ հասավ միայն երկու հարկի…

Հանճարեղ գաղափարներն իրենց ստեղծողներից երկար են ապրում: Ժողովրդական տունը միակը չէր. Թամանյանի օրոք իր բոլոր նախագծերը մնացին անավարտ: Կենտրոնական հրապարակի, Օղակաձև այգու, Գլխավոր պողոտայի, Հյուսիսային պողոտայի, շատ շենքերի ու կառույցների շինարարությունը տևեց տասնամյակներ, Հյուսիսային պողոտան էլ միայն մեր օրերում սկսեցին կառուցել: Ալեքսանդր Թամանյանի շատ այլ գաղափարներ ընդհանրապես մնացին չիրագործված:

Երբեմն թվում է՝ Թամանյանի նախագծերը կային դարեր, նույնիսկ հազարամյակներ առաջ. ուղղակի անցյալից հայտնվել են այսօրվա Երևանի փողոցներում: Հանրապետության հրապարակում թվում է, թե հայտնվել ես Անիի սրտում, Օպերային թատրոնն էլ կսազեր Տիգրանակերտին: Ու այսօր ոչ մեկի մտքով չի անցնի անվանել թամանյանական Երևանը «խորհրդային»՝ չնայած վարպետն այն կառուցում էր հենց Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունում: Փոխվում են ժամանակներն ու կառավարությունները, մնում է միայն իսկականը: Երևանն ու Թամանյանը մնացին:

Ծնվել է Եկատերինոդարում՝ ներկայիս Կրասնոդարում: 1896-ին ավարտել է Կուբանի Ալեքսանդրյան ուսումնարանը: 1898-ին ընդունվել է Պետերբուրգի Կայսերական գեղարվեստի ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը ու ավարտել այն 1904-ին: 1914-ին ընտրվել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ակադեմիկոս: 1917-ին նշանակվեց Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ լիազորվելով դրա փոխտնօրենի իրավունքներով:

Ստեղծագործության ռուսական շրջանի առավել հայտնի աշխատանքներն են Ցարսկոյե Սելոյում Վ.Պ. Կոչուբեյի առաձնատունը, իշխան Շչերբատովի բազմաընտանիք տունը Նովինսկի բուլվարում (սրա համար Մոսկվայի մրցույթում ստացավ ոսկե մեդալ), Մոսկվայի մերձակայքի Պրոզորվսկայա՝ ներկայիս Կրատովո կայարանում երկաթգծի ծառայողների ավանի համալիրը, Լյուբերցում Կազանի երկաթուղու կենտրոնական արվեստանոցները:

Եղել է Հայաստանի Ժողկոմխորհի գլխավոր ինժեներ, 1925-1936 թթ. ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, ղեկավարել շինարարական արդյունաբերությունը, հատակագծել քաղաքներ ու գյուղեր՝ Լենինական (Գյումրի), Նոր Բայազետ (Կամո), Կիրովական, Էջմիածին, Հոկտեմբերյան, Ստեփանակերտ և այլն: Ստեղծել է Երևանի վերակառուցման առաջին գլխավոր հատակագիծը: Երևանում կառուցել է Հրազդան գետի ՀԷԿ-ը, Սպենդիարյան Օպերայի և բալետի թատրոնը, Կառավարության տունը և այլն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով