Մեծ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԸ . Գաբրիել Սունդուկյան
Գաբրիել Սունդուկյանը ծնվել է առևտրականի ընտանիքում: Մանկուց զրկվել է հորից: 1832–38 թթ-ին սովորել է հայտնի հայագետ Հակոբ Շահան-Ջրպետյանի դպրոցում, 1838–40 թթ-ին՝ Արզանյանների, ապա՝ Խաչատուր Աբովյանի մասնավոր պանսիոններում, 1840–46 թթ-ին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: 1852 թ-ին Սունդուկյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը` թեկնածուի գիտական աստիճանով: Վերադարձել է Թիֆլիս, կարճ ժամանակ պաշտոնավարել Ներսիսյան դպրոցում:
Գաղափարական հայացքների պատճառով 1853 թ-ին փոխարքայի հրամանով նրան արտաքսել են Դերբենդ: 1858 թ-ին ստացել է Թիֆլիս վերադառնալու թույլտվություն և մինչև դարավերջ աշխատել է Կովկասի երկաթուղային վարչությունում՝ որպես տնտեսական մասի ղեկավար:
Սունդուկյանի գրական-թատերական գործունեությունը զուգադիպել է Այսրկովկասում կապիտալիզմի սկզբնավորման, սոցիալ-տնտեսական բարդ ու հակասական ժամանակաշրջանին, որն էլ ճշգրտորեն արտացոլվել է նրա պիեսներում: Նա առաջինն է դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, ներկայացրել հասարակության ստորին խավերին, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը, արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ ճնշված վիճակի, հայրերի ու որդիների փոխհարաբերության և այլ հարցեր, նախանշել հայ դրամատուրգիայի հետագա առաջընթացի ուղիներ:
Սունդուկյանի առաջին գործը «Գիշերվան սաբրը խեր է» (1863 թ.) վոդևիլն է: Հետագա տարիներին գրել է «Պեպո» (1876 թ.), «Խաթաբալա» (1881 թ.), «Քանդած օջախ» (1882 թ.), «Էլի մեկ զոհ» (1884 թ.), «Ամուսիններ» (1888 թ., գրական լեզվով միակ երկը), «Սեր և ազատություն» (1909 թ.), «Կտակ» (1912 թ.) և այլ կատակերգություններ, «Բաղնըսի բողչա» (1889 թ.), «Օսկան Պետրովիչը էն կինքումը» (1899 թ.), «Եվայլն կամ Նոր Դիոգինես» (1907 թ.) վոդևիլները:
Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871 թ-ի ապրիլի 30-ը: Այդ օրը Թիֆլիսի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է «Պեպոն». Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր:
Ի դեմս ձկնորս Պեպոյի և նրա շրջապատի մարդկանց (Շուշան, Կեկել, Գիքո, Կակուլի)` Սունդուկյանը թատրոն է բերել «հալալ» աշխատանքով մի կերպ գոյատևող հասարակ աշխատավորների կերպարներ, որոնց համար խիղճը, վեհանձնությունը, բարությունը բարոյական անսակարկելի հատկանիշներ են: Պեպոն, որն իր միջավայրի ծնունդն է, իր խավի հոգեբանության կրողը, որին անհասկանալի են Զիմզիմովի և նրա նմանների անազնիվ արարքները, ի վերջո «դատ» է սկսում ուրիշի աշխատանքը յուրացնողների դեմ՝ պաշտպանելու իր ոտնահարված արժանապատվությունը, արդարությունն ու ճշմարտությունը:
«Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է և հայ թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի և Նոր Նախիջևանի բարբառի:
Սունդուկյանի մյուս կատակերգությունները նույնպես ունեն սոցիալական մեծ հնչողություն:
«Խաթաբալա» կատակերգության մեջ վաճառական-վաշխառուի՝ Զամբախովի ռեալիստական կերպարով հեղինակը ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, փողի թագավորությունը. ամենուր կեղծիք է ու խաբեություն, ամեն ինչ ապրանք է, այդ թվում՝ մարդը:
«Էլի մեկ զոհ» պիեսի հերոսուհին՝ լուսամիտ, ազնվահոգի, բարեկիրթ մի աղջիկ՝ Անանին, ընդվզում է շրջապատի ու հարազատ ընտանիքի դեմ՝ հանուն ճշմարտության, հանուն իր ու Միքայելի մաքուր և անկեղծ սիրո, սակայն նրա բողոքն անարձագանք է մնում:
«Քանդած օջախ» կատակերգությունը մի ընտանիքի կործանման պատմություն է. Սունդուկյանը ներկայացնում է դաժան մրցակցությունը, որտեղ թույլերը կուլ են գնում ուժեղներին, ժամանակակից ընտանեկան բարքերը, արևմտյան մշակույթն ու ապրելակերպը կապկելու կործանարար հետևանքները, հրապարակ հանում երիտասարդ սերնդի բարոյական անկման ցավոտ խնդիրը:
Արժեքավոր են նաև Սունդուկյանի արձակ գործերը: Միակ՝ «Վարինկի վեչեր» (1877 թ., «Մշակ») պատմվածքում պատկերել է աշխատավոր խավի իրական կյանքը, «Համալի մասլահաթնիրը» (1871–76 թթ., «Մշակ») և «Հադիդի մասլահաթնիրը» (1882–86 թթ., «Արձագանք») հրապարակախոսական-երգիծական ֆելիետոններում շոշափել է հասարակական, սոցիալական ու կենցաղային հարցեր, «Իմ մահն ու թաղումը» (1911 թ., «Մշակ») գործում համերաշխության, եղբայրության ու մարդասիրության կոչ է արել Կովկասի ժողովուրդներին:
Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով:
Սունդուկյանը ճանաչված հասարակական գործիչ էր, հայկական բարեգործական և թատերական ընկերությունների երախտավորներից, եղել է Թիֆլիսի պատվավոր քաղաքացի, Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներից: Նամակագրական կապ է ունեցել Վիկտոր Հյուգոյի, Վիկտորիեն Սարդուի, Ալեքսանդր Դյումա-որդու հետ: Սունդուկյանի պիեսները թարգմանվել ու բեմադրվել են նաև ռուսական, վրացական և այլ թատրոններում (վրացերեն թարգմանությունները կատարել է ինքը):
Սունդուկյանն ստեղծել է իր՝ սունդուկյանական թատրոնը, որտեղ փայլել են հայ բեմի նշանավոր վարպետներ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Գրիգոր Ավետյանը, Օլգա Գուլազյանը, Ավետ Ավետիսյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը և ուրիշներ:
Սունդուկյանի պիեսների հիման վրա նկարահանվել են «Պեպո» (1935 թ.), «Խաթաբալա» (1971 թ., երկուսն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:
Սունդուկյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ ՀՀ-ում, Երևանի ազգային ակադեմիական թատրոնը, որի բակում տեղադրված են դրամատուրգի կիսանդրին (1972 թ.) և Պեպոյի արձանը (1975 թ., քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան):
«Ազգիս շարավոր վերքը լվանալ,
Լիրբ մեծատունին անվախ ապտակել,
Գոհարով ծածկած կեղտերը բանալ,
Կեղծավորների դիմակը պոկել,
Ու խեղճ կինտոյին դընել մարդու շար՝
Այս ամեն զորեց միայն քո՜ հանճար»:
Ռափայել Պատկանյանը՝ Գաբրիել Սունդուկյանի մասին
«…Ու անվերջ էն Մեծ Պեպոն (Սունդուկյանը), կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած՝ իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա.– Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած… Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար»:
Հովհաննես Թումանյան
«Աշխարհիս մեջ քիչ գրագետ կա, որ Սունդուկյանին չափ զուտ անխառն, իրապաշտ եղած ըլլա. իր մեջ ոչ մեկ հետք ռոմանտիզմի, ոչ մեկ ջանք իրականությունը շտկռտելու, ոսկեզօծելու, ոչ մեկ փափագ տարօրինակ, խորհրդավոր կացություններ ու էակներ ստեղծելու: Սունդուկյանը նստած է կյանքին դիմացը … զայն դիտած ու տեսած է ինչպես որ է ան, և վերարտադրած է իր գործին մեջ»:
Արշակ Չոպանյան
Երկերի մատենագիտություն
- Գիշերվան սաբրը խէր է, Թիֆլիս, 1866։
- Խաթաբալա, Թիֆլիս, 1867, 54 էջ։
- Պէպօ, Թիֆլիս, 1876, 124 էջ։
- Խաթաբալա, Թիֆլիս, 1881, 144 էջ[5]։
- Քանդած օջախ, Թիֆլիս, 1882, 132 էջ[6]։
- Էլի մէկ զօհ, Թիֆլիս, 1884, 160 էջ։
- Ամուսիններ, Թիֆլիս, 1893, 180 էջ։
- Ամուսիններ, Թիֆլիս, 1896, 188 էջ։
- Պէպօ, Թիֆլիս, 1901, 124 էջ։
- Էլի մէկ զօհ, Թիֆլիս, 1902, 164 էջ։
- Պէպօ, Թիֆլիս, 1903, 124 էջ։
- Խաթաբալա, Թիֆլիս, 1904, 154 էջ։
- Պէպօ, Թիֆլիս, 1904, 124 էջ։
- Ամուսիններ, Թիֆլիս, 1905, 180 էջ։
- Քանդուած օջախ, Թիֆլիս, 1905, 136 էջ։
- Եւայլն կամ նոր Դիոգինէս, Թիֆլիս, 1907, 68 էջ։
- Սէր և ազատութիւն, Թիֆլիս, 1910, 132 էջ։
- Համալի մասլահաթնիրը։ Թերթօններ, Թիֆլիս, 1912, 94 էջ։
- Անդունդին մէջէն։ Համալ, Կ. Պոլիս, 1914, 176 էջ։
- Պէպօ, Թիֆլիս, 1920, 124 էջ։
- Պէպօ, Յերևան, 1933, 148 էջ։
- Յերկերի լիակատար ժողովածու. Կատակերգություններ, Արձակ երկեր, Նամակներ, Յերևան, 1934, 548 էջ։
- Ընտիր յերկեր, Յերևան, 1938, 236 էջ։
- Պեպո, Երևան, 1950, 164 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1. Պիեսներ, Վարիանտներ, Երևան, 1951, 592 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Պեպո, Քանդած օջախ, Ամուսիններ, Բաղնիսի բողջա, Վարիանտներ, Երևան, 1951, 636 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Պիեսներ, Արձակ երկեր, Թարգմանություններ, Նամակներ, Վարիանտներ, Երևան, 1952, 716 էջ։
- Պէպօ, Վենետիկ, 1960, 104 էջ[7]։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Նամակներ, Հոդվածներ, Հեռագրեր, Արձակ, Չափածո, Երևան, 1961, 728 էջ։
- Պեպո, Երևան, 1971, 140 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Գիշերվա սաբրը խեր է, Խաթաբալա, Օսկան Պետովիչն էն կինքումը, Եվ այլն կամ Նոր Դիոգենես, Էլի մեկ զոհ, Երևան, 1973, 344 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Պիեսներ, Երևան, 1974, 380 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Պիեսներ, Արձակ երկեր, Թարգմանություններ, Երևան, 1975, 432 էջ։
- Հատընտիր, Երևան, 1976, 384 էջ։
- Երկեր, Երևան, 1980, 365 էջ։
- Երկեր. Գիշերվան սաբրը խեր է, Օսկան Պետրովիչը էն կինքումը, Խաթաբալա, Եվայլն կամ նոր Դիոգենես, Պեպո, Էլի մեկ զոհ, Քանդած օջախ, Ամուսիններ, Բաղնըսի բոխչա, Սեր և ազատություն, Վարինկի վեչերը, Իմ մահն ու թաղումը, Երևան, 1984, 872 էջ։
- Պեպո, Երևան, 1985։
- Ընտրանի, Երևան, 2001, 172 էջ։
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 272 էջ[8]։
Գրականություն
- Հայկ Գյուլիքեվխյան, Գաբրիել Սունդուկյան, Երևան, Հայպետհրատ, 1944, 84 էջ։
- Հարությունյան Ս., Գաբրիել Սունդուկյան, Ե., 1960։
- Վահրամ Թերզիբաշյան, Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Ե., 1964։
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 3, Երևան, 1964, էջ 171-226։
- Գևորգ Աբով, Գաբրիել Սունդուկյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1953, 452 էջ։
- Բոնդո Արվելաձե, Գաբրիել Սունդուկյանը և վրաց իրականությունը, Երևան, «Հայաստան», 1976, 88 էջ (թարգմ.՝ Հրաչյա Բայրամյան)։
- Տիգրան Կարապետյան, Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե., «Հայաստան», 1976, 106 էջ։
- Կենսամատենագիտական ցանկ, Ե., 1976։
- Ասմարյան Լևոն, Գաբրիել Սունդուկյան, կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1980։
- Գաբրիել Սունդուկյան. 1825-1912։