Ինչպես Թումանյանն իրեն Ամենայն Հայոց Բանաստեղծ հռչակեց…
Մենք փառքեր ունենք պահված հողի տակ,
Մենք հույսեր ունենք պահված մեր սրտում…
… Կեդանի է հայությունը: Կենդանի է և ուժեղ: Երևանից սկսած մինչև հեռավոր գաղութները, շարժվում է նա դեպի հայրենիք: Ինչքան էլ խոչ ու խութեր, ինչքան էլ դժվարությունների հանդիպեն ճանապարհին, նա հասնելու է իր նպատակին: Հայաստանի ազատ հողի վրա նա շինելու է իր ազատ ու առատ տունը: Հայկական բարձրավանդակի վրա զարգացնելու է իր ազգային հանճարը և իր խոսքն ասելու է աշխարհին:
Նա կարող է և իր կարողություններով նա իրավունք ունի:
Հովհ. Թումանյան
Ինչպես Թումանյանն իրեն Ամենայն Հայոց Բանաստեղծ հռչակեց…
… Թումանյանն ամպերի որոտի, հորդ անձրևի և «կայծակի ահեղ արհավիրքի» տակ վազում է, բացում է նորակառույց, դեռևս անավարտ Վեհարանի դուռը և հնարավորություն տալիս գաղթականներին ապաստան գտնել նրա հարկի տակ:
Երեկոյան Գևորգ 5-րդ Վեհափառն իր մոտ կանչեց բանաստեղծին և սկսեց նրան հանդիմանել ինքնագլուխ արարքի համար:
Թումանյանը փորձում էր հարթել միջադեպը, բացատրում էր, որ հազարավոր տառապյալ մարդկանց օգնելը, հեղեղից ու ցեխից փրկելը Վեհարանի անձեռնմխելիությունից կարևոր է, սակայն Վեհափառն անսասան էր:
-Մյուս անգամ չհամարձակվեք իմ կամքին հակառակ գնալ,- ասաց նա:
-Եթե անհրաժեշտ լինի, կհամարձակվեմ և ինձ ոչ ոք չի խանգարի,- նույնքան վճռական պատասխանեց Թումանյանը:
-Դուք հասկանու՞մ եք, թե ում հետ եք խոսում և ում կարգադրությունն եք անտեսել,- վրա բերեց Վեհափառը:- Ես Ամենայն հայոց Հայրապետն եմ:
Թումանյանն էլ իրեն չկորցրեց, չշփոթվեց և անմիջապես պատասխանեց:
— Իսկ դուք գիտե՞ք, թե ում հետ եք խոսում: Ես էլ Ամենայն հայոց Բանաստեղծն եմ…