Հայ գրականության միայնակ հոգին․ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ
Հայ նշանավոր գրող Կոստան Զարյանը ծնվել է 1885 թվականի փետրվարի 2-ի Շամախի քաղաքում: 1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Զարյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվում է ռուսական գիմնազիա: Մի քանի տարի անց ավագ եղբայրը նրան տանում է Փարիզ և տեղավորում Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանը մեկնում Բելգիա ուսումը շարունակելու նպատակով: Այստեղ նա ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1910-1913 թվականներին Զարյանն ապրում է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սկսում է սովորել հայերեն: Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրում և հրատարակում է տարբեր լեզուներով` իտալերեն, ֆրանսերեն և այլն: Իր առաջին գիրքը` «Երեք երգերը», գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին): Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտորինո Ռեսպիգին ստեղծում է սիմֆոնիա: Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկում, որից Կոստան Զարյանը հրաժարվում է: 1920-ական թվականներին Հայոց եղեռնից մազապուրծ եղած Կոստան Զարյանը Շահան Պերպերյանի հետ համատեղ լծվում է «Բարձրավանք» հանդեսի հրատարակմանը: 1922 թվականին Պոլսում լույս է տեսնում Զարյանի հայերենով առաջին գիրքը` «Օրերի պսակը»: Նույն թվականի աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվում է Երևանում: Սակայն Խորհրդային Միության ազգակործան քաղաքականության պատճառով 1924 թվականին Զարյանը կրկին մեկնում է Եվրոպա, լինում Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում: Հենց այդ ճանապարհին էլ հղանում է «Երկիրներ և Աստվածներ» շարքը, որը, ըստ էության, Զարյանի նոթերի ամբողջությունն է: Առաջին գրքում, որտեղ Զարյանը ներկայացնում է Իսպանիայից ստացած իր տպավորությունները («Սպանիա»), ըստ էության, շարադրված է մշակույթի փիլիսոփայություն: Սպանիան նմանեցնելով Հայաստանին` Զարյանը ցույց է տալիս, թե ժամանակակից ժգնաժամային իրականության պայմաններում ինչպես կարող է պահպանվել մարդը: Երկրորդ գիրքը, որը վերնագրված է «Միացյալ Նահանգներ», ներկայացնում է ամերիկյան «քաղաքակրթությունը», որը միտում ունի տարածվել ողջ աշխարհում: Դեռևս անցյալ դարի 20-ական թվականներին, երբ մտավորականների զգալի մասն ապրում էր “Viva America” նշանաբանով, Կոստան Զարյանը տեսնում էր ամերիկյան ապրելակերպի` աշխարհի համար հնարավոր վտանգի եղելությունը: Այնուամենայնիվ, Զարյանը կրկին վերադառնում է Հայաստան և մինչև կյանքի վերջն ապրում Երևանում: Այստեղ քչերն են կարողանում կյանքի օրոք հասկանալ և գնահատել Կոստան Զարյանին: Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն:
Մահացել է 1969 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում:
Կոստան Զարյան | Նավը լեռան վրա | համառոտ
Վեպում պատկերված է 1918-20 թթ. Հայաստանը` հայերի պայքարը թուրքերի դեմ, Սարդարապատի ճակատամարտը, Դաշնակցական Հայաստանի կամ Առաջին Հանրապետության տարիներն ու Հայաստանում սովետական կարգերի հաստատման բարդ ընթացքը։ Այդ ամենի ֆոնի վրա հեռավոր նավարկությունների նավապետ Արա Հերյանը Բաթում քաղաքում նավ է գնում, գնացքով բերում է Հայաստան, այնուհետև եզներով քաշում մինչև Քանաքեռ, որտեղ ամենատարբեր պատճառներով նավը երկար ժամանակ կանգնած է մնում։
Նավը մտահղացված է որպես ընթացքի, շարժման և զարգացման խորհրդանիշ, իսկ լեռը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Նավը լեռը բարձրացնելը՝ Սևան հասցնելը, խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, ինչպես նաև հոգևոր Հայաստանի երազանքը, որը անքակտելի է պետականություն ունեցող Հայաստանի գաղափարից։
Վեպի առաջին տարբերակում Հերյանին այդպես էլ չի հաջողվում նավը հասցնել Սևան, սակայն վեպի երկրորդ տարբերակում իշխանության եկած կոմունիստները Հերյանին օգնում են նավը հասցնել Սևան։
Ցարական նախկին սպա Միշա Թումանյանը, որի կերպարը տրված է Հերյանի կերպարին զուգահեռ, նույնպես նավապետ է, սակայն նա, ի տարբերություն Հերյանի, տեղում նավ է կառուցել և նավարկում է Սևանա լճում։
Հերյանին հակադրվում է վեպի մեկ այլ գործող անձ ևս: Պետրոս Մարկը, որը վերադարձել է Հայաստան, հայրենասիրության վերաբերյալ ճառեր է արտասանում, բայց նրա «օգնությունը» հայրենի երկրին միայն դրանով է սահմանափակվում։
| Տատրագոմի հարսը | համառոտ
Պոեմը բաղկացած է 5 մասից։ Սանային վաղ տարիքում իր կամքին հակառակ ամուսնացնում են տատրագոմցի Հովանի հետ։ Հարսանիքի ժամանակ լուր է հասնում, որ թուրքերը հարձակվել են հարևան գյուղի վրա. «Աղջիկ են տանում, տավար ու նախիր. դիրքեր բռնեցեք»։ Հովանն անհապաղ միանում է գյուղի պաշտպաններին։
Հաջորդ աշնանը՝ բերքահավաքից հետո, գյուղ են գալիս շեյխի ուղարկած հարկահավաքները և պահանջում են բերքը դիզել ու տանել շեյխին։ Հովանը դժկամ հեռանում է. «Մինչև ե՞րբ պիտի ծռենք մեր վիզը տավարի նման… Բա նամուս չունի՞նք…»: Հարկահավաքները, որ ողջ գիշեր քեֆ են արել գյուղում, առավոտյան հեռանում են՝ տանելով բարձած սայլերն ու տավարը։ Իսկ Հովանը, առանց կնոջը հրաժեշտ տալու, գնում է քահանայի մոտ, հաղորդություն ստանում ու խնդրում, որ հարկ եղած դեպքում օգնեն Սանային. «Սանան չմոռնաք… ինձ համար ընդմիշտ աշխարհ վերջացավ… հայդուկն իր կնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե…»:
Ֆեդայիների խումբը շրջում է Սասունի լեռներում։ Խմբի առջևից քայլում է Մակար ծերունին, նրան հետևում են Սեյտոն, Ռուբենը, Մանուկ Շենըկին, գունաթափ Չոլոն, կռվազան Ախոն, Հարոն, Զավենը և Հովանը։ Վերջինս հաճախ է հիշում կնոջը, սակայն նրա մասին մտածելն անգամ ուխտադրժություն է համարում։
Մի կռվի ժամանակ ֆեդայիները, բազմաթիվ թուրքեր կոտորելով, հեռանում են սարերը։ Զոհվում է միայն Մակար ծերունին։
«Ի՞նչ է Սանան,- ֆեդայու կին, ընդմիշտ մեկնած ողջ մի մարդու դժբախտ այրի, գյուղի ճնշիչ նայվածքի տակ, քայլող մի շուք` մենակություն և հիշատակ»։
Սանան շարունակում է սպասել ամուսնուն և ամեն անցորդի հարցնում, թե լուր չկա արդյոք ֆեդայի Հովանից: Սակայն ոչ ոք ոչինչ չգիտի։ Տարիներ են անցնում, Սանան այևս ոչ ոքի չի հարցնում ամուսնու մասին, ոչ ոք նրա հետ չի խոսում: «Բայց ֆեդայու կնոջ հանդեպ ո՞վ կարող էր նայվածքով իսկ մեղանչել։ Ո՞վ կարող էր հետը խոսել կամ աչքերի միջից քաղել բոց մի դալուկ… գյուղի պատիվ ու հիշատակ շատ սրբագին»:
6 տարի է անցել Հովանի հեռանալուց հետո։ Մի անգամ Սանան միայնակ շրջում է անտառում։ Նրա երգը լսում է մի քուրդ երիտասարդ, որը փախցնում է Սանային։
Գյուղում սուգ ու ցասում է, կանայք անիծում են Սանային, տղամարդիկ մտածում են, թե ինչպես մաքրեն իրենց գյուղի պատիվը, իսկ Սանան երջանիկ է քուրդ երիտասարդի հետ։ Տատրագոմցիները լուր են ուղարկում ֆեդայիներին, որոնք գտնում են քրդին, սպանում են նրան ու տանում Սանային։ Ֆեդայիները Հովանին ստիպում են սպանել Սանային: Ֆեդային կատարում է նրանց պահանջը, որից հետո նետում է արյունոտ սուրն ու խելագարված փախչում է սարերը։