ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ. Լեո
Ծնվել է Շուշի քաղաքում 1860 թ. ապրիլի 14-ին, մահացել 1932 թ. նոյեմբերի 14-ին Երեւանում: 1878թ. ավարտել է Շուշվա քաղաքային վերակազմյալ դպրոցը: Այնուհետեւ ծննդավայրում ու Բաքվում աշխատել է որպես նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ: Բարձրագույն կրթություն չի ստացել: 1895-1906թթ. Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» թերթի մշտական աշխատակիցն էր եւ քարտուղարը: 1906-1907թթ. դասավանդել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել Թիֆլիս եւ ամբողջովին նվիրվել գիտական աշխատանքի: 1924թ. հրավիրվել է Երեւան եւ պետական համալսարանում հայագիտական տարբեր առարկաներ դասավանդել մինչեւ կյանքի վերջը:
Լեոն գրել սկսել է 1877 թվականից, առաջին թղթակցությունը տպագրել է «» թերթում եւ ավելի քան կես դար աշխատակցել հայ պարբերական մամուլին:
Բավական է թերթել XIX դարի վերջին քսանամյակի եւ XX դարի առաջին տասնամյակների կովկասահայ թերթերն ու ամսագրերը, թռուցիկ հայացք նետել ժամանակաշրջանի հայագիտական գրականությանը` համոզվելու համար, որ 18 տարեկանում ռուսական նարոդնիկական շրջաններում մեծ համարում ունեցող գերմանական գրող Ֆրիդրիխ Շպիլհագենի «Մեկը դաշտում զինվոր չէ» նշանավոր վեպի հերոսի Լեո անունը վեցրած-յուրացրած Առաքել Բաբախանյանը որպես գրող, գրական քննադատ եւ հրապարակախոս ժամանակաշրջանի նշանավոր դեմքերից էր: Լեոն է գրել ռուսահայ գրականության առաջին պատմությունը, ստեղծել ըստ պատմաշրջանների գրական հոսանքների ամբողջական պատկերը` հայ գրականագիտական միտքը հարստացնելով նոր հասկացություններով եւ ըմբռնումներով: Նրա պայքարը գրական հետադիմական հոսանքների դեմ պատկանում է հայ քննադատական մտքի արժեքների թվին:
Լեոյի դիմադարձը գեղարվեստական գրականությունից եւ գրականագիտությունից դեպի հայ ժողովրդի հասարակական մտքի եւ քաղաքացիական պատմության ուսումնասիրման ասպարեզ հիմնականում տեղի ունեցավ XIX դարի վերջին տասնամյակին, պատմական մի ժամանակաշրջանում, երբ սխոլաստիկայի հիմքով հասակ առած կղերա-պահպանողական պատմագրությունը նահանջել էր իր նախկին դիրքերից` տեղի տալով ազգային-պահպանողական եւ լիբերալ-բուրժուական ուղղություններին: Ընտրելով վերջին ուղղությունը, նա կարողացավ առաջ անցնել ոչ միայն Մ. Էմինից եւ Ա. Գարագաշյանից, Ք. Պատկանյանից եւ Գր. Խալաթյանից, հայագետ Մխիթարյաններից, այլեւ Ստ. Պալասանյանից եւ Ալ. Երիցյանից: Լեոյի գիտական ուղությունը ռեալիզմն էր, համոզմունքը կամ դավանանքը` լիբերալիզմը: Նրա բոլոր մինչխորհրդային գրվածքները չէին խոտորվում այն սկզբունքներից, որոնց պաշտպանն էր Գր. Արծրունու «Մշակ» թերթը: Լեոյի համար մարդկային հասարակության մեջ չկան հանկարծակի թռիչքներ, այլ ամեն ինչ, այդ թվում եւ ազգերը, բարձրանում են, առաջադիմում աստիճաններով: Չնայած Լեոյի գիտական բեմելի պահին հայ պատմագիտության ազգային-պահպանողական ուղղությունը, կղերականի համեմատությամբ, նոր աստիճանի էր բարձրացրել պատմության ուսումնասիրությունը, բայց, այնուամենայնիվ, տառապում էր մեթոդաբանական եւ պատմաիմաստասիրական սահմանափակ հայեցողությամբ եւ չէր կարողանում պատմությունը դուրս բերել մտածողության իդեալիստական շրջանակներից: Տակավին 1890-ական թվականներին Լեոն դժգոհում էր, որ չկա ժողովրդի քաղաքացիական եւ սոցիալական հարաբերությունների պատմությունը, որ հայոց պատմությունն առավելապես դիտվում է արտաքին պատերազմների եւ ներարշավ դեպքերի համակցության մեջ: Նա համամիտ էր Րաֆֆու այն հարցադրմանը, թե «մեր պատմության մեջ գրեթե մոռացված է ամբոխը»: Պատմության մեջ ժողովրդի դերի կարեւորման մեթոդաբանությամբ Լեոն քննության առարկա դարձրեց ամբողջ հայ ժողովրդի պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչեւ հայ-ռուսական հարաբերությունները, Հայկական հարցն ու արեւմտաեվրոպական դիվանագիտությունը, ընդսմին, միատեսակ հետաքրքրություն հանդես բերելով ժողովրդի քաղաքական կողմնորոշումների ինչպես պատմական հանգամանքների, այնպես էլ դրանց շարժիչ գաղափարաբանության նկատմամբ: Ստեղծագործելու այս մեթոդաբանությամբ նրա ստեղծագործ գրիչը թափանցեց հայոց պատմության բոլոր սահմանները: Հայաստանի հին, միջնադարյան ու նոր պատմության ամենահրատապ եւ կենսական խնդիրների, հարեւան երկրների հետ զանազան առնչությունների, համաշխարհային տարբեր անցքերի, դեպի Ռուսաստանի հետ համագործակցության տանող փոխհարաբերությունների` Լեոյի խորատես գնահատականները մեծ նշանակություն են ունեցել հայ պատմագիտության զարգացման համար, նկատելի ազդեցություն գործել հայ հասարակագիտության մեջ ազգային մտածելակերպի ձեւավորման վրա:
Լեոն կարողացել է հատկապես վեր հանել հայ ազատագրական պայքարի վերջին դարերի մանրամասները: Մինչխորհրդային շրջանի իր աշխատություններում («Ստեփանոս Նազարյանց», «Գրիգոր Արծրունի», «Հայկական տպագրություն», «Հովսեփ կաթողիկոս Արղության», «Պատմություն Երեւանի հայոց թեմական հոգեւոր դպրոցի» եւ այլն) Լեոն շատ բարձր էր գնահատում հայերի ռուսական կողմնորոշումը եւ Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: «Ռուսական զենքը ոչ միայն բերում էր խաղաղություն եւ հանգստություն,- գրել է Լեոն,- այլեւ կապող մի կամուրջ էր այնքան դժբախտություններ տեսած մեր երկրի եւ եվրոպական քաղաքակրթության միջեւ: Ռուսաստանի հովանավորության տակ մտած ժողովուրդները այլեւս ոչ մի հոգս չէին կարող ունենալ, բացի մտավոր եւ կուլտուրական առաջադիմությունից»: Մեծ պատմաբանի այս մտայնությունը բխում էր այն իրադարձությունից, որ ստեղծվել էր արեւելահայ կյանքում Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելու շնորհիվ: Հաստատված խաղաղությունը, կյանքի եւ գույքի համար ստեղծված անվտանգությունը նախադրյալներ ստեղծեցին արեւելահայերի ազգային համախմբման համար:
Լեոն խորքով եւ լայնքով ուսումնասիրել է արեւմտահայության ողբերգական դրության պատճառները, եվրոպական դիվանագիտության խարդավանքների առարկա Հայկական հարցը, հաստատագրել Թուրքիան մեծ տերությունների կցորդ դարձնելու մրցապայքարի արդյունքներով նրա հպատակ քրիստոնյա ժողովուրդներին սպասվելիք էլ ավելի ահավոր աղետները: Արեւելյան ճգնաժամին եւ Հայկական հարցին նվիրած իր աշխատություններում Լեոյին հաջողվել է պատմականության անշեղ դիրքերից լուսաբանել միջազգային իրադրության, Թուրքիայի ներքին ու արտաքին կացության հանգուցային հիմնախնդիրները, այն հիմնական դեպքերի ընթացքն ու դեմքերի գործողությունները, որոնք ավելի են առնչվել արեւմտահայության ճակատագրին, Հայկական հարցի շուրջը ծավալված դիվանագիտական գործողություններին: Մեծ հետաքրքրությամբ են այսօր էլ կարդացվում ներքին դրամատիզմով հագեցված Հայկական հարցի վերաբերյալ նրա «Գլադստոն» եւ «Հայոց հարցի վավերագրերը» աշխատությունները, բազմաթիվ հոդվածները, որոնցում ցույց է տրվում, որ մեծ տերությունները նպատակ էին հետամտում բոլոր միջոցներով կանխել 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակների հաղթանակին համապատասխան Ռուսաստանի քաղաքական եւ դիվանագիտական վերընթացը: Վավերագրերի եւ համոզիչ տրամաբանության լեզվով Լեոն ընթերցողի առջեւ բացում է աշխարհի վերաբաժանման, նոր գաղութների նվաճման համար գոտեմարտի բռնված եվրոպական տերությունների հանցավոր դիվանագիտության խարդավանքները Հայկական հարցում: Լեոն բարձրացնում է վարագույրն այն նենգությունների, որոնցով տերությունները 1890-ական եւ 1910-ական թվականներին արեւմտահայությանը ոչ միայն չպաշտպանեցին թուրքական բարբարոսներից, այլեւ անմիջական մասնակիցը դարձան Հայոց ցեղասպանության իրականացմանը: Անշուշտ, Լեոն եւս ունեցել է արեւմտյան դիվանագիտության հայանպաստ խոստումները դյուրահավատորեն ընկալելու` ժամանակի հայ հասարակական մտքի շատ ներկայացուցիչներին ուղեկցող թուլությունը: Նա ավելորդ ներբողներ է շռայլել անգլիական լիբերալիզմի պարագլուխ Գլադստոնին` նրան համարելով «մարդասեր, տանջվածների պաշտպան, ազգերի եղբայրության հզոր ախոյան» եւ այլն: Սակայն, ի պատիվ իրեն, հետագայում նա Գլադստոնին բնութագրեց այնպես, ինչպիսի իրականում կար: Չորս անգամ Անգլիայի վարչապետի պաշտոնին տիրացած Գլադստոնին նա բնութագրեց որպես մոլի իմպերիալիստի, գաղութային քաղաքականության հմուտ գործադրողի ու ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարի թշնամու: 1925 թ. «Անցյալից» աշխատության մեջ Լեոն գրում է. «1880-ական թվականների Գլադսոնի փորձը պետք է լավ խրատած լիներ հայկական երեխայությանը, պարզ ցույց տալով նրան, որ Անգլիան Անգլիա է, եւ ոչ մի նշանակություն չունի, թե ով է այսօր նրա առաջին մարդը: Գլադսոն, Սոլսբերի, Բիկոնսֆիլդ,- որոնք անուններ են փոփոխական, հեղհեղուկ, անկայուն: Անփոփոխը անգլիական արշինն է եւ նրա ծառա ու սպասավոր ամենքը, անգամ «մարդասերները», մեծ լինեն նրանք, թե փոքր-միեւնույնն է»: Հայկական հարցի նկատմամբ ագլիական քաղաքականության ողջ գործընթացի վերաբերյալ Լեոն ընդհանրացել է. «Բայց ոչինչ եւ ոչ մի բան չէր լուծվում: Լոնդոնը Լոնդոն էր մնում` համաշխարհային գիշատիչ բանկ, իսկ Մուշի դաշտը` լլկանքների, լացի ու աղետի դասական հայրենիք»:
Լեոն ցասումնալից արտահայտություններով է բնութագրել ոչ միայն Անգլիայի, այլեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մյուս մեծ տերությունների հակահայկական քաղաքականությունը: Անդրադառնալով Կ.Պոլսի հայկական կոտորածներին` Լեոն գրել է. «Կոտորածի մյուս օրը, երբ Կ. Պոլսի փողոցները դեռ կարմրած էին հայի արյունից, Վիլհելմ կայսրն Աբդուլ Համիդին ընծա էր ուղարկում իր պատկերը, զարդարված թանկագին քարերով»: Ըստ Լեոյի, մեծ տերությունների հայկական քաղաքականության արդյունքն այն եղավ, որ «այժմ Թուրքաց Հայաստան չկա: Նա դարձել է մի վիթխարի գերեզման, որի վրա հավերժապես արձանագրված է. «Եվրոպայի զոհը»: Լեոյի աշխարհայացքը բարդ էր ու հակասական: Խորհրդային շրջանում գրած մի քանի աշխատություններում («Խոջայական կապիտալը եւ նրա քաղաքական-հասարակական դերը հայերի մեջ», «Թուրքաց հեղափոխության գաղափարաբանությունը» եւ այլն) Լեոն բացասական վերաբերմունք էր հանդես բերում դեպի հայերի ռուսական կողմնորոշումը, հայ ազատագրական շարժման գաղափարաբանությունը եւ նրա գործիչները` տրամագծորեն հակադիր մինչխորհրդային ժամանակաշրջանում իր դավանած դրական սկզբունքներին: Սակայն, անգամ իրարամերժ տեսակետների արտահայտման պայմաններում, մեծ գիտնականի նրա տիրապետող գաղափարը զգայուն էր հայության համազգայյին ճակատագրին առնչվող քաղաքական կացությունները գնահատելիս: Նրա բոլոր պատմագիտական աշխատությունների գլխավոր լեյտմոտիվը մեկն է` անցյալի էջերում, անցյալի փորձի մեջ որոնել ազգի ազատագրության եւ ապահովության ամենից հուսադրող ուղիների բանալին: Պատահական չէ, որ ինչքան էլ նրա միտքն ակոսեր պոզիտիվ իրականության եւ իդեալիստական երեւակայության սահմանները, աչք փակեր պատմական իրողությունների առջեւ ու խտացներ ռուսական ցարիզմի «խարդախ» քաղաքականության գույները, պատմական դետերմինիզմի դիրքերից ելնելով հարկադրված էր ընդունել, որ «եսամոլ ու շահամոլ» ռուսական նվաճողականությունը այնուամենայնիվ «նման չէր նախորդներին գեթ նրանով, որ անապատի ամայություն չէր բերում երկրներին եւ կոտորած ու ավերում` նրա բնակիչներին»: Սա նշանակում է, որ Լեո պատմաբանը, քաղաքական հայագետը շարունակում էր ունենալ այն խոր գիտակցությունը, որ ձգտելով գրավել Մերձավոր Արեւելքի որոշ տարածքներ, ջանալով դրանց ենթարկել իր ցարական վարչակարգին, Ռուսաստանը կայսրությանը միացված տարածքները ակամա ներգրավում էր կայսրության հզոր շարժումների մեջ` հնարավորություն տալով հաղորդակցվելու առաջադիմական շարժումներին եւ եվրոպական մշակույթին:
Այսպես էին մտածում Լեոյին նախորդած եւ նրան ժամանակակից բոլոր հայ մեծերը: