Տարագիր սպարապետը.ԴՐՈ

Դրաստամատ Մարտիրոսի Կանայան (Դրո) (1884թ. Մայիսի 31, Իգդիր – 1956թ. Մարտի 8, Բոստոն), Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար (լրիվ գեներալ), ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար (1920 թ.), Առաջին Հանրապետության հիմնադիրներից:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն, նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ նացիստական Գերմանիայի զինված ուժերի կազմում ստեղծված Հայկական լեգեոնի հրամանատար։

Ծնվել է 1884 թ.՝ այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում գտնվող Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում։ Դրոյի հայրը՝ Մարտիրոս Կանայան, բնութագրվել է որպես խելացի, ուժեղ կամքով, հարուստ, ազդեցիկ և ժողովուրդի մեջ հարգանք վայելող մարդ։ Իր մեծ տան մեջ հյուրերը անպակաս էին և հայկական շունչ ու ոգի կար նրա հարկի տակ։ Դրոն մեծանում է այս մթնոլորտում։ Նա սիրում էր թափառել դաշտերում, մանավանդ՝ զորանոցների շրջակայքում, որտեղ ընթացող զինվորական մարզանքները հափշտակում էին նրան։ Վաղ տարիքում հայրը նրան տալիս է Իգդիրի (Սուրմալու) ծխական դպրոց։ Սակայն Դրոն չի ցուցաբերում հետաքրքրություն գրքերի և սովորելու նկատմամբ։

Դրոն փախչում էր դպրոցից Իգդիրի ռազմական զորանոցների մոտ թափառելու նպատակով, և նրա հետաքրքրությունները ռազմական արվեստի նկատմամբ գալիս է հենց այդտեղից։ Մարտիրոս Կանայանը նրան հանում է գյուղական դպրոցից և տեղափոխում Երևան՝ գիմնազիա-դպրոց։ Ոգեշնչված հայ ֆիդայինների հաղթանակներով և Դաշնակցության ազգային գաղափարներով՝ Դրաստամատ Կանայանը դպրոցում ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ։ Երիտասարդ տարիքից անդամակցում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը։

1914 թ-ին Առաջին աշխարհամարտի առաջին օրերին Դրոն տեղափոխվում է Թիֆլիս, ուր Հայ Յեղափոխական Դաշնակցության ժողովի որոշմամաբ հայ կամավորական խմբերը ուղարկվում էն ռազմաճակատ։ Հայկական գնդերը առաջապահ դիրքերի վրա էին։ Դրոն 2-րդ գնդի հրամանատարն էր, (ուղղությունը Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան)։ Կռվի թեժ պահին, երբ Դրոն հրամաններ էր տալիս իր մարտիկներին, հանկարծ ժայռերի ետևից դարանակալ թշնամու գնդակը հարվածում է Դրոի կրծքին։ Մահացու վերքի պատճառով նա տեղափոխվում է Թիֆլիսի զինվորական հիվանդանոցը, Դրոի սխրագործությունների մասին տեղեկանալով նրան է այցելում Նիկոլայ ցարը պարգևատրում շքանշանով ու հարցնում Դրոյին, թե որտե՞ղ է սովորել զինվորական արուեստը. «Յեղափոխության մեջ», համարձակորեն պատասխանում է Դրոն։ (Այդ ընթացքում Դրոի գունդը Արմեն Գարոի ղեկավարությանբ տալիս է 11 ճակատամարտ Ալաշկերտի, Շատախի, Մալաշկերտի մոտ, մինչև Դրոն վերականգնվում է)։

1915 թ-ին, կամավորական զորագնդի գլուխ անցած՝ Դրոն մտնում է Վան։ Նրա կողմից իրականացված բոլոր մարտերը ունենում են փայլուն ելքեր։

Դրոն արդեն մեծ հեղինակություն ուներ որպես հրամանատար օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակներով։ 1918 թ մարտին Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակվել է Հայոց բանակայի կորպուսի ռազմական կոմիսար։
Բաշ-Ապարանի ճակատամարտ
1918 թ մայիսի 23-27-ը Դրոն ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Ապարանի ճակատամարտը հիրավի Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։
Հայաստանի անկախության հռչակումից հետո Դրոն ձեռնամուխ եղավ հայկական բանակի կազմավորմանը։ Սակայն նրա վաստակը անուրանալի է հատկապես երկրի ներքաղաքական կյանքի կայունացման գործում։ Դրոն ստեղծեց հատուկ հարվածային խումբ, որի նպատակը մաուզերիզմի դեմ պայքարն էր։ Դրոն կարճ ժամանակամիջոցում կարողացավ խիստ միջոցներով արմատախիլ անել մաուզերիզմը Հայաստանում և երկրում կարգ ու կանոն հաստատել։

1920 թ աշնանը՝ Սիմոն Վրացյանի վարչապետության օրոք, Դրաստամատ Կանայանը ստանձնեց ռազմական նախարարի պաշտոնը։ Այդ ժամանակ Դրոն առանձնանում էր ռուսամետ կեցվածքով։ Նա գտնում էր, որ Հայ-թուրքական պատերազմի պայմաններում միակ ճիշտ քայլը՝Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելն է, ինչը չէր հասկանում դաշնակցական կառավարությունը։ Այսպիսի իրավիճակում Դրոն հանգեց խորհրդայնացման մտքին։

Կարմիր բանակի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետությունը ռազմակալելուց հետո Դրոն՝ կառավարել է Հայաստանը 1920 թ-ի դեկտեմբերի 2-ից մինչև Հայաստան կժամաներ Հայհեղկոմը; Դրոին ժողովուրդը չափազանց շատ եր սիրում և բոլշեվիկները որոշ ժամանակ պիտի հանդուրժեին նրա ներկայությունը;

Նախարարապետ Վրացյան. «Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր 1920-թ. դեկտեմբերի երկուսի նիստում որոշեց, հրաժարվել իշխանությունից և հանձնել զինվորական և քաղաքացիական բովանդակ իշխանությունը, զորաբանակի ընդհանուր հրամանատարին որպիսի պաշտոնում նշանակել ռազմական նախարար Դրոին»։

Երբ Երևան ժամանեց Հայհեղկոմը, սկսվեցին բռնությունները բնակչության դեմ։ Դրոն միակն էր, որ ըմբոստացավ և ընդդիմացավ հայ բոլշևիկների գործելակերպին։

1921 թ հունվարին Դրոն աքսորվում է Մոսկվա, որտեղ և մնում է 4 տարի։ 1925 թ-ին, Դրոին հաջողվում է անցնել Փարիզ և ապա՝ Ռումինիա։ 1933 թ-ին, Հ.Յ.Դաշնակցության 12-րդ Ընդհանուր ժողովը նրան ցմահ ընտրում է կուսակցության գերագույն ղեկավարության մեջ։
1918 թ-ին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր։ Վիճակը բարելավվել է, երբ Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) Թուրքիան պարտություն է կրել և սկսել հեռանալ Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից։ Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն է ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թ-ի դեկտեմբերի կեսերին վերածվել է հայ-վրացական պատերազմի։ ՀՀ կառավարությունը հենց Դրոյին վստահեց հայկական բանակի հրամանատարությունն ու հանձնարարեց Լոռին մաքրել վրացիներից։ Շուրջ մեկ ամիս տևած պատերազմի ընթացքում հայկական զորքերը Դրոի առաջնորդությանբ ջախջախեցին վրացական զորքերին, դրոն մաքրեց Լոռին վրացիներից և պատրաստվեց շարժվել Թիֆլիսի վրա։ Հայկական գրոհը կասեցվեց միայն անգլիական դիվանագիտական ճնշման տակ։ Հաշվի առնվեց նաև որ Թբիլիսին հնուց ի վեր մեծամասամբ եղել է բնակեցված հայերով։
1919-ի դեկտեմբերի կեսերին 600 զինվորով Գորիս է հասնում Զանգեզուր-Ղարաբաղի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատարությունը ստանձնած Դրոն։ Կարճ ժամանակում՝ մինչև հունվարի 19-ը, ողջ Զանգեզուրն ազատագրվում է, Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին Յապոնի, Նժդեհի, տաթևացի Վարդանի, Արտեմ Խանզատյանի և մյուս հրամանատարների առաջնորդած մարտական ուժերը; Դրոն փաստորեն իր ավարտին հասցրեց Անդրանիկի կիսատ թողած գործը։

Հերթը Արցախինն էր, որը ժամանակ շահելու և նոր արյունահեղությունից խուսափելու համար 1919-ի օգոստոսին կայացած Արցախահայության յոթերորդ համագումարում որոշել էր, մինչև Փարիզի հաշտության վեհաժողովում հարցի վերջնական լուծումը, ժամանակավորապես ընդունել Ադրբեջանի իշխանությունը։ «Ռումբը պայթում է» 1920-ի մարտի 22-ի երեկոյան՝ մահմեդական Նովրուզ-Բայրամի օրը։ Թեժ մարտեր են ընթանում հատկապես Վարանդայում, Ասկերանի ճակատում և Տումի-Խծաբերդի ու Մսուրմանլարի շրջանում։ Ասկերանի բերդի կռիվները տևում են 18 օր. մոտ 500 հայեր՝ 3500-4000 հոգուց բաղկացած կանոնավոր զորքի դեմ։ Թուրք-թաթարական ուժերը Ասկերանը գրավելուց հետո սկսեցին Շուշվա կոտորածը։ Երեք օր ու գիշեր քաղաքի հայկական մասը հրդեհների մեջ էր։ «Մշակ» թերթի 1920 թ մայիս 9-ի համարում Մարիետա Շահինյանը վկայում է, որ այդ օրերին այրվել է 7000 տուն, սպանվել 12000 հայ։

Այս արյունահեղությունը Հայաստանի կառավարությանը հարկադրում է օգնության ձեռք մեկնել։ Ապրիլի 14-ին Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի։ Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն։ Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր։ 1920-ի ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս»։ Հատված Դրոյի Ղարաբաղի «հայ ազգաբնակչությանը» ուղղած կոչից. ապրիլի 26, 1920 թվական. Ես եկել եմ այն համոզումով և հաստատ որոշումով, որ հենված ձեր վճռականության վրա և միացած ձեր քաջարի զինվորներին, պետք է հաղթենք թշնամուն։ Ես վճռել եմ մնալ ձեր մեջ, կռվել ձեզ հետ և ազատությունն ու հաղթանակը տոնել այստեղ։։

Դրոյի փայփայած երազը, տարաբախտաբար, չի իրականանում։ Ապրիլի 28-ին Ադրբեջանում հռչակվում է խորհրդային իշխանություն։ Հաջորդ օրը դիմակափոխված մուսաֆաթականները վերջնագիր են ներկայացնում՝ զորքերն Արցախից դուրս բերելու պահանջով, հակառակ պարագայում՝ կարմիր բանակի օգնությամբ վռնդելու սպառնալիքով։ Մայիսի 5-ին Դրոյի հետ բանակցելու համար Արցախ են ժամանում 11-րդ կարմիր բանակի ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սերգո Օրջոնիկիձեի ներկայացուցիչներ Սահակ Տեր-Գաբրիելյանն ու Լևանդովսկին, մայիսի 12-ին կարմիր բանակի մի զորագունդ մտնում է Շուշի։ Մայիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության զորքերը կառավարության հրամանով թողեցին Արցախը։ Այսպես՝ բոլշևիկների ճնշման տակ Արցախի ազատագրումը հետաձգվում է 70 տարով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դրոն ձերբակալվել է, բայց շուտով ազատ է արձակվել։ Հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ շարունակվել է զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ, հայկական հարցի լուծման համար։ Այնուհետև հաստատվել է հայաշատ Լիբանանում։ Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ։

Դրոն մահացել է 1956 թ մարտի 8-ին. նրա վերջին խոսքերն էին. «ախ մեգել երգիրս տեսնեի» բառերը։

Մարմինը հողին է հանձնվել Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 29-ին վերահուղարկավորվել է Ապարանի Ճակատամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։