Գրադարանը համալրվել է.
Հովիկ Աֆյան ՝ «Կարմիր» — Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:
Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը րեբեք չեն ավարտվում:
Հովիկ Աֆյան՝ «Քաղցր կյանք» — Պատերազմից հետո քաղցր չի լինում, իսկ դրախտո՞ւմ: Իսկ դրախտ լինո՞ւմ է: Այս պատմությունը, որ ոչ թե կույր, այլ չտեսնող մարդկանց մասին է, որոնք նույնիսկ սիրում են՝ առանց իմանալու դրա մասին, նաեւ ճանապարհորդություն է՝ կորսված քաղաքից՝ նորաստեղծ քաղաք, սիրուց՝ ատելություն, եկեղեցուց՝ շուկա, մսագործությունից՝ քաղաքականություն, ողջերի աշխարհից՝ մեռյալ աշխարհ: Եւ հակառակը: Ու այդ ճանապարհորդության նպատակը դրախտը գտնելն է, կապ չունի՝ օդում, ջրի, կրակի մեջ, թե հողի վրա: Սա աչքերը բացելու պատմությունն է եւ հերքումը այն պնդման, թե մարդիկ դրախտը տեսնում են միայն աչքերը փակելուց հետո:
Սա դառը պատմություն է՝ քաղցր կյանքի մասին:
Աղավնի Գրիգորյանի՝ «Դաշնամուր» — պատմվածքների ժողովածուի մեղեդին սահում է կյանքի տարբեր՝ շոշափելի կամ երևակայական ստեղների վրայով, ընթերցողին լսելի է դարձնում մանկության քաղցրությամբ և արտագաղթի ցավով, երբեմն էլ՝ զուգահեռ աշխարհների հմայանքով թրթռացող ելևէջները: